«Ժողովուրդ»-ն արդեն գրել է այն մասին, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկն ազդարարված է: Ինչպես հայտնի է` ստորագրվել է գրողի` Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝ տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, փոքրիկ սրճարան:
Մենք նախորդ հրապարակումներից մեկում հարցրել էինք մշակույթի գործիչների կարծիքը` նման նախաձեռնությունը չի՞ խաթարի արդյոք Դսեղի տան տեսքը, թումանյանական միջավայրը: Մեր բարձրացրած թեմային արձագանքել է նաեւ «Թումանյան հայրենասիրական միության» նախագահ, ԳՏԱԱ ակադեմիկոս Սուրեն Մամիկոնյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ թումանյանական կուսական աշխարհը չի կարելի խեղաթյուրել. «Մարտիրոս Սարյանը նկարների շարք ունի, որը ստեղծել է Թումանյանի ծննդավայրում:
Եվ երբ նրանից հարցրել են. «Վարպետ, որքա՞ն ժամանակ եք Դսեղում մնալու», Սարյանը պատասխանել է. «Այնքան, մինչեւ կարողանամ հասկանալ, թե Թումանյանի ծննդավայրն ինչ գերբնական ուժ ունի, ինչ խորհուրդ, առեղծված կա այնտեղ»: Իսկ մենք հիմա ուզում ենք այդ միջավայրում սրճարան ու սանհանգույց «տեղավորել». դա բացառվում է: Կարծում եմ` ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյակի նախապատրաստական գործընթացները նույնպես ամենայն հայոց վերաբերմունք են պահանջում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Պարոն Մամիկոնյանը հիշեց, որ տարիներ առաջ տուն-թանգարանի դիմաց մի հին տուն է եղել, որը գյուղացիները կոչում էին Կիրակոսանց Բարսեղի տուն. «Այն ավիրվեց, հայտնվեցին մարդիկ, որոնք գնեցին այդ տարածքը եւ ուզում էին այնտեղ բարձրահարկ հյուրանոց կառուցել: Մենք արձագանքեցինք, դեմ արտահայտվեցինք դրան, եւ ոչ մի հյուրանոց էլ չկառուցվեց: Ասացինք, որ թումանյանական միջավայրից դուրս կառուցեն: Հիմա այս դեպքում էլ թող սանհանգույց էլ կառուցեն, սրճարան էլ, կրպակ էլ, բայց ոչ թանգարանին կից, կամ դրա բակում, կամ այդ միջավայրում:
Դսեղում շատ արժանի տեղեր կան: Սրտացավ ճարտարապետների առաջարկ է պետք, որը քննարկման կդրվի: Երկու տարի ժամանակ կա, թող կառավարական հանձնաժողով ստեղծվի, առաջարկները քննարկվեն»-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան