Փետրվարի 22-ին Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի լայն շրջանակ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
«Լավրովի հրավերով փետրվարի 21-23-ը Նալբանդյանը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Փետրվարի 22-ին բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի լայն շրջանակ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ինչպես նաև ընդգծվում է, որ օրակարգի միջազգային և տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են:
«Նալբանդյանի այցը ռուս-հայկական հագեցած երկխոսության տրամաբանական շարունակությունը կլինի՝ ուղղված քաղաքական, առևտրա-տնտեսական և հումանիտար ոլորտներում սերտ համագործակցության հետագա զարգացմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: