Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թեւակոխում: Ինչպես հայտնի է` պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ ջնջված էին՝ նշմամբ, թե անվավեր է: Եվ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Եվ այսպես՝ դեռեւս 2016 թվականի նոյեմբերին անդրարձել էինք ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների զինգրքույկների շուրջ ծավալված աղմուկին՝ ահազանգելով, որ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ նշումից հետո ջնջված էին: Խնդիրն առավել մեծ հնչեղություն ստացավ 2017 թվականին, երբ մի քանի զինվորներ հրապարակեցին իրենց զինգրքույկները, որտեղ ակնհայտ երեւում էին համապատասխան ջնջումները: Կարճ ժամանակ անց ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: Արդյունքում, ԼՂՀ ՊԲ զորամասի մի քանի հրամանատարներ նկատողություն ստացան, ու այդքանով, ըստ էության, հարցը համարվեց փակված:
Մինչդեռ բազմաթիվ զինվորների դեպքում նշումների խնդիրը մնում է չլուծված: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում են հայտնվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայողների մի քանի զինգրքույկներ: Հարազատները պնդում են, որ իրենց երեխաները մասնակցել են մարտական գործողություններին, սակայն նրանց զինգրքույկներում համապատասխան նշման դիմաց գրվել է անվավեր (զինվորների անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, Ք. Մ): Ի դեպ, վերոնշյալ զինվորներից մեկի խնդրով այս օրերին զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Արդեն գրել ենք, որ շատ զինվորներ էլ մասնակցել են քառօրյա պատերազմին, եղել մարտական գործողությունների մեջ, սակայն նրանց զինգրքույկներում ընդհանրապես նշված չի եղել, որ նրանք քառօրյա պատերազմի մասնակից են եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտաշատ քաղաքի բնակիչ Կարեն Աբրահամյանը հայտնեց, որ ծառայել է ԼՂՀ ՊԲ N զորամասում.«Ապրիլի 1-ին իջել ենք զորամաս, երբ սկսվել է պատերազմ, ապրիլի 2-ին անմիջապես բարձրացել եմ դիրքեր: Մարտական գործողություններին անձամբ մասնակցել եմ: 4 ամիս եղել եմ դիրքերում: 2016 թվականի հուլիսին զորացրվեցի, մինչդեռ պետք է զորացրվեի հունիս ամսին: Ինձ 15 օր ավել պահեցին պոստերում, ինչեւէ, ի վերջո ստացա զինգրքույկը, որտեղ նշված չէր, որ քառօրյա պատերազմի մասնակից եմ եղել»:
Կարեն Աբրահամյանի խոսքով՝ ինքը դիմել է Արտաշատի տարածքային զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ասել են, թե ոչ մի բանով չենք կարող օգնել, պետք է դիմես քո զորամաս. «Դիմումը գրեցինք, ուղարկեցինք զինգրքույկս զորամաս, սակայն ոնց ուղարկեցինք, այդպես էլ հետ եկավ, ոչ մի փոփոխություն: Հիմա էլ բանակից եկել եմ, խնդիրներ ունեմ, գնացի առաջին համալսարանական հիվանդանոց, պոչկաներիս մեջ քարեր ունեմ, անվճար ստուգեցին, բայց հետո ասացին՝ խորը ստուգման համար պետք է 80 հազար դրամ վճարես: Դե, էլ չասեմ՝ հետո վիրահատության համար ինչքան կուզեն»:
Ու մինչ այս օրերին իրավապաշտպանները կամ զինվորների հարազատները փորձում են ապացուցել, որ իրենց երեխաները մարտական գործողությունների մասնակից են եղել, գործին են խառնվել նաեւ իրավապահները:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում զինվորների զինգրքույկներում տեղ գտած խնդրի բուն էությունը հասկանալու եւ պարզելու համար՝ դրված նշումը հետագայում անվավեր համարելը միտումնավո՞ր է արվել, թե՞ անփութության արդյունքում: Սակայն հարկ է նշել, որ պաշտոնական անփութությունը կոնկրետ քրեական հանցանք է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հատկանիշներով:
Պարզեցինք նաեւ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը համապատասխան գրություններ է ուղարկել պատկան մարմիններին՝ հիմնավոր պարզաբանումներ ներկայացնելու պահանջով: Նշենք, որ այս գործընթացում հիմք են հանդիսացել նաեւ ԶԼՄ-ների հրապարակումները:
Եվ այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մեր կողմից ներկայացված զինգրքույկներից մեկում հստակ նշված է, թե զինվորը ԼՂՀ ՊԲ որ զորամասում է ծառայել եւ, առհասարակ, ով է եղել վերոնշյալ զորամասի շտաբի պետը: Մնում է, որ իրավապահները հետեւողական լինեն իրենց գործողություններում եւ պատասխանատվության կանչեն ոլորտի պաշտոնատար անձանց:
Քնար Մանուկյան