ՊՆ գնդապետների ճակատագրով. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության գնդապետների մասնակցությամբ աղմկահարույց կոռուպցիոն դրսեւորումների հետ կապված քրեական գործն ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել էր, իսկ ավելի ուշ կալանավորվել էր ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը:

Նույն օրը կալանավորվել էր նաեւ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Էլ թեք Քոմփ» ՍՊ ընկերությունը 2015թ հունիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքած ծառայությունների գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ, ինչի կապակցությամբ վերադասի՝ Խաչատրյանի հանձնարարությամբ Արսեն Ղարիբջանյանը որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել:

Գերշահույթի վերաբերյալ ստուգման արդյունքներն իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ նյութերն իրավապահներին չուղարկելուն նպաստելու դիմաց գնդապետ Խաչատրյանը գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանի միջոցով ՍՊ ընկերության տնօրենից 2016թ. մարտի սկզբին պահանջել է առանձնապես խոշոր չափերով` 5 մլն դրամի կաշառք: Այդ նպատակով 2016 թվականի մարտի սկզբին Ղարիբջանյանը հանդիպել է ընկերության տնօրեն Ս. Ավագյանին եւ հայտնել գնդապետի՝ 5 մլն ՀՀ դրամ գումար կաշառք ստանալու պահանջը, իսկ մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում անձամբ հանդիպել է նրան եւ ստացել պահանջված գումարը: Արդյունքում, գնդապետ Սամվել Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառակերություն):

Սակայն նկատենք, որ մինչ այս աղմկահարույց կալանավորումները հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը ծեծի էր ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Սամվել Խաչատրյանի դեմ: Գնդապետ Խաչատրյանի հարազատները բարձրաձայնում են, որ վերոնշյալ ՍՊԸ-ն կապված է Սեյրան Օհանյանի անվտանգության պետի հետ. Սերգեյ Հայրապետովը մի քանի անգամ զգուշացրել է Սամվել Խաչատրյանին, որպեսզի դադարի գործ ունենալ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի հետ եւ լռի, հակառակ դեպքում կփոշմանի: Սակայն Խաչատրյանը չէր լսել հորդորները` որոշելով, այնուամենայնիվ, ընթացք տալ եւ արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում:

Եվ ահա վերոնշյալ գործը շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո՝ 2017 թվականի հունվարի 20-ին, ուղարկվել է Ավան եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործով դատավոր է նշանակվել Արմեն Վարդապետյանը: Ավելին՝ պարզեցինք, որ այս գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ ահա գնդապետ Խաչատրյանը դեռեւս կալանքի տակ է:

Քնար Մանուկյան




Լրահոս