Անցած շաբաթ օրը տեղի ունեցած ԳՄ նիստից հետո ՀՀԿ-ն հրապարակեց տարածքային, այսինքն՝ ռեյտինգային ցուցակով առաջադրվող թեկնածուների անունները: Եվ ուշագրավ էր, որ այդ ցուցակում բացակայում էին Հանրապետականի քաղաքական դեմքերը, նրանք, ովքեր տարիների ընթացքում հայտնել են իրենց կուսակցության պաշտոնական դիրքորոշումները, հնչեցրել են քաղաքական ելույթներ, մի խոսքով՝ քաղաքականության մեջ «պրոֆեսիոնալ» ակտիվություն դրսեւորած անձինք:
Ինչո՞վ է սա պայմանավորված: Իհարկե, ակնհայտ է, որ իշխանության համար ռեյտինգային նախընտրելի թեկնածուները նրանք են, ովքեր հնարավորություն եւ ազդեցություն ունեն իրենց ընտրատարածքներում՝ տարբեր «ոչ քաղաքական» եղանակներով կուսակցության համար ձայներ ապահովելու «սեւագործ աշխատանքի» հարմար: Իսկ ահա քաղաքական դեմքերի հաջողութունն այս առումով, գոնե ՀՀԿ-ի դեպքում, խիստ կասկածահարույց է: Համենայն դեպս, իրենք՝ ՀՀԿ-ականները, փաստորեն, այդպես են մտածել՝ ռեյտինգային ցուցակում չընդգրկելով քաղաքական դեմքերի:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչու ՀՀԿ-ի, այսպես ասած, քաղաքական դեմքերը, մասնավորապես Գագիկ Մելիքյանը, Գագիկ Մինասյանը եւ այլք, չեն առաջադրվում կուսակցության ռեյտինգային ցուցակներով, որովհետեւ չե՞ն կարող ձայներ ապահովել: Ի պատասխան՝ Շարմազանովն ընդամենը նշեց. «Որովհետեւ այդպես է նպատակահարմար»: Բնականաբար, նպատակահարմար է այդպես, որովհետեւ դժվար թե ՀՀԿ-ն դիմի ռիսկի, այն էլ այս փուլում, երբ կուսակցության անցկացրած գաղտնի հարցումների արդյունքները աննախադեպ մտահոգիչ են եղել ՀՀԿ-ի համար:
Այս իրավիճակում տեղին կլինի հիշատակել ԱԺ ՀՅԴ խմբակցության երջանկահիշատակ ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքերը, երբ վերջինս 2013 թվականի մայիսի 22-ին ԱԺ-ում ներկայացրեց իր տեսակետը կառավարության ծրագրի մասին:
Դիմելով ՀՀԿ-ականներին՝ նա ասաց. «Ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են ընդդիմության պառակտումների վրա, առաջին հանրապետության անկումի վրա: Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք, որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղե՛րք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Նարեկ Սարգսյան