Հարց քաղաքացիներից` որևէ կերպ հնարավոր չէ՞ վերադարձնել քարտի հաշվից պակասած գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կորցրել եմ բանկային իմ քարտը, որի վրա կար գումար: Դիմեցի բանկ, որպեսզի կասեցնեն այն: Բանկից ասացին, որ իմ քարտի հաշվից գումար է պակասել՝ տեղեկացնելով նաեւ, թե երբ եւ որ բանկոմատից են հանել իմ գումարը: Խնդրում եմ ասեք՝ որեւէ կերպ հնարավոր չէ՞ վերադարձնել պակասած գումարը:

Նարինե Ասլանյան (30 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քարտի կորստի կամ գողության դեպքում պետք է անմիջապես տեղեկացնել քարտը թողարկող բանկին եւ դադարեցնել քարտի գործունեությունը: Յուրաքանչյուր բանկ եւ վճարահաշվարկային համակարգ (Arca, Visa, Master, American Expres եւ այլն) իրենք են սահմանում քարտերի օգտագործման կանոնները, ուստի անհրաժեշտ է տեղեկանալ Ձեր բանկի եւ Ձեր քարտի հետ կապված առանձնահատկություններին: Սակայն շուկայական ընդունված վարվելակերպի համաձայն՝ հաճախորդը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ քարտի անվտանգությունն ապահովելու եւ դրա անթույլատրելի օգտագործումը բացառելու համար: Մինչեւ բանկին կորստի կամ գողության մասին տեղեկացնելը, քարտապանն ինքն է կրում քարտի հետ կատարված գործարքների հետ կապված պատասխանատվությունը:

Եթե չեք դիմել բանկին, եւ Ձեր քարտով արդեն իսկ կատարվել են գործարքներ այլ անձանց կողմից, պետք է գործարքների բողոքարկման դիմում գրել Ձեր բանկին, որից հետո վերջինս քայլեր կձեռնարկի պարզելու խնդիրը եւ լուծելու: Արդյունքներից գոհ չլինելու դեպքում կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեկ բանկային օրվա ընթացքում բանավոր տեղեկացումից հետո անհրաժեշտ է գրավոր հավաստագրում: Նշենք, որ քարտը արգելափակելիս գանձվում է վճար` համաձայն բանկում գործող սակագների:




Լրահոս