Ինչ հարցեր են բարձրացրել Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սէֆիլյանը և Մարտիրոս Հակոբյանը ՄԻՊ աշխատակիցների այցելության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի Նոյեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղաբաշխված կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի պահման պայմանների ուսումնասիրության նպատակով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և Արագ արձագանքման վարչությունների մասնագետները 2017 թվականի փետրվարի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Կատարված այցելության ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց՝ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Մարտիրոս Հակոբյանի հետ, մանրամասն ուսումնասիրել վերջիններիս խցային պայմանները:

Մարտիրոս Հակոբյանը բարձրացրել է կենցաղի ապահովման հետ կապված հարցեր, որոնք աշխատանքային կարգով քննարկվել են վարչակազմի հետ։ Պահման պայմանների վերաբերյալ այլ հարցեր չեն բարձրացվել:

Ժիրայր Սեֆիլյանի կողմից բարձրացվել է իր պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու մասին հարցը:

Պաշտպանի տեսակցելու թույլտվությունը մերժելու, ինչպես նաև արձանագրված այլ խնդիրների կապակցությամբ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ:

Քրեակատարողական հիմնարկներ իրականացվող չհայտարարված այցելությունները կրելու են շարունակական բնույթ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս