Պոլսի պատրիարքության հոգևոր խորհրդի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականից հետո պատրիարքի ընտրության շուրջ համայնքում սկսված քաոսը կարգավորման միտումներ է ցույց տալիս:
Փետրվարի 16-ին Ստամբուլի Գումգափը թաղամասում գտնվող Պոլսի հայոց պատրիարքարանում վիճաբանություններով ու ծեծկռտուքով ուղեկցված ժողովների արդյունքում համայնքի ներկայացուցիչների կողմից ընտրական արձանագրություն է ստորագրվել: Ստորագրված արձանագրությամբ պատրիարքի ընտրության նախնական օր է նշանակվել 2017 թվականի մայիսի 28-ը: Արձանագրության տակ ստորագրել են համայնքի 13 ներկայացուցիչ, որոնց թվում են պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Տիգրան Գյուլմեզգիլը, Էրոլ Էրգանը, Մելքոն Քարաքյոսեն, Հայկ Ասլանյանը, Վազգեն Բարընը, Գեվորգ Օքչուն և այլոք:
Հայկական «Ակոս» թերթը հրապարակել է արձանագրության տեքստը, որի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.
«Պատրիարքի ընտրության հետ կապված վերջին զարգացումները մեր համայնքում անկանխատեսելի հետևանքներով լի պայթյունավտանգ մթնոլորտ է ստեղծում: Հարգարժան արքեպիսկոպոս Արամը և եպիսկոպոս Սահակը համայնքի առաջադեմ ներկայացուցիչների հետ միասին հանդիպել և ստորագրել են մի արձանագրություն, որը համայնքում խաղաղություն կապահովվի մինև պատրիարքի ընտրությունները:
1. Անմիջապես պետք է տեղապահի ընտրություն անցկացվի: Պետք է ունենանք հարգարժան տեղապահ:
2. Փետրվարի 18-ին տեղապահի կողմից հրավիրված հոգևոր խորհուրդը և համայնքի ներկայացուցիչները պետք է ընտրեն 15 հոգանոց նախաձեռնող խումբ: Նրանցից 2-ը պետք է հոգևորական լինեն:
3. Փետրվարի 20-ին տեղապահը և նախաձեռնող խումբը միասին պետք է գրեն համապատասխան դիմում և ներկայացնեն նահանգապետարան:
4. Մինչև ընտրությունները Արամ սրբազանը պետք է շարունակի պաշտոնավարումը որպես ընդհանուր փոխանորդ, սակայն ընտրական գործընթացի հետ որևէ կապ չպետք է ունենա և չպետք է միջամտի դրանց:
5. 2017-ի մայիսի 28-ը ընտրությունների ենթադրայալ ամսաթիվն է»: