Վահե Հովհաննիսյանը չի մասնակցի ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Վահե Հովհաննիսյանը չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս կապակցությամբ նրա տարածած հայտարարության մեջ նշվում է․

«Հարգելի՛ գործընկերներ, ես որոշում եմ կայացրել չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Անկեղծ ասած՝ այս որոշումը կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ հրապարակվում է այսօր, երբ այն այլևս փոքր-ինչ անգամ չի կարող վնասել իմ թիմակիցների բանակցություններին և ծրագրերին։ Ցանկացած հարց ունի անհատական և հանրային տեսանկյուն։ Ես ինձ չեմ տեսնում այս ընտրական փուլում և չեմ տեսնում ինձ ապագա խորհրդարանում։ Բազմաթիվ անգամ հրապարակայնորեն հայտնել եմ իմ տեսակետները, փորձեմ մեկ անգամ ևս ամփոփել։

1. Ռեյտինգային ընտրակարգը քաղաքական հայացքների և տեսակետների պայքարը վերջնականապես տեղափոխեց փողի և կլանների ոլորտ։ Այն ոչ մի կապ չունի Հայաստանի զարգացման, արդար ընտրության, հասարակության առաջընթացի հետ։ Սա տանելու է հասարակական գործընթացների է՛լ ավելի արժեզրկման, արժեքների այլասերման, հասարակության ատոմիզացիայի, ինչը բնորոշ է պետություն չունեցող ժողովուրդներին։

2. Հայաստանում քաղաքական միտքը համարժեք չէ Հայաստանի առաջ կանգնած վտանգներին։ Չկա և վստահաբար չի լինելու խորքային բանավեճ՝ երկրի անվտանգության, Ղարաբաղի հարցի և մյուս՝ հրատապ ու իրապես վտանգավոր մարտահրավերների շուրջ։ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ քաղաքական դաշտը դրան պատասխանում է հիմնականում պոպուլիզմով, պաթետիկ հայրենասիրությամբ ու հաճախ՝ անելիքի չիմացության անթաքույց դրսևորմամբ։

3. Մեր հասարակության որակները գնալով նմանվում են պետություն չունեցող ժողովուրդների որակներին։ Ակնկալվող ընտրակաշառքի հանդեպ խանդավառությունն ուղղակի ցավ է առաջացնում։ Հասարակության հիշողությունը ապրիլից ապրիլ չտևեց։ Թվում է՝ հասարակությունը պետք է ընդվզեր, որովհետև այն անաշխատ միլիարդները, որոնք բաժանելու են տարբեր կուսակցությունների ռեյտինգային թեկնածուները, հերիք էր՝ առաջին գծի անվտանգությունը բարձրացնելու, գիշերային դիտման սարքավորումները տեղադրելու, զրահաբաճկոնները բոլորին հերիքեցնելու, պայմանագրային արհեստավարժ միավորումներ ունենալու, խրամատների ինժեներական ապահովությունը բարձրացնելու և այլնի համար։ Այն հիմնական խնդիրների լուծման համար, որոնց պատճառով մենք ուղիղ մեկ տարի առաջ ունեցանք հարյուրից ավելի զոհեր։ Ուղղակի մարդկայնորեն պետք է անհնար լինել այդ միլիոնների բաժանումը և վերցնելը։ Բայց իրականությունը լրիվ հակառակն է։

4. Կորել է իրականության և քաղաքական դաշտի կապը։ Բլինդաժն ու ամբիոնը անպայման որոշակի տրամաբանության մեջ պետք է լինեն։ Սահմանային լարվածությունը, միջադեպերը մեր քաղաքական դաշտի օրակարգում չկան։ Զոհը կամ վիրավորը միայն ընթացիկ լրահոսի մեջ են։

5. Ես իմ մեջ չունեմ՝ «ո՞ւր է գնում երկիրը» հարցի պատասխանը։ Փողով կարելի է Ազգային ժողով ձևավորել, բաց փողով նոր պետական վերնախավ ձևավորելը բացառված է։ Պետությանն այսօր նոր պետական վերնախավ է պետք է, որը նոր օրակարգ կդնի, նոր մոտեցումներ, նոր խնդիրներ։ Հակառակ դեպքում մենք, ընտրացուցակային մանր առևտրով տարված, ծանրագույն խնդիրների առաջ ենք կանգնելու։ Նոր վերանախավի պատմական անհրաժեշտությունն ապացուցում է նաև այն փաստը, որ բոլոր քաղաքական ուժերում կան լուրջ մարդիկ, իշխանության մեջ և իշխանությունից դուրս կան գրագետ ու պարկեշտ մարդիկ, բայց չկա մեխանիզմ, որով նրանք կարողանան օգտակար լինել երկրին, փոխեն ընթացքը։

Այս մտահոգություններն են իմ չառաջադրման, ԱԺ պատգամավոր չվերընտրվելու իմ որոշման հիմքում։ Ես շնորհակալություն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին, Սեյրան Օհանյանին և Վարդան Օսկանյանին՝ միասին ընտրություններին մասնակցելու առաջարկների համար։ Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այն դաշինքը, որում ընգրկված են իմ ընկերները, հաջողություն ունենա առաջիկա ընտրություններում, որովհետև նրանք պարկեշտ ու սկզբունքային մարդիկ են։ Նրանց հետ միասին մենք այս տարիների ընթացքում չփոխեցինք մեր դիրքորոշումները՝ անկախ դրամատիկ զարգացումներից, ճնշումներից ու ամենատարբեր գրավիչ առաջարկներից։ Համոզված եմ, որ խորհրդարանից դուրս ես կգտնեմ իմ տեղն ու դերը՝ օգտակար լինելու թե՛ նրանց, թե՛ երկրին»։




Լրահոս