Բելառուսի որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում մեծ դժգոհության ու լուրջ քննադատության տեղիք է տվել: Բանն այն է, որ Լապշինի դեմ Ադրբեջանում քրեական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ալիեւին: Ու քանի որ Լապշինը երկու անգամ եղել էր ԼՂՀ-ում, նրա այցը Ադրբեջանը որակել էր իր պետական սահմանի ապօրինի խախտում ու հայտարարել էր հետախուզում: Սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ այն առումով, որ Ադրբեջանը այս նախադեպային իրավունքով կարող է իբր իր սահմանն ապօրինի հատելու համար քրեական գործ հարուցել ԼՂՀ այցելած ցանկացած մեկի դեմ՝ լինի նա ՀՀ, թե այլ երկրի քաղաքացի, հետախուզում հայտարարել ու պահանջել արտահանձնել:
Մինչ այդ, նկատենք, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանը ձգտում է փոխել ԼՂ խնդրում իր պայքարի մեթոդները՝ այն փորձելով տեղափոխել «մարդասիրական» հարթություն: Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ողողել է Հայաստանից ու Ղարաբաղից փախստական ադրբեջանցիների հայցերով՝ «մարդասիրական» պահանջներով. նրանք ցանկանում են վերադառնալ ու բնակվել ՀՀ կամ ԼՂՀ տարածքում գտնվող իրենց նախկին տներում, ամենահայտնին Չիգարովն ընդդեմ Հայաստանի հայցն էր, որը բավարարվել է: Սա արվում է իրավական հող նախապատրաստելու, ՄԻԵԴ վճիռը կատարելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու եւ այդ մարդկանց նախկին տներն «ազատագրելու» համար: Ահա թե ինչու է նա ե՛ւ սահմանին լարված պահում իրավիճակը (երեկ մենք ունեցանք 1 զոհ, 1 վիրավոր), ե՛ւ միջազգային ատյաններում է ագրեսորի իր կերպարը ջանում քողարկել:
Ամենայն հավանականությամբ, մինչեւ շաբաթվա վերջ պարզ կդառնան առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային ընտրացուցակների հիմնական մանրամասները, դա կորոշվի ՀՀ ԳՄ նիստում: Մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել՝ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում հայտնվելու համար: Իրավիճակի թեժացմանն ավելի նպաստում է այն հանգամանքը, որ մի կողմից հաջորդ խորհրդարանը բաղկացած է լինելու ավելի քիչ թվով պատգամավորներից (առնվազն 101 պատգամավոր է լինելու), եւ բացի այդ՝ ՀՀԿ-ում շատ շատերը չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը՝ ցուցակի ո՞ր համարում են լինելու կամ, ընդհանրապես, լինելու են, թե ոչ: Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի որոշումից, իսկ նա էլ աշխատում է նախապես ոչ մեկին ոչինչ չասել: «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ նախնական տեղեկություններով՝ ցուցակի առաջին եռյակում լինելու են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը:
«Ռամկավար ազատական կուսակցության» սփյուռքի եւ հայաստանյան կառույցների մեջ լուրջ տարաձայնություններ են սկսվել: Պատճառը ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանի հայտարարություններն էին «Ծառուկյան» դաշինքին միանալու մասին: ՌԱԿ սփյուռքի կառույցները, որ դեմ էին եղել այս որոշմանը, հիմա ցանկանում են պաշտոնանկ անել Ավետիքյանին ՀՌԱԿ ատենապետի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՌԱԿ-ում նախատեսված է հավաք, որի ժամանակ էլ կկայացվի Ավետիքյանին պաշտոնանկ անելու որոշումը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՌԱԿ ներսում տարաձայնությունները տեսնելով՝ Գ.Ծառուկյանը հայտարարել է, թե այս փուլում ձեռնպահ է մնում ՀՌԱԿ-ին իր դաշինքում տեսնելուց: Հակոբ Ավետիքյանի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն անցան ապարդյուն. նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել: Բանն այն է, որ այս վարչությունը տեղակայված է Տիգրան Մեծի 4 հասցեում՝ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ին պատկանող շենքում, որին ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, տարեկան 10 մլն 608 հազար դրամ վարձավճար է մուծում: Արման Սահակյանի ղեկավարած կառույցը նաեւ որոշել է ետ չմնալ ճոխ գնումներից. որոշվել է գնել համակարգիչ՝ 750 հազար դրամ արժողությամբ, եւս 14 համակարգիչ էլ նախատեսված է ձեռք բերել արդեն շուկայական գներով՝ 260 հազար դրամով: Ի դեպ, վերջերս վարչապետը նրան հորդորել էր անբարեխիղճ կառավարիչների «ողնաշարները կոտրել», բայց ոնց հասկանում ենք՝ հազիվ թե նա սկսի իր ողնաշարը կոտրելուց:
ՉՏԱՐԲԵՐՎՈՂ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը երեկ Աժ-ում ամենաքննարկվող թեման էր: Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց պարտքն էին համարում այդ կապակցությամբ հնարավորինս կոշտ որակումներ հնչեցնել՝ կատարվածը որակելով խայտառակություն, դավաճանություն, դիվանագիտական ապտակ եւ այլն: Եվ եթե մի պահ Լապշինի հետ կատարվածից անտեղյակ մեկը լսեր մեր պատգամավորների զայրույթախռիվ հայտարարությունները, կարող էր կարծել, թե բլոգերի արտահանձնման լուրը ԱԺ պատգամավորներն իմացել են խորհրդարան գալուց կես ժամ առաջ: Մինչդեռ Լապշինին սպասվող վտանգի մասին հայտնի էր դեռ անցած դեկտեմբերից, իսկ արդեն հունվարի 20-ից, երբ Բելառուսի գլխավոր դատախազությունը կայացրեց Լապշինին արտահանձնելու որոշում, պրակտիկորեն արդեն որեւէ կասկած չէր մնացել, որ բլոգերի բողոքարկման դիմումը եւս կմերժվի: Ասել է թե՝ Ա. Լապշինի արտահանձնումը միանգամայն սպասելի էր: Եվ ինչ քայլեր ձեռնարկեցին մեր քաղաքական ուժերը: Արդյո՞ք նրանցից որեւէ մեկը, այդ թվում եւ Բելառուսի նախագահի հետ խիստ ջերմ հարաբերություններ ունեցող ուժի ներկայացուցիչները, որեւէ բան ձեռնարկեցին մինչեւ արտահանձնումը:
Մենք սովոր ենք նմանօրինակ բոլոր ձախողումներում մեղադրել բացառապես իշխանություններին, եւ դա ճիշտ է: Սակայն քաղաքական գործունեություն իրականացնող, առավել եւս խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը նույնպես կարող են եւ պարտավոր են ունենալ իրենց շատ գործուն դերակատարությունը: Ի վերջո, կա խորհրդարանական դիվանագիտություն ասվածը, կարծես թե գոյություն ունի նաեւ Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով: Առհասարակ, ազդեցության լծակները բազմաթիվ են, եւ եթե յուրաքանչյուրն իր մասով փորձեր ինչ-որ բան անել, արդյունքը կարող էր եւ այլ լինել: Համենայն դեպս, երեկ ԱԺ-ում կուրծք ծեծող պատգամավորները գոնե հանգիստ խղճով կարող էին ասել, որ իրենց ձեռքից եկածն արել են: Մինչդեռ այսպես նրանց հակաադրբեջանական պոպուլիզմն ուղղակի տհաճ էր:
Իրականում սա բավականին կարեւոր քննություն էր ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ուժերի համար: Հանրությունը, կարծում ենք, առիթ ունեցավ համոզվելու, որ իշխանական դաշտից դուրս քաղաքական ուժերը եւս նույնքան անգործունակ են եւ չնախաձեռնող: Այն, որ մինչ օրս որեւէ մեկի մտքով չէր անցել՝ հարցում ուղարկել Բելառուսի իշխանություններին եւ պարզել, որ ՌԴ-ն եւ Իսրայելը, հակառակ պաշտոնական հավաստիացումների, երբեք չեն խնդրել պաշտոնական Մինսկին Լապշինին արտահանձնել իրենց երկրներին, դրա վառ ապացույցն է:
Հ. Գ. Իսկ այդ փաստն էլ ապացույցն է այն բանի, որ սա Հայաստանի եւ ԼՂՀ դեմ ծրագրված միջազգային դավադրություն է՝ հեռահար նպատակներով: