ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարեց ամուսինների բնակարանից կատարված գողությունը, 2 անձ ձերբակալվել է:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 23-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինի մուտք են գործել 1927թ. ծնված տղամարդու բնակարան և գաղտնի հափշտակել խոշոր չափերի հասնող, տարբեր արտարժույթների կանխիկ գումար, ոսկյա ականջօղեր, սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, լապտեր, օպտիկական ակնոց և «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։ Բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող:
Ձեռնարված գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր 2017թ. փետրվարի 15-ին ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: