Երեկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը թույլտվություն տրվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնել: Ինչպես հայտնի է` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ ընտրատեղամասերում ապրիլի 2-ին կապահովվեն ուղիղ հեռարձակում եւ տեսանկարահանում: Այս հարցով ստեղծված ընդդիմադիրների եւ իշխանության ներկայացուցիչների հանձնաժողովը որոշել էր՝ բավարարվելով եղած ֆինանսական միջոցներով՝ նկարահանում ապահովել ոչ թե բոլոր 2000, այլ առնվազն 1500 ընտրատեղամասերում, այսինքն՝ 500 ընտրատեղամասեր կմնան առանց տեսանկարահանման:
Ընտրությունների տեսանկարահանման գործընթացի մասնակի իրագործումը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կորուստ չի համարում: Նրա խոսքով՝ թեեւ որոշ ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի, սակայն դա, ըստ էության, չի խոչընդոտի ընտրությունների թափանցիկությանը: «Մխիթարանքն այն է, որ այն ընտրատեղամասերում, որտեղ տեսախցիկներ չեն լինի, կենտրոնացված է հանրապետության բնակչության 7 տոկոսը: Մենք համաձայնեցինք, որ դրանք չտեղադրվեն այն ընտրատեղամասերում, որտեղ 20-50 հոգի ընտրող կա», – նշել է նա:
Քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, սակայն հակառակ տեսակետն ունի: «Ըստ ամենայնի, դուրս են մնալու փոքր տեղամասերը: Մենք կուզեինք, որ ծածկվեին հենց հեռավոր փոքր տեղամասերը, իսկ բաց մնային մեծերը, քանի որ դրանք մենք հաստատ կկարողանանք ծածկել դիտորդներով», – «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:
Ուշագրավն այն է, որ իրականում «Յուքոմ»-ը եւ մրցույթը հաղթած ընկերությունն են որոշելու, թե որոնք կլինեն այն ընտրատեղամասերը, որտեղ տեսախցիկներ չեն տեղադրվի, իսկ դա էլ կախված կլինի այն հանգամանքից, թե որ ընտրատեղամասերում ընկերությունը կարող է արագ կապ ապահովել: Ընդգծենք, որ հենց հայ-կանադական «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունն է որոշել համագործակցել «Յուքոմ»-ի հետ եւ ընտրություններում ինտերնետ-կապի ապահովումը վստահել վերջինիս:
Հատկանշական է, որ ավանդաբար ընտրակեղծիքներ տեղի են ունենում հենց այն ընտրատեղամասերում, որոնք դուրս են գտնվում վերահսկողությունից: Իսկ նման վտանգի տակ մշտապես հեռավոր գյուղերում գտնվող փոքր ընտրատեղամասերն են: Առկա մտահոգությունների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
-Պարո՛ն Մուկուչյան, ինչպե՞ս են ընտրվելու այն տեղամասերը, որտեղ տեսախցիկներ չեն տեղադրվելու:
-Դա որոշելու է ընկերությունը համապատասխան հանձնաժողովի հետ միասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր գրություն 1500 տեղամասերում նկարահանումների իրականացման մասին: Իսկ թե կազմավորված ընտրատեղամասերից որ մեկում կլինեն տեսախցիկները, ԿԸՀ-ն դրա հետ որեւէ առնչություն չունի:
-Գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության մակարդակը ցածր է: Տեսախցիկների տեղադրումը կոչված էր հենց վստահության բարձրացմանը, մինչդեռ հիմա շուրջ 500 ընտրատարածք բաց թողնելով՝ արդյո՞ք կարող ենք վստահ լինել, որ կեղծիքներ չեն լինի, եւ հանրային անվստահությունն այդ պատճառով չի խորանա:
-Ո՛չ, որովհետեւ նախ պետք է նկատի ունենալ, որ ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն էլ նախկինում հնարավորություն ունեին կատարել տեսաձայնագրումներ: Տեղամասերում գտնվող մարդիկ նույն ձեւով կարող են իրականացնել տեսանկարահանում կամ ֆոտոնկարահանում: Միայն նրանից, որ ընտրատեղամասերի մի հատվածում է տեղադրվել, մնացյալում որեւէ խոչընդոտ չի կարող լինել այն մարդու նկատմամբ, ով ցանկանում է տեսանկարահանումներ անել:
-Պարո՛ն Մուկուչյան, ինչպե՞ս պետք է անել, որ բաց մնացած տեղամասերում ընտրությունը վստահություն ներշնչի:
-Կարծում եմ՝ ընտրական օրենսգրքում ամրագրված բոլոր կանոնակարգումները, որոնք արվել են՝ ի լրումն նախկինում արված կանոնակարգումների, հենց հիմքում ունեցել են այդ խնդիրները՝ ապահովել թափանցիկություն, որը հիմնական գործընթացն է վստահության բարձրացման համար:
-Չեք կարծում, որ ամեն դեպքում ինտերնետ կապի հետ կապված խնդիրներ կլինեն հեռավոր գյուղերում, փոքր ընտրատարածքներում, որտեղ էլ մեծամասամբ կատարվում են խախտումները:
-Մենք նշված քննարկումներին չենք մասնակցել եւ, բնականաբար, չենք կարող ասել, թե որ ընտրատեղամասերը նկատի ունեն, որտեղ են տեղադրվելու տեսախցիկները եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դիտարկմանը, նշեմ, որ այսօր ես տեղյակ չեմ՝ որոշված է արդյոք, թե որտեղ պետք է լինի: Բայց եթե մյուս ընտրատեղամասերում նույնպես թույլատրված է կատարել տեսանկարահանում, հետեւաբար ես կարծում եմ՝ այդ հարցադրումները որեւէ հիմնավորում չունեն:
-Ձեզ համար՝ որպես ԿԸՀ նախագահ, կարեւո՞ր չէր, որ տեսախցիկներ տեղադրվեին բոլոր ընտրատեղամասերում, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լիներ, եւ, ի վերջո, Ձեզ չմեղադրեին կեղծիքների կամ թվանկարչության մեջ:
-Խնդիրը հետեւյալն է. կան ընտրական օրենսգրքի կանոնակարգումներ, որոնց համաձայն էլ իրականացվել է այդ գործընթացը, կազմակերպվել է մրցույթը, իրականացվել են բանակցություններ, եւ նշված հանձնաժողովը, որի անդամ են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, եկել է այն եզրակացության, որ հենց այդքան թվով ընտրատեղամասերում պետք է տեղադրվեն տեսանկարահանող սարքեր:
Հավելենք, որ տեսախցիկների տեղադրման մրցույթին մասնակցել էր միայն մեկ ընկերություն՝ «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ»-ը: Հայ-կանադական այս ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն տրամադրում է Եվրամիությունը, իսկ մնացածը` պետությունը: Ընդգծենք, որ ծրագիրը մոտ էր տապալվելուն, սակայն գրեթե վերջին պահին Եվրամիությունը ավելացրեց հատկացված գումարը այն հասցնելով 2 միլիոն եվրոյի: Մինչ այդ ԵՄ-ն հատկացրել էր 1 մլն 600 հազար եվրո:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՉԵ՞Ն ԾԱՆՈՒՑՎՈՒՄ
Ինչպես հայտնի է՝ տաքսի-ծառայությունները դեռեւս 2014 թվականից անցել են պարտադիր լիցենզավորման գործընթաց: Այս կարգի համաձայն՝ տաքսու վարորդները պետք է վճարեն ամսական 12 հազար դրամ լիցենզավորման վճար:
Ի դեպ, մարզային քաղաքներում այդ վճարը կազմում է 8000 դրամ, իսկ գյուղերում՝ 5000 դրամ: Սակայն տաքսի-ծառայությամբ զբաղվող որոշ վարորդներ «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրին, որ իրենք ամսական վճարը չվճարելու դեպքում օրական տուգանվում են 8 դրամով (մեզ դիմած վարորդները մարզային քաղաքներում գրանցված են, իսկ Երեւանում գրանցված վարորդների տուգանքը կազմում է օրական 18 դրամ), սակայն այդ մասին ծանուցում չեն ստանում: «Ամսական վճարը չմուծելուց երկու ամիս անց եմ պարզել, որ օրական 8 դրամով տուգանվել եմ, բայց այդ մասին ինձ չի ծանուցվել»,- «Ժողովուրդ»-ին ներկայացրեց վարորդ Կարեն Բարսեղյանը:
Այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանի հետ: Նա փոխանցեց, որ լիցենզիան ստանալու ժամանակ նախարարության համապատասխան հարցերով աշխատակիցները վարորդներին մանրամասն բացատրում են, որ պետական տուրքը (խոսքը լիցենզավորման ամսական վճարի մասին է) մուծելու ամսվան հաջորդող ամիսներին լիցենզիայի տրման օրերին պետք է վարորդները կատարեն ամսական վճարումները, քանի որ ուշացման դեպքում կտուգանվեն: «Եթե վարորդը պետական տուրքը չի մուծում, ապա լիցենզիան օրենքի ուժով կասեցված է համարվում: Օրինակ՝ եթե դեկտեմբերի 1-ին մուծել է ամսական վճարը, ապա պետք է հաջորդ ամսվա 1-ին կամ մինչեւ 1-ը կրկին վճարի պետական տուրքը: Մենք իրենց նույնիսկ իրավական ակտերի ցանկն էլ ենք տրամադրում, ամեն բան բացատրում ենք: Չմուծելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա համար «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքով 0.15 տույժ է հաշվարկվում»,- տեղեկացրեց Ստեփանյանը:
Զրույցի ընթացքում Ստեփանյանը պնդեց, որ իրենց կողմից համապատասխան ծանուցումներն արվում են: Ապա խնդրեց փոխանցել դժգոհող քաղաքացիներին իրենց հուզող հարցերով մոտենալ նախարարություն: «Մենք նույնիսկ հեռախոսով ենք մեր վարորդներին զգուշացնում պետական տուրքը վճարելու մասին: Ավելին՝ հիմա հեշտացել է ամեն բան, քանի որ քաղաքացիները պետական տուրքը կարող են մուծել վճարային ցանկացած համակարգով՝ առանց որեւէ խնդրի»,- լրացրեց լիցենզավորման գործակալության պետի տեղակալը: Մինչ պաշտոնյան հայտարարում է, որ իրենք ծանուցում են վարորդներին տուգանքների եւ ամսական վճարը մուծելու մասին, վարորդները հակառակն են պնդում:
Նա նաեւ նշեց, որ տաքսի-ծառայությունների այն վարորդը, ով որոշել է դադարեցնել տաքսի վարել, ապա ինքը կարող է ստացած լիցենզիան հետ վերադարձնել նախարարություն եւ դիմում գրել այն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱԿՎԵԼ ՔՐԳՈՐԾԸ
Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի մշակույթի տունը կարծես ադրբեջանական զինուժի կողմից ռմբակոծված լինի: Այն ավերված, թալանված է:
Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ 2015թ. սեպտեմբերի 25-ին, երբ ինքը սկսել է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, մշակույթի տունն արդեն ավերված վիճակում է եղել: Նրա խոսքերով՝ 2008թ., երբ ինքը համայնքի ավագանու անդամ էր, շենքի տանիքը վնասված էր, սակայն կառույցն ավերված չէր: Գյուղապետ ընտրվելուց անմիջապես հետո Ա. Վիրաբյանը փաստացի չգործող մշակույթի տան 5 աշխատողներին հայտնել է, որ համայնքապետարանը չպետք է ֆինանսավորի չգործող մշակույթի տունը: 2015թ. հոկտեմբերի 1-ին մշակույթի տան 5 աշխատակիցիները՝ տնօրենը, գրադարանավարր, հաշվապահը, հավաքարարը, երեխաների զարգացման կենտրոնի աշխատակիցը, դիմում են գրել աշխատանքից ազատվելու մասին: Համայնքի ղեկավարը մշակույթի տան գործունեությունը դադարեցնելու համար դիմել է հարկային տեսչություն: Մշակույթի տան գրադարանի սակավաթիվ գրքերը տեղավորել են գյուղապետարանի շենքի մի սենյակում: Նշենք, որ չգործող մշակույթի տան աշխատակիցները տարիներ շարունակ ամսական ընդհանուր առմամբ ստացել են 450-480 հազար դրամ աշխատավարձ: Որեւէ կազմակերպության դիմե՞լ եք մշակույթի տունը վերանորոգելու առաջարկով, այս հարցին Ա. Վիրաբյանը պատասխանեց, որ ինքը չի դիմել, սակայն նախկին գյուղապետ Հայկ Քամալյանն այդ խնդրով դիմել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Խաշթառակ համայնքի ղեկավարից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք ունեցավ մշակույթի տան ավերվելու կապակցությամբ հարուցված քրեական գործը: Գյուղապետն ասաց, որ իր տեղեկություններով՝ այդ գործը փակվել է: Տարակուսելի է, թե ինչո՞ւ է փակվել այդ քրեական գործը, չէ որ ակնհայտ է մշակութային օջախի թալանը եւ համայնքի ֆինանսական միջոցների տարիներով վատնումը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ