Հունվարի 27-ին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստերից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրեց, որ կուսակցության համագումարում ընդունված կանոնադրական փոփոխությունների համաձայն՝ ՀՀԿ-ն այլեւս ունի ավագների խորհուրդ, որի նախագահ է ընտրվել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ի՞նչ պետք է անի ավագների խորհուրդը, արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀԿ-ում լինելու է սերնդափոխություն, եւ հնարավո՞ր է դրա արդյունքում տարաձայնություններ առաջանան ՀՀԿ-ի հնաբնակների եւ երիտթեւի միջեւ. այս եւ այլ հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից:
-Տիկի՛ն Նաղդալյան, ի՞նչ գործառույթներ է իրականացնելու ՀՀԿ-ի ավագների խորհուրդը:
-Պետք է կանոնակարգի կուսակցության ավագների, տարեցների հսկայական փորձառությունը, այս տարիների ընթացքում ունեցած իրենց գաղափարական, քաղաքական, տարբեր-տարբեր ոլորտների մասնագիտական եւ այլ կարողությունները՝ այդ ամենը ծառայեցնելով կուսակցությանը:
-Իսկ արդյո՞ք այս քայլով կուսակցությունը սերնդափոխության մեկնարկն է տալիս:
-Կուսակցությունը մշտապես կատարում է սերնդափոխություն, ընդհանրապես հանրապետականն այդ փոփոխությունը ոչ թե անում է, այլ մշտապես այդ ուղղության վրա է, որովհետեւ մենք ունենք մեծ թվով անդամներ, ովքեր երկար տարիներ է՝ կուսակցության մեջ են, ովքեր ունեն մեծ կենսագրություն, եւ իմաստուն, փորձառու մարդիկ են, ովքեր իսկապես շատ բան են կուտակել, որ կարող են հանձնել իրենց երիտասարդ գործընկերներին: Բայց դրա հետ միասին, մեր կուսակցությունը, լինելով երկրի ամենամեծաթիվ կուսակցությունը, ունի նաեւ հսկայական երիտասարդական զանգված, հսկայական անդամակցություն փայլուն երիտասարդների, ովքեր ունեն գրագիտություն, կրթվածություն, բայց նրանք պետք է փորձառություն հավաքեն, նրանք պետք է աշխատանքային կենսափորձ ունենան, եւ ավագներն այս իմաստով մեզ համար անելիք ունեն:
-Ինչո՞ւ հիմա որոշվեց ստեղծել այդ խորհուրդը:
-Տեսեք, օրինակ՝ տասը տարի առաջ կուսակցությունը դեռ չուներ այդքան տարիքի եւ փորձառության մարդիկ իր շարքերում: Ընդհանրապես, երկու-երեք տարի առաջ ստեղծված կուսակցությունը չի էլ ունենա, բայց Հանրապետականն արդեն քսան տարուց ավելի կենսագրություն ունի, եւ մարդիկ են եղել, ովքեր կուսակցությունը հիմնադրելու ժամանակ եղել են հենց այն տարիքին, ինչպիսին այսօր մեր երիտասարդ սերունդն է, այսինքն՝ նրանք ունեն արդեն կուտակած շատ փորձ՝ նշանակություն ունեցող բան փոխանցելու, հանձնելու:
-Տիկի՛ն Նաղդալյան, սերնդափոխությունը նեղացվածություն չի՞ առաջացնի ավագների մոտ:
-Ընդհանրապես յուրաքանյուր բան, որ անարդարացի արվի, կարող է նեղացվածություն առաջացնել յուրաքանչյուրի մոտ, ում նկատմամբ որ անարդարություն է եղել:
-Ըստ էության, շատերը նեղացան եւ դուրս եկան կուսակցությունից:
-Մեր կուսակցության ղեկավար մարմնի կողմից եւ մեր կուսակցության ղեկավարի կողմից կա արդարամտություն եւ արդարացի վերաբերմունք յուրաքանչյուրի նկատմամբ, դրա համար նեղացվածություն բառը մենք տեղին չենք համարում:
-Որպես ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, խնդրում եմ՝ մեկնաբանեք նախընտրական ցուցակներում հայտնվելու հետ կապված ՀՀԿ-ի կանանց միջեւ սկսված տարաձայնությունների մասին համառորեն շրջանառվող տեղեկությունները: Ո՞րն է խնդիրը, չե՞ք կարողանում բաշխել տեղերը կանանց միջեւ:
-Մեր կուսակցությունում չկա նման խնդիր ո՛չ չորրորդ համարի, ո՛չ տասնչորսերորդ համարի, ո՛չ էլ առաջադրման շուրջ, այս խնդիրները մեր կուսակցությունում լուծվում են կուսակցության ղեկավար մարմինների, գործադիր մարմնի եւ կուսակցության ղեկավարի կողմից՝ հաշվի առնելով բազմակողմանի տեղեկատավությունը, երկար տարիների՝ իրար հետ աշխատելու փորձառությունը, իրար լավ խորքային ճանաչելը: Մեր ղեկավարը բոլորիս մասին ամեն ինչ գիտի եւ կարողանում է բազմակողմանի եւ ճիշտ գնահատել՝ ո՞ր մեկը, որտե՞ղ, ո՞ր գործում կարող է առավել արդյունավետ լինել, եւ այդ որոշումները դրա հիման վրա են կայացվում:
-ՀՀԿ-ն այնքան ներուժ չունի՞, որ այլ կուսակցություններից եւս մարդիկ է ներգրավում, մտավախություն չունե՞ք, որ այդ ճամբարափոխները մի օր էլ, կարող է, ՀՀԿ-ից հեռանան:
-Ինչու մտավախություն, փաստեր էլ ունենք, որ լքում են, բայց դրա նկատմամբ էլ ունենք գնահատական եւ հասկանում ենք, որ մարդիկ, ովքեր լքում են, այն մարդիկ են, ովքեր մեր ծրագրերի եւ մեր գաղափարների հենքի հետ որեւէ բան չունեն եւ պատահական, ժամանակավոր ուղեկիցն են եղել մեր կուսակցության՝ ելնելով իրենց անձնական շահերից: Այսօր այլեւս դրա տեղը չկա: Ինչ վերաբերում է ներուժին, ՀՀԿ-ն այսօր ՀՀ-ի ամենամասսայական եւ ամենամեծ պոտենցիալն ունեցող կուսակցությունն է, բայց մշտապես բաց է եղել համագործակցության համար, մշտապես կարողացել է ե՛ւ իր շարքերում, ե՛ւ գործադիր տարբեր պաշտոններում տեղ տալ եւ տեսնել մարդկանց, ովքեր ուրույն մոտեցում ունեն, ովքեր ունեն իրենց որոշակի ներուժը եւ իրենց առաջարկները, մոտեցումները, որով կարող են օգտակար լինել ընդհանուր գործին: Մենք մտածում ենք, որ դրանով հարստացնում ենք ինքներս մեզ, մեր կուսակցությունը եւ դրանով մենք օգուտ ենք բերում ընդհանուր մեր պետության, պետականության զարգացման գործին, եւ որեւէ մրցակցային, նեղացվածային մոտեցումներ չկան: Նման անհանգստություն մենք չունենք:
ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ԿԱՆԱԼՆԵՐ» ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջան արտահանձնելու որոշման շուրջ: Լապշինը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող էր եւ պետք է աներ Հայաստանի ԱԳՆ-ն, որ չարեց. այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հետ:
-Պարո՛ն Արզումանյան, փաստորեն Բելառուսը, ի վերջո, Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ա. Լապշինին…
-Այսօր հնչած բոլոր մտքերն արտացոլում են մեր բոլորի զայրույթը, ցասումը, դա միջազգային իրավունքի ոտնահարում էր եւ ազատ խոսքի նկատմամբ բռնարարք:
-Ի՞նչ պետք է աներ այս ուղղությամբ մեր ԱԳՆ-ն, որ չարեց:
-Դա արդեն արտաքին գործերի նախարարին հարցրեք, հազարավոր դիվանագիտական կանալներ կային, որոնք պետք է գործի դրվեին, տասնյակ գործիքակազմ կար՝ պետք է անեին:
-Կնշե՞ք կոնկրետ մեկը:
-Տասնյակները կան, եւ դրա մասին թող իրենք բացատրեն, թե ինչու որեւէ քայլի չեն դիմել:
-Հունվարի 31-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Լապշինի արտահանձնման թեմային, ասել էր. «Վստահ եմ՝ նրանց, ովքեր խոչընդոտում են մարդկանց հիմնարար ազատությունների ու իրավունքների իրականացմանը, դա հեղինակություն չի բերում: Դա խայտառակություն է, որը որոշ դեպքերում որոշների ինքնության բնորոշիչ մասն է կազմում»: Արդյո՞ք այսպիսի բարոյախրատական տեքստերով հնարավոր է ինչ-որ հարց լուծել:
-Մեզ չի հետաքրքրում՝ Բելառուսի կամ որեւէ այլ երկրի վարկը կբարձրանա, թե կիջնի: Մեզ հետաքրքրում է, որ սա կարող է նախադեպ հանդիսանալ եւ բարդացնել մեր բարեկամների այցելությունները ԼՂՀ, սա բարդացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը, որը կարեւորագույն գերակայություններից մեկն է մեր արտաքին քաղաքականության:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՄԻԱԿ-Ը ՉԻ ԼԻՆԻ՞
Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ստեղծած ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ ցուցակով կրկին կդառնան պատգամավոր. չի բացառվում, որ այս անգամ նրանց ՀՀԿ համամասնական ցուցակում անցողիկ տեղ չտրվի, այլ, լավագույն դեպքում, ՄԻԱԿ-ի ներկայացուցիչներին առաջարկեն առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով եւ այդպես հաղթելու դեպքում «թողնեն» մտնել խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության անդամ Նաիրա Կարապետյանին: «Մեկ շաբաթից ամեն ինչ պարզ կլինի, բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,- ասաց նա:
ՉԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ, ԸՆՏՐՈՒՄ ԵՆ
Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը ցանկանում է իր եղբորը՝ Նաիրի Սահակյանին Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրել ու դարձնել պատգամավոր։ Նկատենք, որ այդ ընտրատարածքում է առաջադրվելու նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը, որի հետ, ի դեպ, Սահակյանները լարված հարաբերություններ ունեն: Ու այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ հատկապես Թալինի տարածաշրջանում նրանց մեջ շատ թեժ պայքար ընթանա: «Ժողովուրդ»-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչ կանխատեսումներ ունի, ով կարող է ավելի շատ ձայներ գրանցել իր օգտին. «Պատգամավոր պետք է ժողովուրդը դարձնի, ոչ մեկը չի կարող որեւէ մեկին պատգամավոր դարձնել, եթե ժողովուրդը չքվեարկի: Կանխատեսումներն անշնորհակալ գործ է, դեռ թեկնածուներն էլ վերջնականապես հայտնի չեն, ամսի 26-ից հետո, երբ կգրանցվեն, նոր կարելի է ինչ-որ տեղ, մի փոքր ենթադրություններով խոսել»,- պատասխանեց Մնացականյանը:
ՀԷՑ-Ը ՉԻ ՀԱՊԱՂՈՒՄ
«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դեռ չի պատրաստվում հետաձգել սպառած էլեկտրաէներգիայի վճարումները, ինչպես արել էր նախորդ ամիս: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը անցած տարվա դեկտեմբեր ամսվա էլէներգիայի դիմաց վճարումների իրականացման ժամկետը երկարացրել էր մինչեւ փետրվարի 6-ը: Ընկերությունը խոստացել էր, որ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար մինչեւ փետրվարի 6-ը էլեկտրամատակարարման ընդհատումներ չի իրականացրել: Արդյոք ՀԷՑ-ն նման զիջումների կգնա նաեւ հունվար ամսվա սպառած էլէներգիայի վճարումների դեպքում: Այս հարցին ի պատասխան՝ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը տեղեկացրեց, որ վճարումները ընդունվում են սահմանված կարգով, ժամկետները՝ նույնպես: Իսկ նպաստների ուշացման կամ այլ հանգամանքներով պայմանավորված՝ ընկերությունը միշտ էլ պատրաստ է կոնկրետ դեպքերում քննարկել եւ սպառողին ընդառաջ գնալ: