Պարուհի, պարուսույց, դերասանուհի Սոֆի Դեւոյանը աշխատում է նոր, ծավալուն նախագծի վրա, որը, ըստ նրա, հետաքրքիր անակնկալ կլինի հայրենակիցների համար: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է նոր պարի դպրոցներ հիմնելու անհրաժեշտության, այդ ճանապարհին իր կատարած ռիսկային քայլերի մասին: Տիկին Դեւոյանը խոսել է նաեւ թոռնուհու մասին, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակի տատիկի ճանապարհը: Հայտնի պարուհին տվել է հաջողակ կին լինելու իր բանաձեւը:
-Տիկի՛ն Դեւոյան, տեղյակ եմ, որ այս շրջանում տարբեր հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ եք ստացել, Ձեզ էլի սերիալում կտեսնե՞նք:
-Այո՛, առաջիկայում «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մեկնարկելու է նոր սերիալ, որտեղ խաղալու եմ նաեւ ես: Այդ նախագծի մասին մանրամասներ հայտնել չեմ կարող: Իսկ, առհասարակ, վերջին շրջանում Հայաստանում, ԱՄՆ-ում իրականացվող մի շարք հեռուստանախագծերից հրավերներ եմ ստանում, սակայն ժամանակի սղություն ունեմ, բացի այդ` չեմ կարող երկրից դուրս գալ:
Պատճառն այն է, որ պարային ոլորտին առնչվող նոր, մեծ ու ծավալուն նախագիծ եմ իրականացնում, դրա մասին, սակայն, դեռեւս ոչինչ պատմել չեմ կարող, քանի որ գաղտնիք է: Թող դա լինի գեղեցիկ անակնկալ իմ ազգին:
-«Սոֆի Դեւոյան» մշակույթի կենտրոնն ի՞նչ ծրագրեր ունի: Ձեր մենապարը ակնդրելու առիթներ կլինե՞ն:
-Հիմա մշակույթի կենտրոնով պատրաստվում ենք երեխաների գալա-համերգին եւ այլ մենահամերգների: Իսկ ես պարային համարով կներկայանամ մարտին Փարիզում տեղի ունենալիք «Armenian Europe Music Awards»-ին:
-Դուք արդեն հասցրել եք պարի դպրոցներ բացել Աբովյանում, Էջմիածնում, ինչպես նաեւ` Երեւանի մի շարք վարչական շրջաններում: Սա, բնականաբար, կապված է մեծ ծախսերի հետ: Ինչպե՞ս եք դրանք հոգում, հովանավորներ ունե՞ք:
-Տարբեր տեղերում դպրոցներ եմ բացում, որովհետեւ զգում եմ, որ երեխաների համար դժվար է, օրինակ, ծայրամասից կենտրոն գալը. ուզում եմ ամեն վարչական շրջան իր դպրոցն ունենա: Հովանավորներ չունեմ, երեւի միակ մարդն եմ Հայաստանում, որ սեփական թատրոն ունի:
Շատ դժվար է 25 տարի շարունակ աշխատակիցներին քո գրպանից վճարելը: Ես ինքս ինձ վրա զարմանում եմ, թե ոնց եմ կարողացել դա անել: Բանկից վարկ ենք վերցնում, հետո 5-7 տարվա ընթացքում մարում ենք: Պետք է անվախ լինես, որ ինչ-որ բանի հասնես:
-Ձեր թոռնուհին, կարծես, Ձեր ուղին է բռնել, այո՞:
-Այո՛, բայց նա նաեւ շատ լավ նկարում է: Տեսնենք` ինչ մասնագիտություն կընտրի: Համենայն դեպս, պարին շատ լուրջ է վերաբերվում:
-Նրա ազգանունը Պողոսյան է, բայց հանդես է գալիս տատիկի ազգանվամբ` Դեւոյան: Ինչ-որ հատուկ պատճառ կա՞:
-Դա իր ցանկությունն է: Ես չեմ խառնվել նույնիսկ նրա անվան ընտրությանը. ծնողներն են որոշել թոռնուհուս իմ անունով կոչել: Հետո, երբ արդեն Սոֆին երեք տարեկան էր, ասաց. «Ես պետք է լինեմ Սոֆի Դեւոյան»: Ուզում է 16 տարեկանում ազգանունը փոխել, դարձնել Սոֆի Դեւոյան-Պողոսյան:
-Ուզում է տատիկի հետ ասոցացվել, գուցե…
-Չեմ կարող ասել, բայց ինքն իրենով արդեն իսկ վառ անհատականություն է: Նա շատ անգամ մեր կոստյումների դիզայնով է զբաղվում, հետաքրքիր լուծումներ է գտնում: Այնպես որ, ես իր հետ հաշվի եմ նստում (ծիծաղում է):
-Տիկի՛ն Դեւոյան, կնոջն ի՞նչ է հարկավոր` հաջողակ լինելու համար:
-Կինը պետք է լինի մեղմ, ուժեղ եւ իմաստուն: Այս երեք որակը եթե ունենա, հաջողությունն անխուսափելի կլինի: Ես ինձ համարում եմ երջանիկ կին եւ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ: Ամեն բան անում եմ Աստծո եւ իմ հաճույքի համար:
Աննա Բաբաջանյան