Դեռեւս նախորդ տարվա սեպտեմբերի 7-ին ՊԲ N զորամասում 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի սպանության գործը, կարծես, նոր փուլ է թեւակոխում:
ArmLur.am-ին ընթացող զարգացումների մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Ղանդիլյանի սպանության մեջ մեղադրվող Հայկ Սեյրանյանը, ով նրա ծառայակիցն էր, զորացրվել է:
Արդյոք կարճվե՞լ է քրեական գործը: Ի պատասխան ArmLur.am-ի հարցի՝ սպանված զինվորի հայրը՝ Ալիկ Ղանդիլյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ Սեյրանյանին, չնայած այն հանգամանքին, որ նա ընդունել էր մեղքը, այդուհանդերձ մեղադրանք այդպես էլ չի առաջադրվել:
Մեր զրուցակիցը պատմեց, որ քննիչը եւ դատախազն իրեն ասել են, որ նման գործերը դատարան չեն մտնում՝ պատճառաբանելով, որ դիտավորություն կատարվածում չկա. «Այնքան դեպքեր են լինում բանակում, որ ծառայակիցներն իրար թեթեւ հարվածում են, գնում տարիներով կալանավորված են մնում: Իսկ այս դեպքում ինչո՞ւ այսպես եղավ: Ի՞նչ է սա նշանակում: Ես երեխա եմ կորցրել, ոչ մեկ պատասխան չի՞ տալու: Սա ի՞նչ արդարադատություն է: Ես հո չեմ ուզում, որ իրական սպանողը տարիներով անազատության մեջ մնա, բայց ծնող եմ, գոնե մեկը պատասխան չի՞ տալու»,- վրդովված ասաց Ալիկ Ղանդիլյանը:
Վերջինս հայտնեց նաեւ, որ վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել պատահականության վարկածը, սակայն միեւնույն ժամանակ ինքը վստահ է, որ դա չի նշանակում, որ մեղադրվող անձը պետք է ազատության մեջ մնա հենց այն պահից, երբ իր պարտադիր զինծառայության ժամկետը լրացել է:
«Քննիչի եւ դատախազի հետ խոսելիս տպավորություն ստեղծվեց, որ գործը կարճելու մտադրություն ունի: Իսկ եթե նման բան լինի, ես բողոքարկելու եմ, գնալու եմ մինչեւ վերջ: Հիմա դատաձգաբանական փորձաքննության ավարտին են սպասում: Տեսնենք՝ ինչ եզրակացություն կտրվի»,- շարունակեց ներկայացնել սպանված զինծառայողի հայրը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մեղադրյալ Հայկ Սեյրանն իրավապահներին ասել է, թե Արմանին շփոթել է հակառակորդի հետ: Իսկ խնդրահարույցն այստեղ այն է, որ Հայկ Սեյրանյանը տուժածին չի հարցրել գաղտնաբառը:
Հիշեցնենք, որ դեպքից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ կատարվածը թյուրիմացության հետեւանք է. Արմանի ծառայակից ընկերը, ըստ այդ տեղեկությունների, նրանից գաղտնաբառ է հարցրել, վերջինս չի կարողացել պատասխանել, նա էլ շփոթել է Ղանդիլյանին հակառակորդի հետ ու մահացու կրակահերթ արձակել: Իսկ ըստ պաշտոնական հաղորդագրության` Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում:
Ավելի վաղ զինծառայողի հայրը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր. «Մեղադրանքում ասվում է, որ Հայկ Իգորի Սեյրանյանը, ով ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող թիվ N մարտական դիրքում որպես դիտորդ է եղել, սեպտեմբերի 7-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ուշադրությունը շեղելով՝ թուլացրել է աչալրջությունը եւ դիտորդի պարտականությունները կատարել է ոչ առույգ, որի հետեւանքով չի տեսել մյուս դիտորդ, ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող շարքային Արման Ղանդիլյանին դիրքի դիտակետ տանող խրամատի աջ մասում կառուցված խրամաբջիջ բարձրանալիս:
Եվ քիչ անց նկատելով նշված խրամաբջջի հողաթմբի վրա Ա. Ղանդիլյանի գլխի սիլուետը, առանց նշանաբառ պահանջելու՝ նախապես լիցքավորված, իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Ղանդիլյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ձախ այտի շրջանում ստացել է հրազենային գնդակային միջանցիկ, մահացու վիրավորում»:
Ինչպես հայտնի է՝ դեպքից օրեր առաջ Ղանդիլյանի մի քանի այլ ծառայակիցներ, որոնց ինքնությունը չի հաղորդվել, նրա անձնական իրերից էին գողացել: Արդյոք այս մասով քննություն ընթացել է, դեռեւս հայտնի չէ:
Տաթեւ Հարությունյան