Վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրահանգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի, ոստիկանության գործերը` օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով: Նկատենք, որ ՀՔԾ ուղարկված գործերի մեջ կան այնպիսիք, որոնք, ըստ էության, ՀՔԾ-ում կարող էին չքննվել, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հետ չմնալ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանից եւ պատերազմ է հայտարարել կոմիտեին:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել օբյեկտիվ քննության հիմնավորմամբ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործերին եւ միջգերատեսչական հակամարտությանը: Ու երբ Գեւորգ Կոստանյանը լքեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, իրավական ոլորտում բախումները դադարեցին, սակայն 2017 թվականի սկզբին կրկին միջգերատեսչական բախումները նոր երանգ ստացան:
«Ժողովուրդ»-ը նկատեց, որ այս տարեսկզբից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրահանգով օբյեկտիվ քննության անվան տակ արդեն մոտ 5 գործ է ուղարկվել ՀՔԾ՝ քննությունը շարունակելու համար: Այստեղ ուշագրավն այն է, որ ՀՔԾ-ին է ուղարկել այնպիսի գործեր, որոնք, ըստ օրենքի, կարող էր չքննել ՀՔԾ-ն:
Օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված մեկ քրեական գործը:
2016թ.-ի հուլիսի 13-ին «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել որ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել քաղաքացի Էդվարդ Ս.-ն: Վերջինս իր հերթին ոստիկաններին հայտնել է, թե, իբր, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելուց խուսափելու համար փախուստի է դիմել եւ բարձրությունից անզգուշաբար վայր ընկնել, ինչի հետեւանքով էլ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Ուստի որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Սակայն հետագայում` 28.07.2016թ.-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Էդվարդ Ս.-ին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի ուշ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 42Ա տանից գողություն կատարելու մեջ կասկածելու պատճառով հիշյալ տան բնակիչ Ռազմիկ Հ.-ն ինքնությունը դեռեւս չպարզված անձանց հետ ծեծի է ենթարկել Էդվարդ Ս.-ին: Նրանք ձեռքերով եւ ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել Էդվարդ Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր վնաս:
Մեկ այլ գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ.-ի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները Երեւանի Տիգրան Մեծ պողոտայից բերման են ենթարկել «Տրանս Ունիվերսալ» շինարարական ընկերության տնօրեն Արտաշես Բ.-ին, որի անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերել են թղթե տոպրակի մեջ պահված թմրամիջոցներ, հոգեմետ դեղորայք, ինչպես նաեւ՝ պայթուցիկ նյութ: Մասնավորապես փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ հայտնաբերվածի մեջ առկա են եղել 93.3 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց, թմրակտիվ բաղադրատարրեր պարունակող ավելի քան 65 գրամ տարբեր զանգվածներ, ինչպես նաեւ՝ ֆենազեպամ եւ տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայքի 15 դեղահատ:
Քննության ընթացքում, սակայն, շինարարական ընկերության 54-ամյա տնօրեն Արտաշես Բ.-ն վստահեցրել է, որ ինքը որեւէ առնչություն չունի հայտնաբերված թմրամիջոցների եւ պայթուցիկ նյութի հետ: Վերջինս համոզված է, որ դրանք իր ավտոմեքենայի մեջ տեղադրել է անհայտ անձը` իրեն վնասելու եւ քրեական պատասխանատվության հիմքեր ստեղծելու դիտավորությամբ:
Ստացվում է այնպես, որ դեռեւս 8 ամիս առաջ արձանագրված դեպքերը այնպիսի հունով են ընթացել, որ իրավական ոլորտի ներկայացուցիչները քննության ընթացքում տարօրինակ դրսեւորումներ են նկատել եւ օբյեկտիվ քննության համար 2017 թվականին հանձնել են ՀՔԾ-ին: Ավելին՝ նկատենք, որ ՀՔԾ ուղարկված գործերը հիմնականում քննվել են մարզերում, այս դեպքում Կոտայքի եւ Լոռու մարզերում: Ավելին՝ գաղտնի չէ, որ մարզերում շատ դեպքեր մարզային պատասխանատուների թեթեւ ձեռքով «ծածկադմփոց» է արվում, եւ վերեւներում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Նշենք, որ օբյեկտիվ քննության պատճառաբանությամբ ՀՔԾ ուղարկված մյուս գործերը կապված են ոստիկանների հետ, որն ըստ էության ՀՔԾ-ի ներքո քննվող գործեր են, սակայն դատելով նախորդ դեպքերից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այստեղ եւս կասկածներ ունի, ուստի որոշել է այդ գործերը նույնպես օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության անվան տակ ՀՔԾ ուղարկել:
Հավելենք, որ միայն 2016 թվականին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով օբյեկտիվ քննության համար 83 քրեական գործ է հանձնվել ՀՔԾ-ին: Ի՞նչ արդյունք կտա Արթուր Դավթյանի պայքարը, արդյո՞ք նա կկարողանա բարձրացնել «ծանրաձողը» եւ պայքարել արդարացի քննության համար, ժամանակը ցույց կտա:
Քնար Մանուկյան