«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հանրության կողմից ճանաչված անձանց, պարզում ենք, թե ինչպես է ստացվել, որ հենց իրենց է ժպտացել հաջողությունը, ինչպես են վերջիններս ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում: Մենք խոսում ենք նաեւ հայտնի լինելու խոչընդոտների եւ հակառակը` դրա պարգեւած նոր հնարավորությունների մասին: Այս անգամ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը երգիչ, հումորիստ Արամ MP3-ն է:
«Եվրատեսիլ»-ով դրվեց վերջնական կնիքը
Ինձ ճանաչումը մի քանի անգամ է այցի եկել, սկզբում՝ փոքր, ապա` մեծ «չափաբաժիններով»: Երբ 2004-ին նկարահանվեցի գովազդում, մարդիկ սկսեցին ճանաչել ինձ: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհն է ճանաչում ինձ (ծիծաղում է): Դրանից հետո` 2005-ին, նկարահանվեցի «Կարգին հաղորդման» մեջ: Այդ ժամանակահատվածում խաղում էի «Ուրախների եւ հնարամիտների ակումբում» եւ երբ մտնում էի տարբեր բուհեր, ինձ պոպուլյար էի զգում (ծիծաղում է): Հետո իր գործունեությունը սկսեց «32 ատամը», որը, բնականաբար, մեծապես նպաստեց իմ հայտնի դառնալուն: Իսկ երբ Շպռոտի հետ մասնակցեցի «Երկու աստղ» նախագծին, ինձ գիտեին բոլորը, նույնիսկ` Հայաստանից դուրս: Դե, իսկ «Եվրատեսիլ»-ով դրվեց վերջնական կնիքը:
Ձայն + հիշվող արտաքին
Կարծում եմ` ինձ հայտնի են դարձրել երաժշտական ունակություններս եւ երկրորդը` հիշվող արտաքինս` քթիս ու աչքերիս շնորհիվ: Նույնիսկ եթե ակնոց եմ կրում կամ գլխարկ, միեւնույն է` ինձ ճանաչում են: Մութ էլ լինի, գլուխս էլ կախեմ, էլի կասեն. «Իյա, Արա՞մ, էս դո՞ւ ես»: Այնպես որ, հանրությունից խուսափելու տարբերակ չունեմ (ծիծաղում է):
«Ոչ մի տեղից հենց այնպես չեմ հայտնվել»
Իմ հայտնի դառնալու պրոցեսը հանրության աչքի առաջ է տեղի ունեցել, անցածս ճանապարհը բոլորն են տեսել. ոչ մի տեղից հենց այնպես չեմ հայտնվել: Երեւի այդ է պատճառը, որ իմ անձի շուրջ բամբասանքները քիչ են:
«Միշտ մտածում եմ` տեսնես երեխաս ինչ է զգում»
Երբ նոր ես դառնում հայտնի, նախեւառաջ, աչքդ ծակում են այդ երեւույթի բացասական կողմերը: Այն ազատությունը, որը պետք է լինի քոնը, քո ընտանիքինը, ինքնըստինքյան վերանում է: Եթե նախկինում քեզ համար նորմալ էր դուրս գալը, զբոսնելը, գուցե նաեւ` ինչ-որ խենթություն անելը, հանրային անձ դառնալուց հետո ստիպված ես լինում հավասարակշռել արարքներդ: Քո կյանքը, կարելի է ասել, հայտնվում է ափի վրա, եւ բոլորը տեսնում են այն: Երեխայիդ դպրոցում սկսում են մատով ցույց տալ, դու գնում ես երեխայիդ դպրոցից վերցնելու, հետեւից քո անունն են տալիս: Գիտե՞ք` ես հայտնի մարդու ընտանիքում չեմ մեծացել ու միշտ մտածում եմ` տեսնես երեխաս ինչ է զգում, երբ իր պապան հայտնի է, երբ իր պապայի նկարները փակցված են քաղաքում, ու ինքը դրանից չի զարմանում: Սա, իրականում, մի քիչ աննորմալ երեւույթ է (ծիծաղում է): Երեխայիս, օրինակ, շատ են դիտմամբ հարցնում. «Իսկ գիտե՞ս` քո պապան ովա»: Ես նրան ասում եմ, որ նման դեպքերում շատ պարզ պատասխան տա. «Այո՛, իմ պապան Արամնա»:
«Ամաչեցի, բայց նաեւ հաճելի էր»
Դե, հայտնի դառնալը, բնականաբար, նաեւ մի շարք առավելություններ է տալիս մարդուն. քեզ տեղ են տալիս, ներում են, երբ արագ ես վարում մեքենան, ընդառաջում են, երբ շտապում ես, սրճարանում քեզ ուրիշ կերպ են նայում: Վերջերս, օրինակ, կնոջս մի փաստաթուղթ էր պետք, գնացել էինք ԶԱԳՍ, բոլորի պես հերթ էինք կանգնել, մեկ էլ կին աշխատակիցներից մեկը ասաց. «Վա՜յ, մեռնեմ ես քո ջանին, արի, արի, այ մարդ» ու հերթս առաջ գցեց: Ճիշտն ասած` շատ ամաչեցի, բայց այդ ամենը նաեւ հաճելի էր:
«Ձգտում եմ, որ իմ ստվերը ընտանիքիս անդամների վրա չընկնի»
Կինս տեսախցիկի առջեւ հայտնվել չի սիրում, ուստի երբ ինձ ու նրան կանչում են որեւէ հաղորդման շրջանակում նկարահանվելու, ես ասում եմ, որ ստիպված եմ միայնակ ներկայանալ: Տղայիս հազվադեպ նկարահանում են մանկական հաղորդումներում: Ընտանիքիս անդամներին թաքցնելու միտում չունեմ, բայց ձգտում եմ, որ իմ ստվերը հանկարծ նրանց վրա չընկնի:
Աննա Բաբաջանյան