708 հազար դրամով «պրծավ». մեղադրանք` բուհ ընդունելու դիմաց գումար պահանջելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուհեր ընդունելու դիմաց գումար պահանջելու դեպքերով հարուցված քրեական գործերով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. հոկտեմբերին ազգային անվտանգության ծառայությունը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում մի աղջկա ընդունելության համար կաշառք վերցնելու վերաբերյալ քրեական գործ:

Տեղեկացանք, որ Նվարդ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քաղաքացի Վլադիկ Ղազարյանի դստերը՝ Անուշ Ղազարյանին, Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժին ընդունելու գործընթացը կազմակերպելու պատրվակով Վ. Ղազարյանից պահանջել է 708 հազար դրամ, սակայն խոստումը այդպես էլ չի կատարել: Տեղեկացանք, որ Ն. Օսիպյանը բուհում բավականին մտերմիկ կապեր է ունեցել եւ ցանկացել է կլորիկ գումարի դիմաց գործը գլուխ բերել, սակայն չի հաջողել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2017թ. փետրվարի 9-ին այս գործով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռ, եւ Ն. Օսիպյանը խաբեությամբ գումար վերցնելու համար ենթարկվել է պատասխանատվության կես միլիոն դրամով:




Լրահոս