«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը նախորդ շաբաթ ստացավ մաքսային ծառայության գեներալի կոչում եւ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Թե ինչ խորհուրդ պետք է տա Կարեն Կարապետյանին Հրազդանի ցեմենտի գործարանի լաբորանտ աշխատած Սանամյանը, դժվար է ասել: Բայց փաստ է, որ նրան խորհրդականի պաշտոնը խիստ անհրաժեշտ է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծիքներ կազմակերպելու համար:
Սանամյանը, որ Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ Բարսեղ) փեսան է, հանրությանն առավել հայտնի է ընտրակեղծարարի իր իմիջով. Հրազդանում նա անձամբ էր շրջում ընտրատարածքներում եւ կեղծիքների հրահանգներ տալիս` հօգուտ քաղաքապետ Արամ Դանիելյանի: Հիմա էլ նրան այդ դերակատարմամբ է Սերժ Սարգսյանը գործուղել Կոտայքի մարզ` առաջադրվելու ԱԺ պատգամավորի թեկնածու: Նա խոստացել է սեփական միջոցներով (իսկ դրանք հսկայական են, որին դեռ կանդրադառնանք) մարզում «կոտրել» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ձայները:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սանամյանն էլ է սկսել ցուցակագրումներ անել, անհնազանդներին զգուշացնել, որ իր համար չաշխատելու դեպքում խնդիրներ կունենան, ինչպես նաեւ խոստումներ է շռայլում, թե «մեծ գումարներ» են պտտվելու, միայն թե կարողանա ձայներ հավաքել:
Հուսանք` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հատկապես իր խորհրդականի դեպքում հետամուտ կլինի, որպեսզի նա պահի գործադիրի ղեկավարի խոսքերը. այն է` պաշտոնական լծակները կուսակցական շահերին ծառայեցնողները արջի ծառայություն են մատուցում իշխանություններին: Սանամյանի քայլերը արջի ծառայության են նմանվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: