ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վարդենիս քաղաքում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 17/ա շենքի բնակիչների փոխանցմամբ՝ շենքի կոյուղու համակարգն անսարք վիճակում է, չի գործում, եւ տեւական ժամանակ է, ինչ կոյուղաջրերը լցվում են շենքի մուտք եւ նկուղ: Բնակիչները հայտնեցին, որ Վարդենիսի քաղաքապետարանը հրաժարվում է կարգավորել՝ պատճառաբանելով, որ դա սեփականատերերի անելիքն է: Իսկ համատիրությունը, պարզվում է, մի քանի տարի առաջ է լուծարվել, քաղաքապետարանն էլ հրաժարվել է համապատասխան ֆինանսավորումն անել, որպեսզի բնակֆոնդը վճարվի: Ստացվում է՝ Վարդենիսի քաղաքապետարանը ձեռքերը լվանում է իր բնակիչների խնդիրներին լուծում տալուց: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանն ArmLur.am-ը փորձեց ստանալ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանից, ով լսելով հարցը` ասաց. «Բարի գիշեր»: Մեր երկրորդ զանգին Վոլոդյա Խլոյանը բարեհաճեց մի փոքր ավելի այժմեական պատասխան տալ. «Դա մեր իրավասությունների մեջ չի մտնում»: Ստացվում է` որեւէ մեկը իրավասու չէ լուծել բնակիչների առջեւ ծագած խնդիրը, եւ այն մնացել է օդում կախված:

 

 

 
ՀԱՐՑ. Քույրս բնակվում է ՌԴ-ում, սակայն չունի այնտեղի քաղաքացիություն: Նա ՀՀ քաղաքացի է, իսկ ամուսինը՝ ՌԴ քաղաքացի: Ուզում ենք իմանալ՝ նրանց երեխան ո՞ր երկրի քաղաքացիություն կարող է ունենալ:

Արմինե Հակոբյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե՝
– նա ծնվել է ՀՀ-ում, կամ
– ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
– ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացին չի կարող զրկվել ՀՀ քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից, բացի օրենքով նախատեսված դեպքերից: Ի դեպ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս կարող եմ փոխել իմ կենսաթոշակի տեսակը: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե այն փոփոխության ենթարկվի, ապա ես ո՞ր օրվանից կարող եմ ստանալ իմ կենսաթոշակը:

Մհեր Հարությունյան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:
Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակվում է՝
1. կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից (բայց ոչ շուտ, քան կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.
2. բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու oրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ oրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում.
3. կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) oրվանից (բայց ոչ շուտ, քան կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից), եթե կենuաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (օրենքով սահմանված դեպքում՝ անհայտ կորելու) oրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
4. զինծառայությունից արձակվելու օրվանից, եթե սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված զինծառայողը դիմել է այդ oրվանից հետո՝ վեց ամսվա ընքացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ վերոնշյալ ժամկետներից հետո դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:




Լրահոս