ՂԵԿԱՎԱՐԻ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ՝ 600 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն հրապարակել է ընթացիկ տարվա գնումների պլանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը այս տարվա համար նախատեսել է գնել ոչ միայն գրասենյակային ապրանքներ, նյութեր, այլեւ անվտանգության տեսախցիկ, բենզին, զուգարանի թուղթ, հեղուկ օճառ եւ այլն:

Այսպես՝ «Կրթության ազգային ինստիտուտ» ընկերությունը 2017 թվականի համար նախատեսել է գնել միայն պրեմիում տեսակի բենզին՝ 2000 լիտր: Ընկերության կողմից ներկայացված գնումների պլանում նշված է, որ պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրի համար նախատեսվել է 400 դրամ, այսինքն՝ 2000 լիտրի դիմաց՝ 800 հազար դրամ: Զարմանալի է, թե ինչու է ընկերությունը որոշել գնել հենց պրեմիում տեսակի բենզին, այլ ոչ ռեգուլյար: Չէ որ պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրն ավելի թանկ է, քան ռեգուլյարը: Նշենք, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր բենզալցակայաններում վաճառվում է 360-370 դրամով, իսկ պրեմիումը՝ 380-390 դրամով: Բացի այս՝ ընկերությունը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել նաեւ 1000 լիտր դիզելային վառելիք, որի մեկ լիտրը գնումների պլանում առաջարկվել է կրկին 400 դրամով:
Իսկ ահա մեքենաների եւ դրանց շարժիչների մասերի եւ պարագաների, զանազան շինարարական նյութերի համար նախատեսվել է հատկացնել 900 հազար դրամ: Ընկերությունը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել անվտանգության մեկ տեսախցիկ՝ 950 հազար դրամով: Նույնքան՝ 950 հազար դրամ էլ հատկացվել է գրասենյակային կահույքին: Ի դեպ, ընկերության գնումների պլանում նախատեսվել է գնել ղեկավարի մեկ աթոռ, որի դիմաց նշված գումարի չափը կազմում է 600 հազար դրամ: Հարց է ծագում՝ եթե ղեկավարի աթոռը 600 հազար դրամի սահմաններում չլինի, դրանից նրա աշխատանքային արդյունավետությունը կտուժի՞:
Բացի այս՝ նախատեսված է գնել նաեւ համակարգչային եւ պատճենահանման սարքավորումներ: Դրանց մեջ են մտնում 14 հատ անձնական համակարգիչ, որոնց համար նախատեսված է ընդհանուր հատկացնել 4.9 մլն դրամ, միավորի արժեքը՝ 350 հազար դրամ: Նաեւ՝ էլեկտրոնային 6 հատ գրատախտակ, որոնց համար նախատեսված է հատկացնել 14.4 մլն դրամ՝ 2.4 մլն միավորի արժեքով:
Ըստ գնումների պլանի՝ կրթության ազգային ինստիտուտը ունի փոշեկուլի եւ օդորակիչի կարիք. ընկերությունը ընթացիկ տարվա համար նախատեսել է գնել 4 հատ օդորակիչ՝ 180 հազար դրամ միավոր արժեքով, ընդհանուր 720 հազար դրամ, 4 հատ փոշեկուլ՝ 60 հազար դրամ միավոր արժեքով, որոնց համար ընդհանուր նախատեսված է վճարել 240 հազար դրամ:
Ընկերությունը նախատեսել է գնել նաեւ գնդիկավոր գրիչ, շտրիխ, հեղուկ սոսինձ, քանոն, թղթապանակ, սեղանի հաշվիչ եւ այլն: Օրինակ՝ գնդիկավոր գրչի համար ընկերությունը նախատեսել է հատկացնել 1 մլն դրամ. այսինքն՝ գնվելու է 10 հազար հատ գնդիկավոր գրիչ՝ 100 դրամով: Դրանից բացի՝ ընկերությունը նախատեսել է գնել նաեւ 480 դրամանոց գնդիկավոր գրիչ՝ 1210 հատ, որոնց համար ընդհանուր նախատեսել է հատկացնել 580 հազար 800 դրամ: «Ժողովուրդ»-ը ընկերության գնումների պլանից տեղեկացավ նաեւ, որ նախատեսվել է գնել տնտեսական ապրանքներ, որոնց թվում կան դռան փականներ՝ 15 հատ, յուրաքանչյուրի արժեքը՝ 4500 դրամ: Կգնվի նաեւ 170 հատ ուղղահայաց շերտավարագույր, որոնց համար նախատեսված է հատկացնել 935 հազար դրամ, միավորի արժեքը՝ 5500 դրամ: Իսկ ընթացիկ տարվա կոմունալ վարձերի համար ընկերությունը ընդհանուր նախատեսել է հատկացնել 30 մլն 228 հազար 696 դրամ: Օրինակ՝ էլեկտրաէներգիայի համար նախատեսված է հատկացնել 9 մլն դրամ, գազի համար՝ 10.5 մլն դրամ, հեռախոսային ծառայությունների դիմաց՝ 6.4 մլն դրամ, ինտերնետային կապի տրամադրման համար՝ 2.9 մլն դրամ: Ի դեպ, ՊՈԱԿ-ը ընթացիկ տարում նախատեսել է նաեւ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, որոնց համար կհատակցնի 10 մլն դրամ:
Վերոնշյալ գնումների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Նորայր Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, ինչո՞ւ եք նախատեսել գնել հենց պրեմիում տեսակի բենզին:
-Մեր ծառայողական ավտոմեքենան ուղղակի այդ տեսակի բենզինով է աշխատում: Ռեգուլյարով հնարավոր չէ:
-Այդ ծառայողական ավտոմեքենան ո՞ւմ է սպասարկում:
-Տնօրենին, այսինքն՝ ինձ:
-Պրեմիում տեսակի բենզինի մեկ լիտրը նախատեսել եք գնել 400 դրամով, մինչդեռ բենզալցակայաններում այն վաճառվում է 380-390 դրամով…
-Այդ գները ընդամենը նախատեսված են, բայց գնման պահին, բնականաբար, այն շուկայական արժեքի սահմաններում կլինի: Գները դեռ կփոփոխվեն:
-Պարո՛ն Ղուկասյան, նախատեսել եք գնել նաեւ ղեկավարի մեկ աթոռ՝ 600 հազար դրամով: Արդյո՞ք թանկ չէ մեկ աթոռի համար:
-Ուզում ենք ունենալ, հնարավոր է՝ չառնենք, դա հենց այնպես գրել ենք:
-Այսինքն՝ ո՞ր դեպքում կգնեք, ո՞ր դեպքում՝ ոչ:
-Ուղղակի նախատեսել ենք:
-Բայց 600 հազար դրամ մեկ աթոռի համար…
-Ինձ թվում է՝ էժան էլ կլինի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ ՉԿԱՆ
Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է 120 աշակերտ: Դպրոցի գրադարանում, սակայն, հայկական գրքեր (հայերեն լեզվով, գեղարվեստական եւ հայ գրականության գրքեր) չեն եղել ու մինչ օրս չկան: Աշակերտները դասապատրաստումները եւ անհրաժեշտ նյութերն ունենալու նպատակով դիմում են համացանցի օգնությանը: Կրթօջախի տնօրեն Աննա Կիրակոսյանի խոսքով՝ պատճառն այն է, որ դպրոցը նախկինում ռուսական է եղել. «Դպրոցը ռուսական էր. 2008-ին նոր դարձավ հայկական: Մեզ մոտ միայն ռուսական դասականներ են: Հայերեն գրքեր գրադարանում չկան»: Ստացվում է՝ գյուղում գիրք կարդացողներ էլ չկան, ինչն, իհարկե, լուրջ խնդիր է ոչ միայն աշակերտների, այլ նաեւ ուսանողների ու ընթերցողների համար:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ գրքեր չունենալու հետ կապված ինքը երբեւէ որեւէ մեկին չի դիմել: «Կարիքը չի զգացվել»,- նշեց նա:
Հակառակ դպրոցի տնօրենի այս պնդման՝ Պրիվոլնոյե գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Կարդալ սիրում եմ, կցանկանայի գյուղի դպրոցի գրադարանում հայ գրողների գործեր լինեին, որով ոչ միայն դասապատրաստումն ու հանձնարարականները կկատարեի, այլ նաեւ ազատ ժամանակ պարզապես ընթերցանությամբ կզբաղվեի»: Ընթերցասեր աշակերտուհին, ում խոսքերով ինքը միակը չէ, որ զգում է հայկական գրականության պակասը, հորդորեց. «Պատկան մարմինները հնարավորության սահմաններում թող գեղարվեստական գրականություն նվիրեն մեզ, նաեւ ժամանակակից գրողների գործեր: Ամեն գիրք չէ, որ համացանցում կա»:
Նշենք, որ Պրիվոլնոյե գյուղն ունի 1200 բնակիչ: Գյուղացիների հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
Փետրվարի 7-ին Վայք-Մեղրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին` Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով փլուզում է եղել, եւ մի քանի գազաբալոններն էլ շպրտվել են: Վայքի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ ներկայումս պայթյունի պատճառների հայտնաբերման նպատակով ուսումնասիրություններ են իրականացվում. «Նախնական տեղեկություններ կան, որ կոմպրեսատորների հատվածում է առաջացել պայթյունը»,- մանրամասնել է Մուշկամբարյանը: Ավելացնենք, որ պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

 
ՈՒՂԵՎՈՐԱՀՈՍՔԻ 24,2 ՏՈԿՈՍ ԱՃ
2017թ. հունվարին, 2016թ. նույն ամսվա հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 22,9 տոկոս աճ: Անցած մեկ ամսվա ընթացքում ուղեւորահոսքը կազմել է 168 741 մարդ: Իսկ ահա բեռնափոխադրումը «Զվարթնոց» օդանավակայանում 2017թ. հունվարին կազմել է 965 տոննա, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016թ. նույն ամսվա ցուցանիշը:
Ինչ վերաբերում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանին, ապա այստեղ 2017թ. հունվարին ուղեւորահոսքը 103,8 տոկոսով աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: ՀՀ երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2017թ. հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 24,2 տոկոսով աճել է:

 

 

ԼԱՍՏԱՆԱՎՈՎ  ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԷԺԱՆԱՆԱՆ
Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագները կնվազեն: Մասնավորապես մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով: Զեղչերը տարբերակված են եւ հաստատվելու են տարբեր բեռների համար անհատապես: Բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով: Նվազելու են, մասնավորապես, հացահատիկի, անասնակերերի, սպիրտի եւ կոնյակի, մակարոնեղենի, պեռլիտի, հյութերի եւ հանքային ջրերի փոխադրման սակագները: Այսպիսով՝ երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերելու է Հայաստան եւ Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին: Ի դեպ, Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվելու են ամիսը 3 անգամ՝ ըստ չվացուցակի: Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաեւ կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է ե՛ւ հայկական սպառողներին, ե՛ւ տեղական արտադրողներին: Զեղչերը կիրառվելու են ոչ միայն Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների, այլեւ Հայաստանի տարածքով Ռուսաստանից Իրան, ԱՊՀ երկրներից Ռուսաստանի տարածքով Հայաստան եկող բեռների համար:




Լրահոս