Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑԻՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները կքննարկեն ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցը: Ինչպես հայտնի է՝ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում են, կա՛մ էլ նշումից հետո ջնջված են:

Հիշեցնենք, որ խնդրի շուրջ պարզաբանում տարածեց նաեւ ԼՂՀ պաշտպանական բանակը՝ նշելով, որ կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:
Ավելի ուշ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ, եւ որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության: Թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը, այդպես էլ չմանրամասնվեց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ կատարվածից հետո ԼՂՀ մի շարք զորամասերում ստուգումներ են սկսվել, որպեսզի, ըստ էության, բացառվի ծանոթ-բարեկամի միջոցով կնիք դնելը այն զինվորների գրքույկներում, որոնք ապրիլյան դեպքերին մասնակից չեն եղել: Ավելին՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծված աշխատանքային խումբը ծառայողական քննություն է անցկացրել, որի արդյունքում ԼՂՀ ՊԲ որոշ զորամասի հրամանատարներ ընդամենը նկատողություններ են ստացել:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Սեյրան Սարոյանի հետ:
-Պարո՛ն Սարոյան, տեղյա՞կ եք, որ ապրիլյան պատերազմի մասնակից բազմաթիվ զինվորներ արդեն զորացրվում են, սակայն նրանց զինգրքույկներում ռազմական գործողություններին մասնակցության մասին գրառումները կա՛մ ջնջված են, կա՛մ փոփոխված՝ անվավեր նշումներով:
-Մարդ են, կարող է՝ շեղվել են, թե չէ այդ կնիք…
-Չեն շեղվել, այլ հստակ գրել են, որ անվավեր է: Ի՞նչ նպատակ է հետապնդում, մի՞թե զինվորին այդպես են գնահատում, ո՞վ պետք է պատասխան տա ստեղծված իրավիճակի համար:
-Կտան, բոլորն էլ կտան, բանակն այնպիսի բան է, որ բոլորն էլ կտան, առանց պատասխանատվության չի լինի:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, մի՞թե մեր տղաները այդքան արժանիք չունեն, որ իրենց զինգրքույկներում դրվի կնիք, որ ապրիլյան պատերազմի մասնակից են եղել:
-Արժանի են, եթե չեմ սխալվում՝ ՀՀ պաշտպանության նախարարը սպառիչ այդ հարցի մասին խոսել է: Կարծում եմ, որ խնդիրը շուտափույթ պետք է լուծում գտնի: Չեմ կարծում, որ որեւէ մեկը տղաներից որեւէ մեկին նեղացնելու միտում կամ խնդիր է առաջացնելու:
-Ակնհայտ է, որ խնդիրն առաջացրել են:
-Վստահ եմ, որ հարցը շուտափույթ լուծում կստանա, Ազգային ժողովը դրա հետ կապ չունի, պաշտպանության նախարարությունը զբաղվում է, եւ հարցը շուտափույթ կլուծվի:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք քառօրյա պատերազի մասնակից զինվորների զինգրքույկների գրառումների շուրջ ստեղծված աղմուկը:
-Ես ինքս պատրաստվում եմ հանձնաժողովում այդ հարցը բարձրացնել: Իմ կարծիքով՝ իրողություն է այս պահին, որ գրքույկներում այդ կնիքը չի խփվել, ու կան ակնհայտ դեպքեր ու փաստեր: Անգամ մեկ փաստը կարելի է համարել բացթողում: Ավելին՝ դա չեմ համարի բացթողում, այլ բառիս բուն իմաստով՝ պաշտոնական անփութություն: Կարծում եմ, որ մինչեւ այս պետք է լինեին գոնե մարդիկ, որոնք պատասխանատվության են ենթարկվել այդ ամենի համար, ինչը այսօր չենք տեսնում: Հայտարարությունները այսօր ոչինչ չեն տալիս, քանի որ դրանք միայն քաղաքական հայտարարություններ են: Իրավական գործընթաց է պետք սկսել:
-Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը, զինվորներին ինչ-ինչ արտոնություններից զրկե՞լ, թե՞ այլ խնդիր կա:
-Չեմ ցանկանում գնալ այլ տեղեր եւ ուզենալ այլ նպատակներից խոսել, քանի որ նույնիսկ չեմ բացառում, որ անփութություն էլ եղած կլինի, բայց դա ոչ մի արդարացում չունի, եւ ավելի վատ է, որ անփութություն է եղել: Նման հարցերում նման անփութություն, որ բերում է մեզ նման վիճակի, դա նաեւ առնչվում է մարտունակությանը եւ մարդկանց մոտիվացիային, անթույլատրելի եմ համարում: Սա շատ ծանր հանցանք է: Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել եւ ինչ-որ բան ասել, բայց եթե առաջիկայում շատ հստակ հրամաններ, իրավական գործառույթներ չլինեն, ապա մենք մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու: Ես՝ որպես հանձնաժողովի անդամ, որպես ԱԺ պատգամավոր, հետամուտ կլինեմ, որ խնդիրը մինչեւ վերջ լուծվի:
Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը թեմայի մասին տեղեկություն չունեին, ուստի որեւէ կերպ չմեկնաբանեցին խնդիրը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՀԵՌԱՑՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ
Ինչպես հայտնի է՝ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել էր մի շարք օտարերկրյա քաղաքացիներին կեղծ դիպլոմներ տրամադրելու քրեական գործ: «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր եւս մեկ նմանօրինակ դեպքի: 2016թ. նոյեմբերի 28-ին քաղաքացի Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ցանկացել է ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ: Եւ իր նպատակը իրագործելու համար դիմել է Տերնոպոլի ազգային-պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանին, որպեսզի նա օգնի ձեռք բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ: Ռ. Մխիթարյանը համաձայնել է օգնել Շ. Հովհաննիսյանին՝ նրանից պահանջելով 600 հազար դրամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Տերնոպոլի ազգային-պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը հայտնեց, որ 4 տարի առաջ Ռ. Մխիթարյանը իր սեփական դիմումի համաձայն հեռացել է բուհից: Մեր այն հարցին, թե ինչ պատճառներով, վերջինս ասաց, որ Ռ. Մխիթարյանի անվան հետ կապված տարբեր տեղեկություններ են լսել, որից հետո խոսել են նրա հետ, խորհուրդ տվել դիմում գրել ու հեռանալ բուհից:

 

 

ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնվել է ՀՀ պետական եկամուտների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016թ. օգոստոսի 10-ին բասկետբոլի ֆեդերացիայի անունով ՀՀ են ներմուծվել տարբեր ապրանքներ, սակայն սահմանված ժամկետում մաքսային ձեւակերպում չի իրականացվել: Արդյունքում ՀՀ ՊԵԿ-ը մաքսային կանոնները խախտելու համար ՀՀ մաքսային 194 հոդվածի հատկանիշներով կազմել է արձանագրություն եւ բասկետբոլի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Արթուր Նազարյանին տուգանել 50 հազար դրամի չափով: Նշենք, որ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանն է:

 

 

ԴԵՍՊԱՆԸ՝ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ  ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս անդրադարձել էր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ շեշտելով այդ պայքարի տեղապտույտի եւ կոռումպացված չինովնիկների անպատժելիության մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այս հայտարարությունը կարեւոր համարեց՝ նշելով. «Այս հայտարարությունը պատասխան է Հայաստանի բարձրագույն ղեկավարության այն ցանկության, որ պարբերաբար հայտնվում են ամերիկյան ներդրումներ գրավելու կապակցությամբ: Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը Նյու-Յորքում համաժողովի մասնակցեց, որտեղ ակնկալում էր երկու կողմերի բիզնեսմենների ներդրումը Հայաստանում: Գաղտնիք չէ, որ այլեւս կոռուպցիան արդեն ներպետական խնդիր չէ, եւ այն միջպետական հարաբերությունների վրա է ազդում, թերեւս դեսպանը խոսեց Հայաստանի ընտրախաղերի եւ չինովնիկների կոռումպացվածության մասին»: Սաֆարյանը նաեւ հիշեցրեց. «Մեկ տարի առաջ, երբ դեսպանը խոսեց, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնիսկ անթույլատրելի արտահայտություններ հնչեցրեց, թե դա միջամտություն է ներքին գործերին: Բայց հիմա՝ ընտրությունների նախաշեմին, սա կարեւոր մեսիջ է դառնում»:

 

 

ՆՈՐԻՑ  ՍԱԴՐԱՆՔՆԵՐ
Երեկ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելության՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների: Ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85 մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից՝ ադրբեջանական զինուժը ինչպես արեւելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ հրանոթներից եւ ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից: Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով ՊԲ-ն կորուստներ չունի:

 

 

ԽՈՐՀՐԴԻՑ ԷԼ ՀԵՌԱՑՐԻՆ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այլեւս չի զբաղեցնի Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնը: Ավելին՝ նա արդեն նույնիսկ այդ խորհրդի անդամ չէ: ՀՀ վարչապետի՝ փետրվարի 3-ի որոշմամբ հաստատվել է նշված բուհի խորհրդի կազմը: Ինչպես եւ սպասվում էր՝ Սուրիկ Խաչատրյանին այդ ցուցակում փոխարինելու է եկել գործող մարզպետ Վահե Հակոբյանը: Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը նույնպես այսուհետ Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում չէ: Նրա փոխարեն նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Ս. Սիմոնյանը:

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
«Ալյանս» կուսակցությունից հեռացված, առանձնապես խոշոր չափի խարդախության համար դատապարտված Սարգիս Հարությունյանը երեկ առավոտյան ձերբակալվել է: Վերջին շրջանում մամուլում լուրեր էին տարածվում, որ Սարգիս Հարությունյանի նկատմամբ կայացվել է չորս տարվա ազատազրկման դատավճիռ, սակայն նա գտնվում է ազատության մեջ: Նկատենք, որ սա «Ալյանս» կուսակցության հետ կապված միակ աղմկահարույց պատմությունը չէ: Այնպիսի տպավորություն է, որ ով այդ կուսակցության հետ գործ է ունենում,հայտնվում է ճաղերի հետեւում:




Լրահոս