Ցամաքային բլոկադայի միջոցով Թուրքիան, որպես քաղաքականություն, որդեգրել է հստակ հակահայկական կեցվածք. Վիգեն Սարգսյանը` Մյունխենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում:

Նա, մասնավորապես, նշել է.

​«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դոկտոր Թոմաս Պաուլսենին և տիկին Նորա Մյուլլերին՝ հրավերի և ողջույնի ջերմ խոսքերի համար: Ավելին, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց` Երիտասարդ առաջնորդների հարթակին, որպես Մյուխենի Անվտանգության համաժողովի կարևորագույն հավելմանը, երկարատև նվիրվածության համար:

Շատ լավ հիշում եմ սեփական մասնակցությունս գրեթե 9 տարի առաջ կայացած Մյունխենի երիտասարդ առաջնորդների 1-ին հանդիպմանը: Եվ նախքան դասախոսությանս անցնելը, ցանկանում եմ ասել հետևյալը. երբ ինչ որ մեկը մասնակցում է որևէ խոշոր միջոցառման «երիտասարդական» հարթակի հանդիպմանը, կարող է մտածել, որ իրական կյանքն այնտեղ է՝ առանցքային միջոցառման մեջ: Հավատացեք, երբ ժամանակի ընթացքում դու բնական կերպով տեղափոխվում ես այդ «առանցքային» միջոցառման ասպարեզ, սկսում ես խորապես կարոտել երիտասարդական ձևաչափի հենց այս յուրօրինակ մթնոլորտը: Վերջիվերջո՝ կարիերայի սանդուղքով բարձրանալը բնական զարգացման ուղին է այս դահլիճում հավաքված երիտասարդ, խելամիտ ու աշխատասեր մարդկանց համար, մինչդեռ հասակավոր դառնալն ու երիտասարդական հարթակների համար հասակին համեմատ «գերորակավորված» լինելը տխուր, թեկուզև բնականոն արդյունք հանդիսացող երևույթ է:  Այնպես որ՝ վայելեք մյունխենյան երիտասարդ առաջնորդների միջոցառումը:

Այսօր ես խոսելու եմ Եվրասիայում տարածաշրջանային զարգացումների և այդ համատեքստում Հայաստանի դերակատարության կամ տեղի մասին:

Հայաստանը հանդիսանում է եվրասիական ու եվրաատլանտյան ձևաչափերում համաժամանակյա ինտեգրացիոն գործընթացների փոխօգտակար կիրառման եզակի օրինակ:

Ինչպես շատերդ հավանաբար լսել եք, Հայաստանը հինավուրց քաղաքակրթություն է` Քրիստոսի ծննունդից առաջ 9-րդ դարում դեռևս ունեցած առաջին պետականությամբ: Հայերը նաև առաջին ազգն են, ովքեր դեռևս 301թ.-ին Քրիստոնեությունն ընդունեցին որպես պետական կրոն: Միջին դարերից մինչև նորօրյա ժամանակներ ժամանակահատվածում մի քանի դարով ընդհատված պետականությունների՝ իրար հաջորդող ծնունդների ու անկումների ընթացքում Հայաստանը սեփական դառը փորձով ամբողջովին զգացել է իր շուրջն առկա ուժեղների ու հզորների բախումների նսեմացնող ազդեցությունը: Պատերազմներն ու դրանց զուգընթաց՝ սեփական տարածքների բաժանումներն ու վերամիավորումները, լինի դա հռոմեացիների և Պարթևների, բյուզանդացիների, Սասանյանների, Օսմանյան թե Ռուսական կայսրությունների միջև, մեզ մեկընդմիշտ սովորեցրել է մեկ դաս.  Մենք օգուտ չենք հետամտում տարածաշրջանային ու գլոբալ դերակատարների առճակատումներից: Մենք հաստատապես գիտենք, որ բարեկեցության ու կայունության ուղին անցնում է համապարփակ երկխոսության և կարծիքների բաց փոխանակման, փոխադարձ օգուտների ի հայտ բերման և համատեղ արարման միջով:

​Ներկայում՝ 25 տարի առաջ անկախությունը վերագտնելուց հետո, այս գիտելիքներն ու փորձը վերածվել է տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված մեր արտաքին ու պաշտպանական քաղաքականության՝ որպես առկա վեճերի կարգավորման և տևական խաղաղության երաշխավորման հնարավոր միակ միջոց:

​Մեր այսօրվա քննարկման համատեքստում այդ քաղաքականությունը կարող ենքդիտարկել Եվրասիական Տնտեսական Միությունում ու Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում մեր անդամակցությունը Եվրատլանտյան կառույցների հետ մեր թափանցիկ ու ներգրավվյալ գործընկերության հետ փոխօգտակար բանեցնելու հարացույցի միջոցով: Այս հարացույցի կենտրոնում անվտանգության, բարեկեցության և տարածաշրջանային կարգ ու կանոնի մեր խնդիրքն է՝ հիմնված սկզբունքների ու արժեհամակարգի հետևողական համակարգի վրա:

Այժմ ես ուզում եմ անցնել այս ուղղություններից յուրաքանչյուրին:

Եվրասիական ինտեգրացիոն ձևաչափ

Հայաստանի համար այն հիմնվում է երեք հենասյան վրա, որոնք են մեր անդամակցությունը Եվրասիական Տնտեսական Միությանը և Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությանը, ինչպես նաև երկկողմանի հարթությունում՝ ռազմավարական դաշինքը Ռուսաստանի հետ:

Անդամակցությունը ԵՏՄինհիմնականում ծառայում է տնտեսական նպատակների, ինչպիսիք են ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժը, որոնց միջոցով ապահովվում են հայկական արտադրանքի և աշխատուժի համար հսկայական շուկաներ և Հայաստանում ավելի շատ օտարերկրյա անմիջական ներդրումներ:

ՀԱՊԿն ավելի շատ անվտանգային գործիք է, որն ապահովում է ինտենսիվ միջզինվորական համագործակցություն բոլոր ոլորտներում՝ ռազմական գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներից մինչև անդամ մյուս երկրների ռազմական արդյունաբերությունների հասանելիությունը, խաղաղապահ ներզոր կարողությունների զարգացումից մինչև ահաբեկչության, թմրանյութերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միասնական ջանքերը: ՀԱՊԿ-ն ունի ՆԱՏՕ-ի այն մեխանիզմի իր համարժեքը, որը հայտնի է 5-րդ հոդված անվանումով՝ հարձակումն ընդդեմ մեկի դա հարձակում է ընդդեմ բոլորի: Լինելով համեմատաբար երիտասարդ կազմակերպություն, ՀԱԿՊ-ն դեռևս գտնվում է «փափուկ ուժի» զարգացման գործընթացում և շարունակում է ավելացնել իր մարդկային ու հաստատութենական կապիտալը:

Մեր երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես արդեն ասեցի, ռազմավարական բնույթի և բազմանիստ են ու ներառում են բոլոր բնագավառները՝ սկսած բարձրագույն մակարդակով իրականացվող քաղաքական երկխոսությունից և վերջացրած տառացիորեն բոլոր ոլորտներում փոխշահավետ փոխգործակցությունով: Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, միակ միջազգային ձևաչափը, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:

Հարձակումն ընդդեմ մեկի դա հարձակում է ընդդեմ երկուսի, ահա ևս մեկ երկկողմ պայմանավորվածություն, որը ներառված է մեր պաշտպանական համաձայնագրերում: Գործնական առումով Ռուսաստանի այս հանձնառությունը կյանքի է կոչվում Հայաստանի տարածքում տեղակայված ռուսաստանյան զորակայանի, ինչպես նաև Միացյալ զորքերի (ուժերի)խմբավորման և ՀՕՊ միասնական համակարգի միջոցով:

Գործընկերությունը Եվրատլանտյան ձևաչափերում

Այս ուղղությամբ մեր քաղաքականությունը մենք նույնպես կառուցում ենք երեք հենասյան վրա. երկկողմ հարաբերություններ ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների հետ, ակտիվ ներգրավվում Եվրամիության Արևելյան գործընկերությանը և մեր շարունակական փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ Գործընկերություն հանուն Խաղաղության նախաձեռնության միջոցով, ինչպես որ նշված է մեր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում:

ԱՄՆի և եվրոպական երկրների հետ երկկողմ կապերում հիմնվում ենք մեր միջև հարաբերությունների և փոխադարձ իմացության մեծ պատմության վրա: Այս հարաբերությունները արմատավորված են համընկնող քաղաքակրթական ու արժեհամակարգային մոտեցումներում և ամրապնդված են այդ երկրներում մեծաթիվ հայ համայնքների գոյությամբ: Փաստորեն, այդ կապերը այնքան ամուր էին, որ շարունակվեցին նույնիսկ ի հեճուկս խորհրդային տարիներին մեզ իրարից բաժանող երկաթյա վարագույրի:

ԵՄ հետ մենք ակտիվորեն ներգրավվել ենք անմիջապես այն բանից հետո, երբ հանգուցային ժողովրդավարական բարեփոխումների առաջին «ռաունդի» ավարտից հետո Հայաստանն ընդունվեց Եվրոպայի Խորհուրդ: Այդ ժամանակներից ի վեր ընդգրկուն երկխոսություն ենք ծավալել Բրյուսելի հետ՝ նպատակաուղղված մեր ժողովրդավարական հաստատությունների կառուցումն առաջ մղելուն: Մենք ջերմորեն ողջունեցինք Արևելյան գործընկերության հարթակը՝ որպես ավելի ինտերակտիվ երկխոսության գործիքարան, որպես մեր փոխգործակցության առաջ մղման ճանապարհ: Այժմ ավարտին ենք հասցնում բանակցությունները Շրջանակային համաձայնագրի շուրջ, որն ապագայում կարգավորելու է Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Մենք ամբողջապես ավարտել ենք ռեադմիսիայի համաձայնագրերի վերաբերյալ աշխատանքների փուլը և ապահովել մուտքի արտոնագրերի դյուրացման մեխանիզմ: Հայկական ձեռնարկությունները օգտվում են ԵՄ-ի հետ GSP+ առևտրային համակարգի օգուտներից, որը երկրում ներդրողների համարկարևոր գործոն է:

ՆԱՏՕի հետ, ինչպես արդեն նշեցի, սերտորեն աշխատում ենք Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի միջոցով: Հայ խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕիղեկավարած և ՄԱԿի իրավազորած առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում:ԱՄՆ կառավարության հետ սերտ համագործակցությամբ մենք ձևավորել են խաղաղապահության զգալի ներուժ և ներդրել ենք հումանիտար ականազերծման մեխանիզմներ: Շարունակում ենք նաև ՆԱՏՕ-ի և իր անդամ երկրների հետ աշխատել այնպիսի հանգուցային ուղղություներով, ինչպիսիք են Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը, Հայաստանում ռազմակրթական և ռամաբժշկական կարողությունների առաջադիմումը:

Ամփոփելով, պետք է նշել, որ Հայաստանն ամբողջովին որդեգրել է իր ներզոր կարողությունները բազմանիստ ու բազմակողմ համագործակցությամբ զարգացնելու ռազմավարություն: Մենք ոչ գաղտնի ենք պահում մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, ոչ էլ խուսափում ենք դա հիշատակելուց, մենք նաև շարունակում ենք իսկապես շահագրգռված լինել Արևմուտքի հետ ցանկացած ձևաչափի համագործակցության մեջ: Եվ մենք չենք ուզում ընտելանալ այն մտքին, ըստ որի աշխարհը կրկին դառնալու է սև ու սպիտակ:

Մեր Ազգային անվտանգության ռազմավարությունում և ռազմական դոկտրինում, ինչպես նաև գործնական մոտեցումներումառանձնակի նշանակություն ենք տալիս հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների կառուցմանն ու խորացմանը: Այս երկու պետությունների հետ էլ Հայաստանն ունի հազարամյակների կապեր, երկուսում էլ կա մեծաթիվ և վաղեմի հայկական Սփյուռք:

Վրաստանի՝ տարածաշրջանում ևս մեկ հնամենի քրիստոնեական երկրի հետ, Հայաստանը կիսում է հավանաբար համաշխարհայինպատմության ամենահին անփոփոխ սահմաններից մեկը: Ավելին, ընդհանուր պատմության այս հազարամյակների ընթացքում չի եղել Հայաստանի ու Վրաստանի առճակատման և ոչ մի դեպք: Մեր վեճերը սովորաբար հանգում ենք այնպիսի թեմաների, թե, ասենք, ում կերակուրն է ավելի համեղ, ում լեզուն է ավելի հին, կամ թե ում երեխաներն են ավելի տաղանդավոր: Չնայած արտաքին քաղաքականության և անվտանգության ապահովման ընտրված ուղիներում առկա զգալի տարբերություններին, մենք հավասարապես և հստակորեն հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, անվտանգությունն ու կայունությունը խորապես փոխկապակցված են: Հետևաբար,մենք սերտորեն աշխատում ենք առկա մարտահրավերների ու ռիսկերի հասցեագրման ուղղությամբ:

Իրանի հետ նույնպես ունենք հազարամյակների ընդհանուր պատմություն: Այդ պատմությունն ունեցել է իր վերելքներն ու վայրէջքները. դավանափոխության պատերազմներ, հայկական նախկին պետականությունների կլանում ու կորուստ, հայերի՝ մոտակա այլ երկրներից Իրան գաղթելու քաջալերումներ և Միջին դարերում Իրանի հետ հայկական առանձին համայնքների ստեղծում, ռուս-պարսկական պատերազմների արդյունքում հայկական տարածքների երբեմնակի փոխանակումներ Իրանի և Ռուսաստանի միջև:

Այն պահից ի վեր, երբ 1991թ.-ին Հայաստանը վերականգնեց իր երկար կորսված պետականությունը, Իրանը մշտապես հստակորեն ցուցադրել է իրական բարեկամության իր պատրաստակամությունը, և մենք կարողացել ենք զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերություններ: Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ցուցաբերում է հավասարակշռված դիրքորոշում և շարունակում է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ արդար լուծման որոնմանը սատարելու համար:Իրանը ցուցադրել է խորին հարգանք իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության նկատմամբ և Հայ Առաքելական Եկեղեցու հետ ծավալուն աշխատանք է իրականացրել չորս հնադարյան եկեղեցիներ ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար: Մեր երկու երկրների միջև հարաբերությունները իսկապես օրինակելի են քաղաքակրթությունների երկխոսության, կրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի տեսանկյունից:

​Այս դիրքորոշումը կտրուկ տարբերվում է մեկ այլ տարածաշրջանային «խաղացողի»՝ Թուրքիայի դիրքորոշումից և պահելաձևից: Անժխտելիի՝ 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված փաստի ժխտման և Հայաստանի նկատմամբ իրականացվող լիարժեք ցամաքային բլոկադայի միջոցով Թուրքիան որպես քաղաքականություն որդեգրել է հստակ հակահայկական կեցվածք: Հայկական թերթի ականավոր խմբագրի սպանությունից ընդհուպ մինչև հայ համայնքի կյանքին միջամտելը և Ստամբուլում հայկական պատրիարքության հետ կապված խնդիրների նենգափոխումներ. այս ամենով Թուրքիան էլ ավելի է բորբոքում տարածաշրջանում բացասական զգացումները և գործընթացները:

​Չնայած Վրաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած շատ ամուր հարաբերություններին, վերջինիս հետ՝ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո, Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների լրիվ բացակայության պատճառովգործնականում իրեն դուրս է թողել Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացներից: Մեր նախաձեռնությամբ Թուրքիան մի քանի տարի առաջ ներգրավվեց երկու երկրների միջև տարրական կապերի հաստատմանն ուղղվածբանակցություններին, որոնք ընդունվեցին Ցյուրիխում գրեթե 7 տարի առաջ ստորագրված արձանագրությունների տեսքով:Սակայն դրանից անմիջապես հետո Անկարան ետ քաշվեց իր որոշումից, արձանագրությունների իրագործումը շաղկապելով որոշակի նախապայմանների, որոնք ոչ մեր բանակցություններիմաս էին կազմում, ոչ էլ կապված էին կազմված համաձայնագրերի բովանդակության հետ: Թուրքիան շարունակում է միակողմանիորեն աջակցել Ադրբեջանին  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում՝ դա անելով Բաքվին զինատեսակների, մարտական պատրաստության, տեխնոլոգիաների և քաղաքական օժանդակության տրամադրման միջոցով:

Եվ այժմ մենք մոտեցանք իմ դասախոսության առաջաբանի վերջին հարցին, ըստ հերթականության իհարկե, ոչ թե կարևորության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:Մարդիկ հաճախ լսում են այս հակամարտության շուրջ իբրև թե որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի մասին: Փաստացի այսպիսի պիտակավորումը ամբողջովինաղավաղում է  հակամարտության էությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնորոշման համար ազգի պայքարի դասական դեպք է, մի իրավունք, որին հստակորեն աջակցում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և սատարում պրակտիկան ու պատմությունը:

Առավել ևս հիմա, երբ ԼՂՀ-ն ապացուցել է ժողովրդավարական ինստիտուտների կառուցման իր կարողությունը և կայացրել է պետական կառավարման որոշումների ընդունման արդյունավետ համակարգ, այս պայքարը դառնում է ավելի հասկանալի, հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում: Ղարաբաղի ժողովուրդը հստակորեն ասում է, որ ինքը չունի կառավարման այդպիսի բռնապետական համակարգի մաս կազմելու մտադրություն:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն այդ տարածքում իր հազարամյակների ապրելն ու արարելը դրոշմել է բազմաթիվ միջնադարյան եկեղեցիներում և վանքերում, տեղում գրված ձեռագրամատյաններում, իր քաղաքներում ու գյուղերում, հանդիպել է խորհրդային տարիների ազգային քաղաքականության անարդարությանը:

Իոսիֆ Ստալինի միակողմանի և անօրինական որոշմամբ մարզը կցվել է Ադրբեջանին, միաժամանակ ստանալով խորհրդային սահմանադրությամբ ամրապնդված ինքնավարության իրավունք՝ որպես իր գրեթե միաէթնիկ հայ բնակչության իրավունքների ճանաչում: Նույնը կատարվեց պատմական մեկ այլ հայկական նահանգ Նախիջևանի հետ, որտեղ սակայն խորհրդային տարիները ադրբեջանցիներին թույլ տվեցին թվային գերակշռություն ստանալ հայ ազգաբնակչության նկատմամբ»:

 

 




Լրահոս