«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ է գտնվում, հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է.
«Շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու համար:
Մեր ժողովուրդը զրկված է ազատ և արդար ընտրությունների միջոցով իր կառավարությունը ընտրելու հիմնարար իրավունքից: Ժողովրդի իշխանությունը յուրացրած և երկրում սահմանադրական կարգը տապալած ուժերը պարբերաբար անցկացնում են շինծու քվեարկություններ, որոնց արդյունքը լինում է նախապես կանխորոշված:
Նման «ընտրությունները» միշտ սկսվում են հանրապետական կուսակցության խոստումով՝ երաշխավորել անբիծ քվեարկության անցկացումը, սակայն շատ արագ վերածվում են ընդդիմադիր կուսակությունների և անկախ դիտորդների ահաբեկման, քաղաքացիներին ճնշելու և կաշառելու տհաճ գործընթացի:
Համաշխարհային փորձը վկայում է, որ նման հանցավոր ռեժիմներին, ինչպիսին հաստատված է Հայաստանում, հնարավոր է հաղթահարել համազգային մասշտաբների հասնող քաղաքական շարժումների միջոցով:
Նման շարժումների առկայությունը անհրաժեշտ պայման է, որ թույլ է տալիս ընդդիմադիր կուսակցություններին կասեցնել միմյանց հետ մրցակցությունը և միավորվել հանցավոր ռեժիմի հեռացման գործում:
Չորս տարի առաջ ես միացա մեր ժողովրդի հիմնարար իրավունքների համար պայքարին, որպես նախագահի անկախ թեկնածու: Այսօր նույնպես միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին՝ որպես անկախ, ոչ կուսակցական թեկնածու, նպատակ դնելով իմ առջև՝ ամրացնել ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հանրության կապերը Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու գործում:
Անդրիաս Ղուկասյան
«Նուբարաշեն» ՔԿՀ
17 փետրվարի, 2017թ»: