2016 թ. ապրիլի 16-ին ժամկետային զինծառայող Արտակ Պետրոսյանը «Եղնիկների» դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս ստացել է կոնքոսկրի կոտրվածք:
Նշենք, որ Արտակը երրորդ կարգի հաշմանդամ է:
ArmLur.am-ի հետ զրույցում Արտակը պատմեց, որ դիրքերում թաքստոցներ պատրաստելու ընթացքում, գերանները տեղափոխելիս անբարենպաստ պայմանների պատճառով ոտքը սայթաքել է, արդյունքում գերանն ընկել է, սակայն նա չի հասցրել փախչել. « Ոտքս ցեխի վրա եմ դրել սղացել ա: Ստացել եմ պոչուկի և կոնքերի կոտրվածք: Ձախ ոտքս երկու տեղից, աջը կոնքս մի տեղից, իսկ պոչուկս բեկորային»:
Արտակին ապրիլի 17-ին տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ:
« Հոսպիտալում 40 օր անշարժ վիճակում պառկելուց հետո աստիճանաբար սկսել եմ վարժություններ անել, հետո խադունոկով եմ քայլել, ապա ձեռնափայտերով, բայց մինչև հիմա ձախ ոտքի մկանների, մեջքի շրջանում ցավեր ունեմ: Ռենտգենը նայել ենք. ոտքիս կարճություն կա: Ասում են` ջարդվածը երբեք իդեալական չի կպնում, երևի սփոփում են էլի, բայց ես զգում եմ, որ կարճություն կա»,-ասաց նա:
Պետրոսյանների ընտանիքում միայն Արտակի հայրը՝ Արամայիս Պետրոսյանն է աշխատում: Բնակվում են 3 հարկանի վթարային շենքում: Բնակարանն ունի վերանորոգման կարիք. «Ապրում ենք, ոնց բոլորը: Էս երկրում ոնց կարա մարդ բարեկեցիկ կյանքով ապրի»:
Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից աջակցություն ստացել է ընդամենը 2 հարյուր հազար դրամ. «Գալիս էին պալատները մտնում ասում էին, ով ա՞ քառօրյա պատերազմի մասնակից: Ես, որ 16-ին եմ վիրավորվել ի՞նչ տարբերություն, ի՞նչ կապ ունի»:
Լիդա Եղիազարյան