Իմ մրցակցությունն Աշոտ Արսենյանի հետ չէ, այլ ՀՀԿ-ի. Արամ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքը օրերս հրապարակեց իր համամասնական ցուցակի առաջին եռյակի անունները: Այն հայտնի դարձավ դաշինքի մաս կազմող երեք ուժերի՝ Հանրապետություն, «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների փակ քվեարկության արդյունքում:
Մինչ քվեարկությանն անցնելը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրեց ընտրության եւ ցուցակի ձեւավորման կարգը: Մասնավորապես նշվեց, որ դաշինքին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները ընտրում են երեք կուսակցությունների առաջին համարներին: Եւ սկզբունքորեն տվյալ կուսակցության ներկայացուցիչը չպետք է ընտրի իր ղեկավարին, այլ պետք է նախապատվությունը տա մյուս ուժերի ներկայացուցչին: Ընտրությանը յուրաքանչյուր կուսակցությունից մասնակցեց 13 անդամ: 39 քվեների հաշվարկման արդյունքում հայտնի դարձավ, որ «Ելք»-ի ցուցակը գլխավորելու է ԼՀ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը, նրան հաջորդելու է Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, իսկ երրորդ տեղում լինելու է ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարվեց նաեւ, որ ՔՊ-ի ներկայացուցիչները քվեարկել են Էդմոն Մարուքյանի օգտին, ԼՀ-ի ներկայացուցիչները՝ Արամ Սարգսյանի, իսկ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանի օգտին:
Նկատենք, որ համամասնական ցուցակի կազմման այս ձեւը նախադեպը չունի, եւ ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Արամ Սարգսյանը՝ թեկնածուների առաջադրման այս նոր մոտեցումը փաստում է, որ «Ելք» դաշինքում որոշումները կայացվում են քաղաքական կոնսենսուսով:

Ցուցակի առաջին երեք համարների հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը Արամ Սարգսյանի հետ զրուցեց նոր ձեւավորված դաշինքներում ստեղծված խառնաշփոթ իրավիճակի եւ նրա՝ ոչ թե Արարատում, այլ Սյունիքում առաջադրվելու պատճառների մասին:

-Պարո՛ն Սարգսյան, նորաստեղծ դաշինքներն իրենց անվանակոչում են ղեկավարների անուններով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը: Նկատենք, որ նախադեպը եղավ «Բալասանյան» դաշինքը:

-Ամբողջ խնդիրն այն է, որ իրենք իսկապես գաղափարական առումով շատ իրար նման են եւ եթե որոշեն անուններ, այդ անուններն էլ են իրար նման լինելու, դրա համար անհատների անուններով են կոչում: Իրենք համարում են, որ Բալասանյան անունը շատ ավելի հայտնի է եւ շատ ավելի քվե է բերում, քան, օրինակ, ժողովրդավարությունը կամ անկախությունը: Երրորդ հանգամանքը եւս կա. քարոզարշավին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ որպեսզի այդ անունը բրենդ դառնա, մարդկանց հիշողության մեջ մտնի, ժամանակը չի բավարարի, դրա համար դնում են անուններով՝ մտածելով, որ իրենք արդեն բրենդ են:

-Պարո՛ն Սարգսյան, ընդդիմադիր բեւեռում գործող ուժերը միահամուռ իշխանափոխություն են վանկարկում, բայց չեն միավորվում, ինչո՞ւ:

-Որովհետեւ ոչ գաղափարական դաշինքները հաղթանակ տանելուց հետո պիտի ասեն, թե ինչպիսի երկիր են ուզում կառուցել, իսկ այդ ինչպիսի երկիրը շատ տարբեր է, որովհետեւ աջերն այլ կերպ են տեսնում, ձախերն այլ կերպ են տեսնում, արեւմտյան մոդելի կողմնակիցներ՝ այլ կերպ, եւ այդ առումով դաշինքները չեն կարող ընդհանուր ինչ-որ պետական համակարգ ստեղծել: Իշխանությունը մշտապես այդ դաշինքներում ունեցել է ականներ, որոնք դուրս են եկել, այդ դաշինքները պայթել են, եւ ժողովուրդը հիասթափվել է: Ճիշտը գաղափարական դաշինքն է, պիտի իմանաս՝ ում ումով ես փոխում, եւ այդ տարբերակը աշխատող է, կարծում եմ: Իսկ ոչ գաղափարական դաշինքները ստեղծվում են նպատակի համար: Եթե նպատակ են դնում իշխանափոխության, դա նպատակային դաշինք է, այդ դաշինքներում կան կուսակցություններ եւ անհատներ, ովքեր նպատակ են դնում ցուցակի որեւէ համար լինել, նաեւ սա կա:

-Իսկ ինչո՞ւ Ձեր ծննդավայր Արարատում չեք առաջադրվում, այլ Սյունիքում:

-Որովհետեւ Արարատում մեր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն նախորդ ընտրություններում 12 հազար ձայն հավաքել էր եւ էլի կարող է հավաքել, իսկ Սյունիքում լուրջ խնդիր կա առաջադրման, այնտեղ իշխանությունը միշտ 89 տոկոս քվե է բերել: Ես Սյունիքում թե՛ ասելիք ունեմ, թե՛ գործարանների հետ աշխատել եմ բոլորի, գիտեմ մոտեցումները:

-Սյունիքում առաջադրվելու են նաեւ մարզպետ Վահե Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանը…

-Թող առաջադրվեն, շատ լավ է, որ առաջադրվելու են:

Ինչպե՞ս եք նրանց մարզում պայքարելու նրանց իսկ դեմ:

-Գիտեք, ես գործարարների միության շրջանակներում Արսենյան Աշոտի հետ շատ տեղեր եմ գնացել, շատ լավ եմ ճանաչում իրեն, նաեւ իմ որոշակի լուման ունեմ «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանի նոր գծի բացման առումով, իմ մրցակցությունը ոչ թե Աշոտ Արսենյանի, այլ ՀՀԿ-ի հետ է: Մեր քարոզարշավի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ այս ընտրությունները ոչ թե տեղերում անհատների մրցակցության վերածենք, այլ համապետական ընտրության:

Վահագն Հակոբյան




Լրահոս