ՀՀ արդարադատության նախարարության ներսում ընթացող խմորումները տալիս են իրենց բացասական արդյունքը: Փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում ներկայացվել է ՔԿՀ-ներում դատապարտյալների կողմից իրականացվող հափշտակությունների մտահոգիչ վիճակագրությունը:
Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը, ով անմիջականորեն պատասխանատու է ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի համար: Ասել է թե՝ Աղվան Հովսեփյանի կողմից այդ խորհրդակցության անցկացման նպատակը մեկն էր. որպեսզի ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը «սթափվեն»:
Այն, որ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների կողմից կատարվում են ահռելի թվով հափշտակություններ, գաղտնիք չէ: Դեռեւս 2015 թվականին ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել էր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կողմից հափշտակության 40 դրվագ: Պարզվել էր, որ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել էին իրավապահներին՝ հայտնելով, թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի:
Տարբեր վայրերում փակցված հայտարարություններից գնորդները տեղեկացել են վաճառքի հանված ապրանքի մասին, զանգահարել՝ ցանկություն հայտնելով գնել այն: Սակայն ավելի ուշ քաղաքացիները հայտնվել են խնդրի առաջ: Ապրանքը ուղարկել են, իսկ վարորդը անհետացել է:
Երբ փորձել են գտնել, չեն կարողացել: Ու երբ քաղաքացիների հայտարարության հիման վրա իրավապահները քննություն են սկսել, պարզվել է, որ տարբեր քաղաքացիներից ապրանքներ գնելու ցանկություն հայտնած, իսկ վերջում անհետացած զանգերի հեղինակները հիմնականում եղել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բնակիչներ»:
Այս պատկերը, սակայն, չսթափեցրեց ոլորտի պատասխանատուներին, եւ ՔԿՀ-ներում տարիներ շարունակ բուն դրած հանցավոր խմբավորումը ավելի ընդլայնեց իր հնարավորությունները:
Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտնի դարձավ, որ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը (դրանցից 3-ը՝ շորթում), ձեռք բերված ապացույցների համաձայն, կազմակերպվել եւ իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող անձանց կողմից:
Վերջիններիս կողմից քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ: Ըստ կոմիտեի՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից հեռախոսների կամ ինտերնետային կապի միջոցով կազմակերպված եւ իրականացրած հանցագործությունները չեն սահմանափակվում միայն խարդախություններով եւ շորթումներով. պարզվել է, որ նրանց կողմից նույն տեխնիկական միջոցների օգտագործմամբ կազմակերպվել եւ իրականացվել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
Ու մինչ քննիչները գնում են հայտնաբերված հափշտակությունների հետքերով, կոնկրետ նշում, թե որ դատապարտյալներն են դիմում այդ քայլին՝ այդ կերպ փորձելով կանխել հնարավոր դրսեւորումները, ՔԿՀ դատապարտյալների հանցավոր խմբավորումը տարիներ շարունակ տեխնիկապես լավ «զինվում է»: Դատապարտյալները իրենց մոտ ունենալով բջջային հեռախոսներ, պլանշետներ, համակարգիչներ, WiFi սարքեր՝ կարողանում են ազատորեն օգտվել հեռախոսակապից ու ինտերնետից: Մինչդեռ նկատենք, որ վերոնշյալ տեխնիկան ՔԿՀ-ում համարվում է արգելված առարկա:
Հետեւաբար առաջանում են որոշակի կասկածներ առ այն, որ հանցախումբը գործում է առնվազն ՔԿՀ-ի ղեկավարության թողտվությամբ: Ամենայն հավանականությամբ, ՔԿՀ-ում կան արտոնյալներ, որոնց արարքի վրա ՔԿՀ ղեկավարությունը կամ հենց ինքը՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը, աչք են փակում՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Միանշանակ է, որ եթե չլիներ ՔԿՀ ղեկավարության թողտվությունը, նման պատկեր չէր լինի: Ի դեպ, ստեղծված իրավիճակը նաեւ այլ գործոնների արդյունքում է արմատավորվել:
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ այդպես էլ պարզ չէ, թե ինչու նախարարը անձամբ չի գնում ՔԿՀ եւ ծանոթանում տիրող իրավիճակին, եւ ինչու են, առհասարակ, ոլորտի պատասխանատուներն իրենց գործողությունների պատասխանատվությունը գցում մեկը մյուսի վրա:
Եվ ահա ՀՀ արդարադատության նախարարության ներսում տիրող ներքին խմորումները հանգեցնում են միջգերատեսչական մի նոր բախման:
Բանն այն է, որ գրեթե ամեն օր ԱՆ ՔԿ վարչությունը հրապարակում է տեղեկություն, թե ինչ արգելված իրեր են հայտնաբերել դատապարտյալների կամ կալանավորների մոտ: Իսկ փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավիրած խորհրդակցությունն ու դրա ընթացքում բարձրաձայնված խնդիրները մեկ բանի էին ուղղված. այն է՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը պետք է դադարեցնեն ներքին խմորումները եւ կոնկրետ գործով ապացուցեն իրենց աշխատանքի արդյունավետությունը:
Քնար Մանուկյան