«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամասիայի տարածաշրջանից «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման են ենթարկել և պատվիրել ընտրությունների ժամանակ աշխատել իրենց համար:
Գագիկ Խաչատրյանը ծնունդով Ամասիա գյուղից է, բացի այդ Եղվարդում նա հսկայական բիզնես՝ ջերմոցներ, կաթնամթերքի գործարան ու աշխատողներ ունի: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջաններում աշխատել ու Հանրապետական կուսակցության համար ձայներ բերել:
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- այս լուրը մեկնաբանելով՝ ընդամենն ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Իհարկե, իշխանությունները Գագիկ Խաչատրյանին չեն առաջարկել կուսակցության ո՛չ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակում ընդգրկվել, բայց նա այդ տարածաշրջանում նախկին պատգամավոր և նորից ցուցակից դուրս մնացած Աշոտ Աղաբաբյանի նման պետք է փորձի ՀՀԿ-ի համար ձայներ բերել:
Նա նաև այդ գործերը կազմակերպելու համար պետք է ծախսի սեփական, այսինքն՝ նախկինում արտոնյալ վիճակներում գտնված իր բիզնեսներով աշխատած միջոցները, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանային գծում տեխնիկական միջոցներ տեղադրելու ժամանակ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: