«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ` 5 կուսակցություն եւ 4 դաշինք: Ընդ որում, նրանք բոլորն իրենց ռեյտինգային ու համամասնական ընտրացուցակները ներկայացրել են առաջադրումների համար նախատեսված վերջին օրը:
Եւ այսպես՝ իշխանական կոալիցիայի անդամ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ` «Հայկական վերածնունդը», «Ազատ դեմոկրատներն» ու Կոմկուսն ընտրություններին մասնակցելու են միայակ: Իսկ չորս դաշինքները հետեւյալն են` «Կոնգրես-ՀԺԿ», «Ծառուկյան» դաշինք, որին մաս են կազմել ԲՀԿ եւ Առաքելություն կուսակցությունները, «Ելք» դաշինքը, որ ձեւավորվեց «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից, ինչպես նաեւ` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որին անդամակցում են «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցությունները:
Այս ուժերի հիմնական պայքարն ընթանալու է պատգամավորական առնվազն 101 տեղի համար, սակայն եթե ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն չձեւավորվի, կոալիցիա չկազմավորվի, ապա կանցկացվի նաեւ երկրորդ փուլ` ամենաշատ ձայն ստացած երկու կուսակցությունների միջեւ, եւ, ըստ այդմ, պատգամավորական տեղերը կարող են ավելանալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: