ՀՀԿ-Ի ԱՆԿԱՏԱՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետին մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն երեկվա դրությամբ որեւէ կուսակցություն կամ դաշինք ԿԸՀ չէր ներկայացրել համամասնական ու ռեյտինգային ցուցակները:

Ու մինչ կսկսվի մրցավազքը, փորձենք վերհիշել, թե իշխող ՀՀԿ-ն այս հինգ տարիների ընթացքում որքանո՞վ է իրականացրել 2012թ. ԱԺ ընտրություններում իր ներկայացրած նախընտրական ծրագիրը: Ի վերջո, ՀՀԿ-ն 2012թ. ընտրությունների արդյունքում ԱԺ-ում ձեւավորեց բացարձակ մեծամասնություն եւ ի տարբերություն իր կոալիցիոն գործընկերների՝ չի կարող ասել, թե իշխանության մեջ բավարար ներգրավվածություն չի ունեցել՝ ծրագրերն ամբողջությամբ իրականացնելու համար: Ընդհակառակը, ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որն ունեցել է բոլոր հնարավորությունները՝ նախընտրական խոստումները կատարելու համար, առավել եւս, երբ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, նախարարների ու մարզպետների, համայնքապետերի ու շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են:
Եւ այսպես՝ 2012թ. ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով՝ ներկայացնելով ծավալուն ծրագիր: Միայն թե այդ ծրագրում խոստումները շատ ընդհանրական էին, եւ թվային արտահայտությամբ՝ կոնկրետ արդյունքների մասին խոսք չկար: Պատճառն էլ պարզ էր. նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն կոնկրետ արդյունքներ էր խոստացել, բայց այդպես էլ չէր կարողացել ապահովել, ու այդ ողջ ընթացքում ընդդիմությունը, հասարակությունը ՀՀԿ-ին ամեն հարմար առիթով հիշեցնում էր այդ խոստումները: ՀՀԿ-ն այս հինգ տարիների ընթացքում չի կատարել նաեւ 2012թ. տված իր նախընտրական ծրագրի դրույթները:
Դատեք ինքներդ: 2012թ. ՀՀԿ ծրագրում նախաբանից հետո ՀՀԿ-ն առաջինը խոստացել էր «Ուժեղ եւ պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար»: Թե իշխող ՀՀԿ-ն որքանով է իրագործել իր այս նախընտրական խոստումը, պարզ է ամենքին: Բավական է միայն հիշել ապրիլյան քառօրյա պատերազմը, որի արդյունքում եղան ավելի քան հարյուր զոհ, հարյուրավոր վիրավորներ եւ, վերջապես, կորցրինք 800 հեկտար տարածք: Այդքանից հետո, թերեւս, անիմաստ է խոսել ՀՀԿ-ի այս խոստումները հակառակորդի հետ ուժերի հավասարակշռության, հետախուզական կարողությունների, զորացրվածների համար աշխատանքով ապահովելու եւ արտոնյալ ուսման հնարավորությունների խոստումների մասին: Կամ թեկուզ ՀՀԿ-ի այս խոստումը. «Բազմապատկելու ենք Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսեւորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը»: Ապրիլյան պատերազմից բացի՝ ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին պարբերաբար իրականացվող դիվերսիաները, միջազգային տարբեր ատյաններում ընդունված բանաձեւերում եւ այլ փաստաթղթերում հակահայկական ձեւակերպումները ամենախոսուն ապացույցն են այն բանի, որ ՀՀԿ նախընտրական ամենակարեւոր խոստումները չեն իրականացվել:
ՀՀԿ ծրագրի հաջորդ բաժինն այսպես է վերնագրված. «Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում»: Չորս տարի շարունակ եվրոասոցացման ուղղությամբ քայլեր անելուց հետո եւ մեկ գիշերում ԵՏՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի որոշման հետեւանքով թե որքա՞ն է ամրապնդվել ՀՀ միջազգային հեղինակությունը, կարծում ենք՝ ներկայացնելու կարիք չկա: Բավական է միայն հիշեցնել, թե ինչպես էին եվրոպացի պաշտոնյաները նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ իշխանություններին որակել անվստահելի, անկանխատեսելի գործընկեր: Մինչդեռ նույն ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում խոստացել էր. «Եվրոպական միության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը հասցվելու է ավարտին: Բարձրացնելու ենք Ռուսաստանի Դաշնության հետ կնքված առեւտրատնտեսական, ռազմական, էներգետիկ, գիտական, կրթական, մշակութային ոլորտներին վերաբերող պայմանագրերի իրագործման արդյունավետությունը»:
Այս տարիների ընթացքում չեն իրականացվել ՀՀԿ-ի տնտեսական բնագավառի խոստումները եւս. «Ապահովելու ենք ֆինանսական կայունություն՝ ընդլայնելով ֆինանսական ծառայությունների շրջանակը եւ հասանելիությունը»: 2013թ. տարեվերջին դրամի կտրուկ արժեզրկումն ու տնտեսության մեջ դրան հաջորդած խուճապը լավագույնս ցույց տվեց, որ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել ֆինանսական որեւէ կայունություն, այլ ընդամենը արհեստականորեն փորձում են պահպանել դրամի փոխարժեքը: ՀՀԿ-ն նաեւ խոստացել էր. «Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու միջին եւ փոքր բիզնեսի կայացման եւ զարգացման երաշխիքների ստեղծմանը: Մենք պարտավոր ենք ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել խոշոր բիզնեսի կողմից գերիշխող դիրքի չարաշահումները», «Մենք ծրագրում ենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի, եւ գուցե ավելի շատ, տնտեսական զարգացում է հարկավոր»: Եւ ի՞նչ. կարողացա՞վ ՀՀԿ-ն ապահովել այս ամենը: Իհարկե ոչ: Բավական է միայն նշել, որ եթե նախորդ տարիներին ինչ-որ աճ է արձանագրվել, ապա հիմնականում գյուղատնտեսության ոլորտում թվանկարչության շնորհիվ: Իսկ որ տնտեսությունը չի զարգացել, փաստում է վերջին երեք տարվա ընթացքում բյուջեի եկամուտների թերակատարումը, փաստում է ներդրումների ծավալների հետեւողական անկումը, փաստում է աղքատության մակարդակը, որ այդպես էլ չի իջնում 30 տոկոսից, եւ, վերջապես, դա փաստել է անձամբ ՀՀԿ առաջին փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»:
Հանուն արդարության նշենք, որ իր ծրագրային դրույթներից մեկը ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, իրականացրել է: Խոսքը ամուր սփյուռք ունենալու խոստման մասին է. չէ՞ որ վերջին տարիներին ՀՀ-ից շարունակվել է ահագնացող արտագաղթը. միայն վերջին հինգ տարում մոտ 210 հազար ՀՀ քաղաքացի է մեկնել ՀՀ-ից եւ չի վերադարձել՝ այդպես համալրելով եւ ուժեղացնելով հայկական սփյուռքը:
Այնպես որ, ՀՀԿ-ն այդպես էլ չի իրականացրել իր նախընտրական ծրագրի դրույթները ու, չնայած սրան, փորձում է քաղաքացիներից քվե ակնկալել: Իսկ միայն վերոհիշյալ փաստերը բավարար են, որպեսզի քաղաքացիները մերժեն այս կուսակցությանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԶԱՐՄՈՒՀՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բարեկամուհին՝ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթը այդ առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Հրանուշ Հակոբյանից: Վերջինս հարցը լսելուն պես հորդորեց. «Գնացե՛ք եւ իմացե՛ք այնտեղից»: Իսկ թե որտեղից, նախարարը չպարզաբանեց, այլ միայն նշեց. «Իմ զարմուհին չէ, համալսարանի ռեկտորն է»:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԴՈ՞ՒԽ Է ՏՎԵԼ
Նախօրեին ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վարչապետին հորդորեց լրագրողների հետ շփումից չխուսափել: Կարապետյանն էլ ի պատասխան՝ նշեց, որ պատնեշներն ինքը չի դրել եւ չի խուսափում լրագրողների հետ շփումից, բայց նաեւ խոստովանեց. «Ոչ միշտ եմ հաճույք ստանում լրագրողների հետ շփվելիս»: Պատահականությու՞ն է արդյոք, որ գործադիր մարմնի ղեկավարի այս հայտարարության հաջորդ օրն իսկ կառավարության այն անդամները, որոնք մշտապես նիստից հետո դուրս էին գալիս գլխավոր մուտքից եւ շփվում լրագրողների հետ, երեկ գերադասում էին հեռանալ հետնամուտքով, օրինակ՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, դաշնակցական նախարարները՝ զերծ մնալով իրենց կատարածի մասին լրագրողների միջոցով հասարակությանը «հաշվետվություն» ներկայացնելուց: Ըստ երեւույթին, իրենց ղեկավարի խոսքը թեւեր է տվել նախարարներին:

 

 

 

ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ
Դեռեւս 2016 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով բուհերն ապակուսակցականացնելու անհրաժեշտությանը, ասել էր. «Մենք հիմա օրենքի նախագիծ ենք մշակում, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները իրավունք չունեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարզպետներ»: Եվ ահա օրերս «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս նախագիծն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն` քննարկումների փուլ է անցնում: ԿԳ նախարարը, սակայն, մեզ հետ զրույցում չհստակեցրեց` նախագիծը երբ կներկայացվի ԱԺ: «Ընդհանրապես կառավարությունում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, եւ այն քննարկման փուլում է»: Հիշեցնենք, որ ներկայումս պետական ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են. ԵՊՀ-ում Սերժ Սարգսյանն է, Երեւանի պետական մանկավարժական համալսարանում` Գալուստ Սահակյանը, ՀՊՃՇՀ-ում` Տարոն Մարգարյանը, եւ այսպես շարունակ: Օրերս փոխվել էր Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահը, բայց կրկին նշանակվել է պետական պաշտոնյա, ՊԵԿ նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանի փոխարեն նշանակվել է Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը:

 

 
ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔ
Բելառուսի արտաքին գերատեսչությունն արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձման հարուցած արձագանքներին: Բելառուսի ԱԳՆ խոսնակ Դմիտրի Միրոնչիկը երեկ հայտարարել է, թե Լապշինին Ադրբեջանին հանձնելու հարցը «գտնվում էր բացառապես իրավական տիրույթում», եւ Բելառուսն այդպիսով կատարել է իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Նույն հարցի առնչությամբ Բելառուսի արտգործնախարարությունը նաեւ հայտարարել է, թե «անընդունելի են համարում» ՀԱՊԿ-ում Բելառուսի անդամակցությունը սառեցնելու կոչերը:

 

 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՕՐ
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը երեկ կառավարությանն է ներկայացրել որոշման նախագիծ՝ մարտի 3-ը որպես գործարարների օր նշելու մասին: Նախարարն ընդգծել է, որ օրը պատահական չի ընտրվել, մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար Մանթաշյանի ծննդյան 175-ամյակը: Վարչապետ Կարեն Կարապետյանն այս կապակցությամբ կատակել է՝ ասելով. «Բա որ Մանթաշյանը մարտի 8-ին ծնված լիներ»: Կառավարությունը որոշումն ընդունել է:

 

 

Ո՛Չ ԱՅՆ, Ո՛Չ ԱՅՆ
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի փեսան է, չի համակարգելու Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի նախընտրական շտաբը, ոչ էլ ընդգրկվելու է «Ծառուկյան» դաշինքում:




Լրահոս