Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:
Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների ղեկավարներ:
Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց մասնավորապես իրավախախտումների հնարավոր դրսևորումների վրա և տվեց կոնկրետ հրահանգներ:
Նիստի ընթացքում քննարկվեցին օպերատիվ շտաբի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը և մի շարք այլ հարցեր:
Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրին արդեն իսկ կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները:
Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: