«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը արդեն 8-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր 2016 թվականի օգոստոսին, սակայն դեկտեմբերի վերջին դատարանը փոխեց կալանքի որոշումը, ու նրան ազատ արձակեցին: Մի քանի ամիս անց` փետրվարի 9-ին, դատարանը կրկին փոխեց նրա խափանման միջոցը, ու երկու ամսով էլի կալանավորվեց «Հաց բերող»-ը:
Փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ Արթուրը անազատության մեջ է հայտնվել քննիչների գործելաոճի հետեւանքով: Բանն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալման հիմք է համարել այն, թե Սարգսյանը փետրվարի 3-ին չի ներկայացել քննչական մարմնին:
Սակայն նրա փաստաբան Տիգրան Եգորյանի խոսքով՝ իրենք քննիչին նախապես տեղյակ են պահել չներկայանալու մասին եւ խնդրել են փոխել հանդիպման օրը: Սակայն «Սասնա ծռեր»-ի գործով քննչական խմբի ղեկավարը՝ Էդիկ Հակոբյանը, որոշում է կայացրել կալանավորել Արթուր Սարգսյանին՝ իբրեւ թե նախաքննության մարմին չներկայանալու հիմքով:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը Արթուր Սարգսյանի եւ աղմկահարույց մի շարք այլ խնդիրների մասով զրուցեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
–Պարո՛ն Թաթոյան, 7 օր է, ինչ Արթուր Սարգսյանի կալանավորման շուրջ կրքերը չեն հանդարտվում: ՀՔԾ-ն հայտնում է, որ նա չի ներկայացել քննչական մարմին, իսկ նրա պաշտպանը պնդում է, որ իրենք ծանուցել են քննիչին, որ նա չի կարող ներկայանալ: Արդյունքում, Արթուր Սարգսյանը արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է: Ինչո՞ւ է լռում Մարդու իրավունքների պաշտպանը:
-Դա արդեն դատավարական հարց է: Այսինքն՝ երբ խոսքը վերաբերում է չներկայանալուն եւ դրա հիմքով դատարանի կողմից նրան կալանավորելուն, դա պետք է լուծվի հենց նաեւ այդ ճանապարհով: Բայց ամեն դեպքում հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը, կարեւորությունը՝ մի քանի անգամ արդեն այցելել ենք Արթուր Սարգսյանին, դրա հիման վրա մեր կողմից եղել է հայտարարություն, պահման վայրի, առողջության իրավունքի պահպանման հարցով պարզաբանումներ են պահանջվել: Այդ հարցի հետ կապված նույնպես պահանջել ենք պարզաբանումներ այնքանով, որքանով մեր իրավասությանն է վերաբերում, դրանից հետո նոր գնահատականները կլինեն:
–Պարզաբանումներ պահանջել եք, ՄԻՊ-ը այցելել է, նրա կալանքը առողջական վիճակի հետ անհամատեղելի է, կոնկրետի ի՞նչ քայլ եք արել:
-Հենց հիմա մեր խնդիրն է՝ առողջության հետ կապված ուսումնասիրեք բոլոր հարցերը: Առաջին օրը, որ իրեն տարան քրեակատարողական հիմնարկ, մեր աշխատակազմը այնտեղ էր՝ անկախ բողոքներից, անկախ որեւէ բանից: Գիտեք՝ հարցեր կան, որոնք ամեն ինչ չեմ կարող հրապարակել, բայց որ զբաղվում եմ, միանշանակ է: Եթե Դուք տեսնեք, ես աշխատում եմ հրապարակայնության ամենասահմանային գծով: Չեմ կարող բժշկական հարցեր հրապարակել, հասկանում եք, հիվանդության մասին տվյալներ հրապարակել չի կարելի, օրենքը դա արգելում է:
-Հասկանալի է, մի՛ հրապարակեք, բայց մարդուն անհիմն կալանքի տակ են պահում, գոնե դա փորձո՞ւմ եք պարզել, կա՞ մարդու իրավունքների ոտնահարում, թե՞ ոչ:
-Դա դատական կալանքի հարց է, դատական կարգով լուծման հարց է՝ բողոքարկման ճանապարհով եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանը այդ հարցում չունի լիազորություն: Մարդու իրավունքների պաշտպանը ունի այլ լիազորություն, օրինակ՝ անհամատեղելիությանը հիվանդության հիմքով, եւ տանենք քաղաքացիական հիվանդանոց: Մենք այդպիսի կարեւոր դեպք ունեցանք, որ վերաքննիչ քրեական դատարանը ազատ էր արձակել մարդուն՝ հիմք ընդունելով մեր որոշումը: Մասնավորապես մենք ասել էինք, որ այդ մարդը չի կարող գտնվել քրեակատարողական հիմնարկում եւ պետք է տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, եւ փաստաբանը մեր որոշման հիման վրա դիմել էր, եւ ազատ արձակեցին:
Հիմա նույն հարցում նույն արդյունքը չեմ երաշխավորում, դա պրոֆեսիոնալ չի, դա որոշակի պրոցես է: Այսօր (երեկ, Ք. Մ) եւ անձամբ եմ այցելելու Արթուր Սարգսյանին մեր բժշկի հետ միասին, եթե տեսնեմ, որ այդ մարդու առողջական վիճակը թույլ չի տալիս, անպայման որոշում կկայացնենք: Բայց նշեմ, որ Արթուր Սարգսյանն ինքն էլ է հրաժարվում բուժծառայությունից, դա էլ է պրոբլեմ, ինձ դա անհանգստացնում է, դրա համար անձամբ պետք է գնամ, հասկանամ վիճակը: Եթե տեսնեմ՝ հիմքերը կան, կառաջարկեմ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Սա է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունը, իսկ մնացածը այլ գործիքակազմով պետք է լուծվի:
–Փորձը ցույց է տվել, որ Մարդու իրավունքների պաշտպանը գնում, իրավիճակին ծանոթանում է, բայց, ըստ էության, անարդյունք: Օրինակ՝ հուլիսյան աղմկահարույց դեպքերից անցել է շուրջ 7 ամիս, մինչ օրս լրագրողների ծեծի գործով որեւէ մեկը չի պատժվել, եւ սա այն պայմաններում, որ անգամ կան լուսանկարները, թե ովքեր էին իրավիճակը տնօրինողները, բռնություն գործադրողներն ու հրահանգ տվողները:
-Հիմա նախաքննությունն է գնում: Այն, որ պետք է լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած ցանկացած անձ ենթարկվի պատասխանատվության, եւ այդ պատասխանատվությունը պետք է լինի անխուսափելի, դա շատ կարեւոր է:
–7 ամիս է անցել պատասխանատվության ենթարկվածներ չկան:
-Ինչ վերաբերում է քրեական գործի նախաքննությանը, մենք ինչպես կարգն է՝ օրենքով նախատեսված պարբերաբար վերահսկողության նպատակով մեր իրավասության սահմաններում իմֆորմացիա ենք պահանջում քննչական մարմիններից: Բերման ենթարկելու հետ կապված ես դիմել էի Սահմանադրական դատարան, այդ որոշման էինք սպասում, հիմա դա վերլուծում ենք, ամբողջացնենք, ըստ էության, ավարտել ենք:
Կրկնում եմ՝ նախաքննություն է ընթանում, գործը պետք է ուղարկվի դատարան: Հիմա այլ հարց է, եթե, օրինակ, նախաքննությունը հանգեցնում է արդյունքի, որը հետագայում դատարանում կբացառի պատասխանատվությունը, դա ընդհանրապես թույլատրելի երեւույթ չէ: Հիմա մենք պետք է հասկանանք, թե այդ վարույթի շրջանակներում ինչ որոշում է կայացվելու:
Ձեզ ասեմ, որ լրագրողների գործով ես անցկացրել եմ բազմաթիվ անանուն հարցումներ, եւ անանուն հարցումների իմաստն էլ դա էր: Բնականաբար ես դա հնչեցնելու եմ որպես կարեւորություն, որ պետք է այս գործերով լինի արագ նախաքննություն:
Քնար Մանուկյան