ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել անտառապետին:
Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Կռոյանը 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի ժամանակավոր պաշտոնակատար և ի պաշտոնե պարտավոր եղել անմիջականորեն իրականացնել անտառպետության ղեկավարումը, ի թիվս այլ գործառույթների՝ հսկել տարածքում իրականացվող աշխատանքները, կանխարգելել, հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ անտառային օրենսդրության խախտումները։
Մինչդեռ, նախաքննության տվյալներով, նույն թվականի դեկտեմբերի կեսերին անտառպետության 7-րդ պահաբաժնի «Ռուդնիկ» կոչվող տեղամասում անտառապետը նկատել է, որ Լերմոնտովո գյուղի 3 բնակիչներ բենզասղոցներով և կացիններով ապօրինի հատել են տարբեր տրամագծերով ուռի, բոխի, թխկի, հաճար, կեչի, ՀՀ «Բույսերի Կարմիր գրքում» գրանցված արոսենի հայաստանյան տեսակի ծառեր և ճյուղեր, մասնատել են դրանք և պատրաստել՝ անտառից դուրս բերելու համար, սակայն ոչինչ չի ձեռնարկել՝ արձանագրված անտառախախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ Քննության տվյալներով՝ անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին