Երեկ, ի թիվս այլ կուսակցությունների, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Արդյո՞ք կուսակցությունը նոր է նման որոշում կայացրել, որեւէ դաշինքի մաս կազմելու ցանկություն չի ունեցե՞լ. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Կոմունիստական կուսակցությունը եւս ԿԸՀ է ներկայացրել իր փաստաթղթերը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ որոշումը նո՞ր եք կայացրել, թե՞ վաղուց նման մտադրություն ունեիք:
-Ուրեմն, նախորդ՝ 2012 թվականի ընտրություններում ոչ օբյեկտիվ ընտրական կամպանիա ծավալելու եւ իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու պատճառով մենք չհայտնվեցինք Ազգային ժողովում:
Դրանից անմիջապես հետո Կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց, որ պետք է, ինչպես կարգն է, պատրաստվել եւ մասնակցել 2017 թվականի ընտրություններին եւ հաղթահարելով հինգ տոկոսի շեմը՝ անցնել ԱԺ: Եթե մենք չունենք լրատվամիջոց մեր տրամադրության տակ, չունենք մամուլ, չունենք հեռուստատեսություն, դա չի նշանակում, որ մենք չենք նախապատրաստվում եւ չենք մասնակցելու ընտրություններին:
Վերջին մեկ տարին մենք ամբողջությամբ պատրաստվել ենք եւ ԿԸՀ ենք ներկայացրել 173-174 հոգուց բաղկացած ցուցակ: Ընդ որում, ասեմ, որ շատ շատերին մենք մերժեցինք եւ մեր ցուցակում չընդգրկեցինք:
-Վերջին շրջանում բազմաթիվ նախընտրական դաշինքներ ստեղծվեցին: Դուք մտադրություն չե՞ք ունեցել որեւէ դաշինքի մաս կազմել:
-Ուրեմն, քանի որ քաղաքական դաշտում չկա այն կուսակցությունը, որը համահունչ լինի, կիսի մեր գաղափարախոսությունը, հետեւաբար մենք հարմար չգտանք միավորվել որեւէ կուսակցության՝ բացառությամբ Առաջադիմական կոմունիստական կուսակցությունից, որի գաղափարը նույնն է, ինչ որ մերը: Դրա համար մենք որոշել ենք, որ միասին գնալու ենք Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ:
-Իսկ Ձեզ այլ դաշինքներից առաջարկ եղե՞լ է:
-Այդ հարցին հիմա հարմար չեմ գտնում պատասխանել, թույլ տվեք չպատասխանել:
-Դուք կարծում եք, որ գալիք խորհրդարանում հայտնվելու համար բավարա՞ր շանսեր ունեք:
-Գիտեք ինչ, մենք այնպիսի մարդկային բազա ունենք: Նա, ով տիրապետում է հանրապետության բնակչության տոկոսային հարաբերությանը, կտեսնի, որ ամենամեծ բազան ունի Կոմունիստական կուսակցությունը, որովհետեւ Կոմունիստական կուսակցությունը 70 երկար ու ձիգ տարիներ ստեղծելով, արարելով հանրապետությունը՝ այդ մարդկանց մեծ մասը դեռեւս ապրում է, մեզ հետ է եւ մեր համակիրներն ու մեր կուսակիցներն են, դրա համար մեծ բազա ունի Կոմունիստական կուսակցությունը եւ հետեւաբար՝ մեծ հնարավորություն ԱԺ տեղափոխվելու համար:
-Իսկ ռեյտինգային թեկնածուների խնդիր չե՞ք ունեցել:
-Բոլոր 13 ընտրական տեղամասերում մենք ունենք 10-12 թեկնածուներ, հեղինակավոր, ճանաչված, հարգված մարդիկ: Մեր շարքերում չկա մի մարդ, ով մեկ այլ կուսակցությունից եկած լինի մեզ մոտ: Մեր կոնտինգենտը հաստատուն կոմունիստներ են, զտարյուն:
Վահագն Հակոբյան