Ռուսաստանի, Իսրայելի եւ Ուկրաինայի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի դատարանը արտահանձնեց Ադրբեջանին: Բանն այն է, որ բլոգերի նկատմամբ Ադրբեջանում քրեական գործ էր հարուցվել ու միջազգային հետախուզում հայտարարվել այն բանից հետո, երբ նա այցելել էր Լեռնային Ղարաբաղ, իսկ հետո իր բլոգում քննադատել Իլհամ Ալիեւին. հիմա նա մեղադրվում է ԼՂ այցելելով Ադրբեջանի սահմանն իբր ապօրինի հատելու եւ տարածքային ամբողջականությանը սպառնալու համար:
Ո՛չ Բատկային
ՀՀ իշխանությունների երեկվա պահվածքը հասկանալի է. Լապշինի նկատմամբ ԼՂՀ այցելելու համար Ադրբեջանում հարուցված քրեական գործի շրջանակներում նրան Բաքվին արտահանձնելու որոշումը կայացրել է Բելառուսը՝ մի երկիր, որի հետ Հայաստանը գտնվում է նույն ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, եւ տնտեսական ընդհանուր միության մեջ՝ ԵՏՄ-ում: Իսկ դա նշանակում է՝ Բելառուսը նման դեպքերում իր որոշումներում պետք է հաշվի նստեր նախ եւ առաջ ՀՀ-ի ու ՌԴ-ի շահերի հետ, համենայն դեպս, այդպես են կարծում Հայաստանում ու Բելառուսի որոշումը համարում դավաճանություն ե՛ւ իրենց, ե՛ւ ՀԱՊԿ-ին, ե՛ւ ԵՏՄ-ին:
Եւ հետո, մի վտանգ էլ կա. սա կարող է դառնալ վատ նախադեպ. Ադրբեջանը կարող է իբր իր սահմանն ապօրինի հատելու համար քրեական գործ հարուցել ԼՂՀ այցելած ցանկացած մեկի դեմ՝ լինի նա ՀՀ, թե այլ երկրի քաղաքացի, հետախուզում հայտարարի ու պահանջի արտահանձնել: Թե ինչի կարող է հանգեցնել դա, դժվար չէ հասկանալ:
Անկարող ենք
Մյուս կողմից, սակայն, նկատենք՝ Հայաստանն է աղմուկ բարձրացնում այն դեպքում, երբ Լապշինը ոչ թե ՀՀ քաղաքացի է, այլ միաժամանակ ՌԴ-ի ու Իսրայելի, իսկ սա նշանակում է, որ այս հարցով ամենամեծ աղմուկն առաջին հերթին հենց այդ երկրները պետք է բարձրացնեին: Առավել եւս, երբ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքացիների իրավունքներին չեն կարող տեր կանգնել. ասվածի վառ ապացույցը ՌԴ-ում վթարի պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքն է, երբ երեք տարի է՝ ՀՀ արդարադատության նախարարությունը չի կարողանում կազմակերպել նրան ՀՀ արտահանձնելու գործընթացը:
Եւ ամենակարեւորը. եթե ՀՀ իշխանությունները որոշել են պայքարել Լապշինի իրավունքների պաշտպանության համար, ապա պետք է անեին շատ ավելի վաղ, քանի դեռ նա Բելառուսում էր, այլ ոչ թե աղմուկ բարձրացնեին բլոգերին արտահանձնելուց հետո: Սա պետք է լիներ դիվանագիտական կորպուսի ամենաառաջնային խնդիրներից մեկը. ՀՀ ԱԳՆ-ն, Բելառուսում, ՌԴ-ում ՀՀ դեսպանություններն այս օրերին պետք է գործի դնեին բոլոր հնարավոր ու անհնարին մեթոդները՝ կանխելու համար արտահանձնումը, իսկ այդ դեպքից հետո էլ գոնե պետք է փորձեն հասնել Լապշինի իրավունքների վերականգնմանը: Բայց քանի որ իշխանությունները չեն կարողացել կանխել արտահանձնումը, կատարվածը կարելի է որակել ՀՀ իշխանությունների դիվանագիտության հերթական «փառահեղ ձախողումը»: Չնայած՝ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը երեկ հայտարարել է, թե ինքը ոչինչ չէր կարող անել՝ բացի Երեւանի պաշտոնական արձագանքը փոխանցելուց:
Ադրբեջանը «մարդասերի» դիմակով
Նկատենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում փորձ է անում փոխել ԼՂ խնդրում իր պայքարի մեթոդները՝ փորձելով այն տեղափոխել մարդու իրավունքների հարթություն: Այսպես՝ թերեւս հեշտ է միջազգային հանրության զգացումների վրա ազդելն ու նրանց մոտ խղճահարություն առաջացնելը` հիմնավորելով ռազմական գործողությունների անհրաժեշտություն: Ինչպե՞ս, բացատրենք:
Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ողողել է Հայաստանից ու Ղարաբաղից փախստական ադրբեջանցիների հայցերով՝ մարդասիրական պահանջներով. նրանք ցանկանում են վերադառնալ ու բնակվել ՀՀ կամ ԼՂՀ տարածքում գտնվող իրենց նախկին տներում: Մոտավոր հաշվարկներով՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ տարեկան 300-500 նման հայց է ներկայացնում ՄԻԵԴ. ամենահայտնին Չիգարովն ընդդեմ Հայաստանի հայցն էր, որը ՄԻԵԴ-ը բավարարել էր 2015 թ հունիսին՝ նույն օրը միաժամանակ բավարարելով նաեւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի նույնաբովանդակ հայցը /Հայաստանն էլ իր հերթին է նման հայցեր ներկայացնում Ադրբեջանի դեմ/:
Ընդգծենք, որ ՄԻԵԴ որոշումները ենթակա են պարտադիր կատարման. չնայած այս դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչպես է այն իրագործվելու: Միաժամանակ, հենց մարդասիրական դաշտ են փորձում տեղափոխել նաեւ զինված միջադեպերը, երբ իրենց դիվերսիոն գործողությունների հետեւանքով հայկական զինուժը հակահարվածներ է հասցնում, պաշտոնական Բաքուն սկսում է խոսել նաեւ սահմանամերձ շրջանների խաղաղ բնակիչներին գնդակոծելու, նրանց տներն ավերելու մասին: Պատահական չէ, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկույցը եւս փորձել էին նույն մարդասիրական ձեւակերպումների ներքո ներկայացնել:
Անջատում` հանուն փրկության
Մի ուշագրավ փաստ էլ. Ադրբեջանը վերջերս սկսել է «մեծ սիրով ու մեծարանքով» ընդունել Հայաստանից իր երկիր փախած Հայաստանի քաղաքացիներին՝ այդպես ցույց տալով հայերի նկատմամբ իր «մարդասիրությունը»: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում Բաքու մեկնեցին Վահան Մարտիրոսյանը, Վահե Ավետյանը, Սյուզան Ջաղինյանը, նրանց միացած ծեր տատիկը եւ այլն: Նրանց ընդունելով՝ Ադրբեջանը փորձում է մարդասերի դիմակ հագնել` ապացուցելով, թե ինքը խնդիր չունի հայերի հետ, Հայաստանն է ագրեսոր:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Ոչինչ կամ առնվազն տեսանելի ոչինչ: Այստեղ թերեւս տեղին է հիշեցնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1996թ. ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում հնչեցրած խոսքերը` Հայաստանը ԼՂ խնդրում կշահի, եթե միջազգային ասպարեզում այն ներկայացնի «անջատում հանուն փրկության» դոկտրինի շրջանակներում:
Տեր-Պետրոսյանը ապրիլյան պատերազմից հետո էլ պնդեց այդ թեզը. «Էությունը հետեւյալն է. երբ որեւէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»։ Ադրբեջանը ԼՂ բնակչության նկատմամբ հենց այդպես էլ վարվում է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ֆինանսների նախարարությունը ինտերնետային տիրույթում գտնվող տեղեկությունների անվտանգությունը ապահովելու համար նոր վարչություն է ստեղծել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «it security» վարչությունը մասնավորապես վերահսկելու է նախարարության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը՝ բացառելով կայքը հնարավոր հարձակումներից կամ ինչ-ինչ ճանապարհով նախարարության գործունեության մասին տեղեկատվություն ստանալուց: Այս նոր վարչության հիմնումն ուշագրավ է այն առումով, որ մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է պետական ապարատի ծախսերի կրճատման եւ տնտեսումների մասին, նախարարություններում նոր ստորաբաժանումներ են ստեղծվում: Չնայած, ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այդ վարչությունում ներգարվել են նախարարության աշխատակիցներին՝ մի ստորաբաժանումից տեղափոխելով նորը:
ԲԱՆԿԵՐԸ ՀԱՄՈԶՈՒՄ ԵՆ
Վերջին շրջանում ՀՀ որոշ մարզերում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առեւտրային բանկերի վարկային գործակալները կա՛մ այցերի, կա՛մ հեռախոսազանգերի տեսքով գյուղացիներին հորդորում եւ «համոզում» են, որպեսզի վարկեր վերցնեն: Սակայն գյուղացիների մեծ մասը չի կարող օգտվել բանկերի առաջարկներից, քանի որ վարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով նրանք հայտնվել են սեւ ցուցակում: Ի դեպ, գյուղացիներին վարկեր վերցնելու գործընթացում իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ գյուղապետերը, որոնք ընկած տնետուն բնակիչներին համոզում են օգտվել բանկերի «ձեռնբացությունից»: Տեսակետ կա, որ այս ամենը արվում է խորհրդարանական ընտրությունների համար:
ՀՈՒՅՍԵՐ ՈՒ ՏԱԳՆԱՊՆԵՐ
Սերժ Սարգսյանը եւ, ընդհանրապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի մյուս մշտական ընթերցողները կարող են ուրախանալ. օրերս լույս է տեսել նրա հերթական գիրքը: Շքեղ թղթի վրա գունավոր տպագրությամբ ծավալուն այս գրքում հայերեն ու ռուսերեն լեզուներով ամփոփված են Գեղամյանի վերջին հոդվածները, ելույթները, հարցազրույցները, անգամ միջազգային կառույցներում նրա հնչեցրած թեկուզ եւ փոքր հարցերը: Գեղամյանի նոր ժողովածուն հարմարեցված է աշխարհաքաղաքական նոր իրավիճակին. գրքի շապիկին Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի, Ֆրանսուա Օլանդի լուսանկարներից բացի՝ տեղ է գտել ԱՄՆ նոր նախագահի՝ Դոնալդ Թրամփի լուսանկարը: Գիրքն էլ վերնագրված է «2016թ. տագնապների եւ հույսերի տարի»: Միայն թե Գեղամյանի գործունեությանը ուշադիր հետեւողների աչքից չի վրիպել, որ նոր գրքի վերնագիրը շատ նման է նախորդ տարի հրատարակվածին. այն կոչվում էր «Տագնապների եւ հույսի ժամանակները»: Ի դեպ, մեր թղթակցի աչքից չի վրիպել փաստը, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակում Գեղամյանի գրքերը տեղադրված են Լենինի հատորների կողքին:
ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ
Ռուսական կողմը շարունակում է անհրաժեշտ միջոցներ կիրառել Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի իրավունքները պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նա մի քանի քաղաքացիություն ունի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք պաշտպանել նրա շահերը իրավական կարգով»,- նշել է Պեսկովը: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը արտահանձնման որոշման կապակցությամբ խորը հիասթափություն էր հայտնել:
20-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ
«Շրջանառության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող սուբյեկտները եւ շրջանառության հարկ վճարողներն (ՀՀ-ում ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները) իրենց ընտրած հարկման դաշտի վերաբերյալ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 20-ը հաշվառման վայրի հարկային մարմին պետք է հայտարարություն ներկայացնեն: ՊԵԿ-ից երեկ տեղեկացրել են, որ նոր ստեղծված ընտանեկան ձեռնարկատերերն ու շրջանառության հարկ վճարողները հայտարարությունը ներկայացնում են պետական գրանցումից հետո 20-օրյա ժամկետում: Ընդ որում, ընտանեկան բիզնեսով զբաղվողները, հայտարարությունից բացի, պետք է ներկայացնեն նաեւ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: