ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ դարձել է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը. նման եզրակացության կարելի է գալ` նկատի ունենալով փաստը, որ վերջին երկու ամսվա ընթացքում այս նախարարության ենթակայության տակ գործող հիմնարկություններում կոռուպցիոն գործարքների հետ կապված երրորդ քրեական գործն է հարուցվում: Երեկ քրեական գործ է հարուցվել՝ կապված «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ. առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակվել է: Այս տարվա հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձաց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարներ ստանալը: Եւ, վերջապես, 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորներ կան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս եւս 2 հոգի ձերբակալվել է:
Չնայած այս ամենին՝ նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն այդ երեւույթների համար: Նա դեռ շարունակում է պաշտոնավարումը՝ ընդ որում, այդպես էլ որեւէ բացատրություն չտալով տեղի ունեցածի համար: Արդյո՞ք բոլոր տեղի ունեցած հանցանքները եղել են առանց նախարարի գիտության:

 

 

 
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի: Պարզվում է` նրանք սկզբում բանակցություններ են սկսել ընդդիմադիր դաշտի լայն միավորման նպատակով, սակայն բանակցող կուսակցություններից երեքը` ՔՊ-ն, ԼՀԿ-ն ու Հանրապետությունը, շատ արագ ձեւավորել են «Ելք» դաշինքը` այդպես վիժեցնելով գաղափարը: «Ընդհանուր մի գաղափար էր պտտվում, որ իշխանության դեմ պետք է ստեղծել մեծ ընդդիմադիր դաշինք, յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների համագործակցություն: Երբ որ մեզ նման առաջարկ արվեց, մենք պատասխանեցինք՝ այո, բայց մեր համաձայնությունից ընդամենը մի քանի օր հետո երեք ուժերը հայտարարեցին իրենց առանձին դաշինք ստեղծելու մասին»,- ասել է նա: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանին, որն էլ ասաց. «Երբեք մենք իրենց հետ ուղղակի կամ անուղղակի կերպով դաշինք կազմելու վերաբերյալ բանակցություն չենք ունեցել»:

 

 

 
Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԲՀԿ ո՛չ համագումարի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո նախընտրական դաշինք ձեւավորելու որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Համագումարի օրակարգում ընդգրկված է լինելու միայն ԲՀԿ նախագահի եւ կուսակցության նոր քաղխորհրդի ընտրությունների հարցը: Այսօր կավարտվի ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների ժամկետը, եւ նախատեսված է, որ կուսակցության նախագահ կընտրվի Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք՝ Ծառուկյանը երկու տարի առաջ հայտարարել էր այս կուսակցության ղեկավարի պաշտոնը թողնելու եւ քաղաքականությունից հեռանալու մասին, բայց այս տարվա հունվարին հայտարարեց քաղաքական էջը բացելու եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին:

 

 

 

Թեեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս հրահանգեց, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործեն քարոզչության համար, կարծես թե կան մարդիկ, որոնք չեն սթափվում: Մասնավորապես ՀՀԿ Արաբկիրի կառույցի նախագահ, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել իշխող Հանրապետականին: Նա կրթական հաստատություններում ահաբեկչական գործողություններն ավարտելուց հետո հիմա էլ հասել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներին: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ իրենց աշխատանքային ժամի ավարտից հետո պարտադրաբար տանում են Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի՝ արդեն գործող նախընտրական շտաբ: Հրայր Անտոնյանը բացահայտ ահաբեկում, սպառնում է թաղապետարանի աշխատակիցներին, որպեսզի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքեն: Տեղի ունեցող կուսակցական նիստերի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ յուրաքանչյուր ձայնի համար կբաժանվի ոչ թե 100 ԱՄՆ դոլար, այլ 5 հազար դրամ: Եւս 5 հազար դրամ էլ խոստացել են տալ ցուցակներով ձայն բերողներին: Կուսակցական նիստի մանրամասները` 5-րդ էջում:

 

 

 
ՈՐ ԻՆՉ ԱՆԻ
Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ օրակարգի շրջանակներում քննարկվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա ստեղծված ԱԱԽ 2017 թվականի գործունեության ծրագիրը եւ ընթացիկ հարցեր:
Այսպիսով՝ մինչ Հայաստանին հասցվում է հերթական շառաչուն ապտակը՝ ի դեմս ՀԱՊԿ-ում ՀՀ դաշնակից Բելառուսի կողմից Ադրբեջանին բլոգեր Լապշինի արտահանձնման, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում քննարկում են ընթացիկ հարցեր եւ տարեկան անելիքներ: Ուշագրավ է, որ ամեն անգամ, երբ ՀՀ-ում որեւէ կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, անմիջապես հրավիրվում է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շուրջ, սակայն, պաշտոնական հաղորդագրություններում շարքային, ոչինչ չասող հարցեր են նշվում: Այդպես էր նաեւ անցած տարի՝ ապրիլյան իրադարձություններից, ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո հրավիրված ԱԱԽ նիստերի դեպքում:
Թեեւ իրականում այդպես ավելի լավ է. գոնե այդ մակարդակով շոուներ չեն հրամցվում հանրությանը: Մանավանդ որ հանրությունը դեռ չի մոռացել մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հաջորդ օրը հրավիրված ԱԱԽ նիստը, որը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ուղիղ էր հեռարձակվում: Դժվար է մոռանալ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարությունը՝ ուղղված ԱԱԾ այն ժամանակվա ղեկավար Գորիկ Գուրգենիչին եւ դրա հետ կապված հանրային սպասումները: Թե ինչ եղավ դրանից հետո, թե ինչ քայլեր ձեռնարկեց հայ ժողովրդին նման խայտառակության փաստի առաջ կանգնեցրած Հայաստանի իշխանությունը, հայտնի է բոլորին: Եվ, թերեւս, հենց այդ «հատուկ հանձնարարության» զրոյական կատարողականն է նաեւ պատճառը, որ Ադրբեջանը սաֆարովյան լկտիությունից հետո նախաձեռնեց եւ հաջողությամբ իրագործեց Լապշինի արտահանձնման գործընթացը:
Եվ այսքանից հետո զարմանալի է, թե ինչ երեսով է իրեն ոչ թե «ճառ ասող, այլ զանգ կախող» համարող ՀՀ արտգործնախարարը Աժ ամբիոնից խոսում այն մասին, թե Լապշինի հետ կատարվածից ում վարկանիշը անկում կապրի:
Նկատենք, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում ՀՀ դաշնակից համարվող Բելառուսի իշխանությունները երեկ, ըստ էության, շատ ավելի կոշտ կերպով արձագանքեցին Երեւանի մեղադրանքներին, քան անգամ Սաֆարովին արտահանձնած Հունգարիան, որի հետ Հայաստանն առանձնապես սերտ հարաբերություններ չուներ: Եվ սրան ի պատասխան՝ Երեւանն անգամ Բելառուսի դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու կամ նոտա հղելու մակարդակով ի ցույց չի դնում իր դժգոհությունը: Այսքանից հետո Սերժ Սարգսյանն իր իսկ բառապաշարով ասած՝ ԱԱԽ նիստ է հրավիրում, որ ինչ անի:




Լրահոս