ԵԿՄ համագումարը կսատարի ՀՀԿ–ին. Իշխան Զաքարյանը, Սեյրան Օհանյանն ու Վարդան Ղուկասյանը չեն հրավիրվել. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում կայանալու է Երկրապահ կամավորականների միության համագումարը, որին «Փաստի» տեղեկություններով, ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարը ԵԿՄ նոր վարչություն է ընտրելու, որի կազմում չեն լինի ԵԿՄ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքին միացած Իշխան Զաքարյանը, ընդդիմադիր դարձած ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը և Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երեկվա դրությամբ նրանց հրավեր ուղարկված չէր:

ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը «Փաստի» հարցին ի պատասխան ասաց. «Սեյրան Օհանյանն ու Վարդան Ղուկասյանը հիմա ԵԿՄ վարչության անդամ չեն, 2014 թ.–ին անցկացված համագումարում իրենք չեն ընտրվել վարչության կազմում: Իշխան Զաքարյանը ունի մանդատ և եթե ցանկանում է, կարող է մասնակցել»: Հնարավո՞ր է Սեյրան Օհանյանը հեռացվի ԵԿՄ–ից` հարցին, ԵԿՄ խոսնակը պատասխանեց. «Չկա դեպք, որ մեկը հայացքների համար հեռացված լինի ԵԿՄ–ից: ԵԿՄ–ից հեռացվում են կանոնադրական խախտումների և հայրենիքի դավաճանության համար: Կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը նման բան թույլ չի տվել»: ԵԿՄ համագումարը բանաձև է ընդունելու առաջիկա ընտրություններում ՀՀԿ–ին սատարելու մասին:

«Ընդունվելու է հայտարարություն, որում գնահատականներ կլինեն երկրում առկա բոլոր կարևոր պրոցեսներին: Իհարկե նաև անդրադարձ կլինի ընտրություններին»,– ասաց խոսնակը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս