Կարճատեւ, ծանր հիվանդությունից հետո 2017թվականի փետրվարի 11-ին վախճանվել է Ռուզաննա Աղասիի Չալկատրյանը:
Ռուզաննա Չալկատրյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 6-ին Թբիլիսի քաղաքում:
1954 թվականին, ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1959 թվականին:
Ինստիտուտն ավարտելուց հետո ուղեգրվել է Երևանի «Հայպետնախագիծ» ինստիտուտ, որտեղ հավատարմորեն աշխատել է՝ տիպային նախագծման բաժնի ինժեներից հասնելով մինչև գլխավոր մասնագետի պաշտոնի:
Լինելով բնակելի շենքերի բազմաթիվ տիպային շարքերի և բացառիկ կոնստրուկտորական լուծումների հեղինակ՝ նա բազմիցս խրախուսվել է ղեկավարության կողմից: Իր աշխատասիրության, մասնագիտական հմտությունների և աշխատանքի հանդեպ ունեցած նվիրման համար արժանացել է կոլեկտիվի խորին հարգանքին և սիրուն:
Ռուզաննա Չալկատրյանն իր ողջ կյանքը նվիրաբերել է ամուսնուն, զավակներին և թոռներին՝ լինելով նվիրված ու հոգատար կին և ընկեր, սիրասուն մայր և տատիկ:
Ռուզաննա Աղասիի Չալկատրյանի հիշատակը հավերժ կմնա իր հարազատների, մտերմների և ընկերների սրտերում: