Արաբկիր վարչական շրջանում կրքերը թեժանում են: Նախկին թաղապետը անցել է «ահաբեկչական գործողությունների»: Մոռանալով Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության վարչության պետի իր հիմնական գործառույթները՝ նա ինքնամոռաց ծառայում է Արտակ Սարգսյանին` Սասի Արտակին:
Հիմա ամեն ինչի մասին հերթով: Նախ՝ սկսենք նրանից, թե ով է Հրայր Անտոնյանը, որ իրեն այսպես ամբարտավան է դրսեւորում: Անտոնյանը ՀՀ բնապահպանության նախարարությունից կրկին համայնքային ծառայության է վերադարձել Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի օրոք: Սակայն հիմա ամենուր չարախոսում է իրեն «հաց տված» Երիցյանի մասին, քանի որ արդեն նոր «տերեր» ունի: Եվ հրահանգել են ամեն գնով ձայն հավաքել ԱԺ ամենաչստացված պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին, որին ԱԺ-ում նույնիսկ սեփական խոսափողը չհասկացավ:
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ կրթական մի շարք հաստատություններում` մանկապարտեզներ, դպրոցներ, երաժշտական, սպորտային կառույցներում, պտտվելով ու մարդկանց ահաբեկելով՝ ՀՀԿ Արաբկիր կառույցի նախագահ Հրայր Անտոնյանը հարաբերվեց նաեւ թաղային խուժանի հետ: Նա «բեսեդկի» մակարդակի շփումներից ոգեւորված՝ ամենօրյա հանդիպումներ է կազմակերպում հիմա էլ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների հետ` նրանցից պահանջելով ցուցակներ` պոտենցիալ ընտրողների անուններով:
Մինչ հանդիպումների մանրամասներին անդրադառնալը, հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բառացի հայտարարեց. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները եւ մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ եւ բոլորին խստագույնս զգուշացնում, որ նման ծառայություններն «արջի ծառայություն» են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք ներկայացնում: Հատուկ ուշադրություն դարձրեք այս երեւույթին»:
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներից մի քանիսը, որոնք ՀՀԿ շտաբում տարբեր օրերին մասնակցել են նախընտրական հավաքներին, «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ աշխատանքային ժամից հետո կայացած հանդիպումներին մասնակցում է նաեւ չխոսկան պատգամավոր Արտակ Սարգսյանը: Բայց նա լռում է նաեւ շտաբային աշխատանքների ժամանակ:
Հիմնական «բլբուլը» Հրայր Անտոնյանն է, որը խոսում է ե՛ւ իր, ե՛ւ Արտակ Սարգսյանի փոխարեն: Նա խնդիր ունի ապացուցելու, որ Արաբկիրում կարող է ձայներ հավաքել: Ուստի կազմակերպում է, որ թաղապետարանի աշխատակիցները` ըստ քարտեզագրման, պտտվեն թաղամասերում եւ ձայն հավաքեն: Ու թեեւ թաղապետարանի աշխատակիցների մեծամասնությունը ստիպողաբար հանրապետական դարձած անձինք են, այնուամենայնիվ, Արտակ Սարգսյանը նրանց համար եւս անցանկալի թեկնածու է: Ու միակ մոտիվացիան, որ մինչ այս կար Արտակի օգտին աշխատելու համար, այն լուրերն էին, որ 1 ձայնի համար 100 ԱՄՆ դոլար է բաժանվելու: Սակայն ՍԱՍ-ի «հիմնական շտաբում» կայացած հանդիպումների ժամանակ հայտարարվել է, որ ամեն ձայնի դիմաց ընդամենը 5 հազար դրամ է բաժանվելու: Սա անասելի մեծ հարված է եղել թաղապետարանի աշխատակիցների համար, քանի որ նրանց հիմնական մոտիվացիան 100 դոլարն էր:
Բայց պարզվում է` նույնիսկ բաժանվելիք 5 հազար դրամը Արտակ Սարգսյանը չի վստահում Հրայր Անտոնյանին` թերեւս հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը: Հանդիպումների ժամանակ բացահայտ ասվել է, որ ցուցակներով տրվող գումարները բաշխվելու են ՍԱՍ-ի աշխատակիցների միջոցով. պարզապես թաղապետարանի աշխատակիցները պետք է ապահովեն հասցեները` ըստ ցուցակների:
Մյուս հարվածը, որ ստացել են ՀՀԿ-ական արաբկիրցիները, այն է, որ ասվել է, թե ընտրական հանձնաժողովներում էլի ՍԱՍ-ի աշխատողներն են ընդգրկվելու:
Հավելենք, որ Հրայր Անտոնյանը ներկաներին սպառնում է, թե վերադառնալու է թաղապետի պաշտոնին եւ վրեժ կլուծի բոլոր ըմբոստներից: Ինչպես հայտնի է՝ հիմա Արաբկիրի թաղապետը Հովհաննես Վարդանյանն է` Լիդերը, որը նշանակվել է թաղապետի պաշտոնում Դաշնակցության քվոտայով:
Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային կարգով առաջադրվելու են ՀՀ ոստիկանապետի փեսան, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին է, քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանը:
«Ելք» դաշինքից այս ընտրատարածքում կառաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, լրագրող Վահագն Հովակիմյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ՝ Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ-ից՝ Հովհաննես Շահինյանը, «Հայկական վերածնունդ»-ից՝ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Սարգսյանը եւ այլք, որոնց անունները դեռ հստակեցվում են:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԸ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ
Արդեն մի քանի օր է, ինչ Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շուրջ քննարկումները չեն դադարում: Բանն այն է, որ ինչ-որ մեկը դիմում-բողոք է ներկայացրել Արարատի մարզպետարան, որտեղ նշել է, որ Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանը աշխատանքի վայրում եւ ժամերին զբաղվում է քարոզչական աշխատանքներով: Այս առիթով Սերինե Հայրապետյանը ArmLur.am-ին հայտնել էր, որ մարզպետ Գրիգորյանն իրեն իր մոտ է կանչել եւ հայտարարել, որ քարոզչություն իրականացնելու պատճառով հեռացված է աշխատանքից:
Սակայն «Ժողովուրդ»-ը Արտաշատի ԲԿ-ի տնօրեն Վարդան Հովհաննիսյանից տեղեկացավ, որ իրականում մարզպետարանը դիմում-բողոք է ստացել մի քաղաքացուց, որտեղ նշված է եղել, որ Սերինե Հայրապետյանը աշխատանքի վայրում զբաղվել է քարոզչական աշխատանքներով: Մինչդեռ Ս. Հայրապետյանը հակառակն է պնդում՝ նշելով, որ ինքը երբեւէ աշխատավայրում չի զբաղվել քարոզչությամբ: «Ժողովուրդ»-ը տիկին Հայրապետյանից տեղեկացավ, որ իրեն աշխատանքից հեռացնելու հետ կապված նախօրեին պոլիկլինիկայի աշխատակիցները գործադուլ են արել եւ հանդիպել մարզպետի հետ: Նշենք, որ երեկվա դրությամբ Ս. Հայրապետյանը աշխատանքից ազատված չէր:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք մարզպետի կողմից հրահանգ ստացե՞լ եք Սերինե Հայրապետյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
-Ես նման հրահանգ ո՛չ երեկ եւ ո՛չ էլ այսօր չեմ ստացել: Սերինե Հայրապետյանին աշխատանքից ազատել միայն ես եմ կարող, բայց նման բան չի եղել:
-Այդ դեպքում ինչո՞ւ է նման աղմուկ բարձրացել: Կպատմե՞ք, թե իրականում ինչ է եղել:
-Մարզպետի հետ առաջին հանդիպմանը, որին ներկա է գտնվել նաեւ աշխատակազմը, մարզպետի կողմից դիտողություն է հնչել այն մասին, որ աշխատաժամերին եւ աշխատավայրերում քարոզարշավով չզբաղվել: Նա նաեւ ընդգծեց, որ ժամանակը կգա, եւ բոլորս մեր ընտրությունը կանենք: Այդ դիտողությունը ինձ էր վերաբերում, քանի որ ես եմ ԲԿ-ի տնօրենը:
-Բայց Դուք քարոզչությա՞մբ զբաղվել եք:
-Ես՝ ոչ: Անձնակազմից ճշտել եմ, որ աշխատավայրում եւ աշխատաժամին նման գործունեություն ոչ ոք չի ծավալել: Իսկ ահա մարզպետին երկրորդ հանդիպմանը ներկայացրեցինք, որ նման բաներ ԲԿ-ում եւ պոլիկլինիկայում տեղի չեն ունեցել: Ինքն էլ ընդունեց մեր ասածը: Ոչ մի խնդիր չկա: Ինչ-որ մեկը դիմում-բողոք էր գրել, որ իբր նման բան է արվում: Բայց էդ գրածը իրականությանը չի համապատասխանում:
-Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք կուսակցակա՞ն եք…
-Այո՛, ես ՀՀԿ-ական եմ եւ չեմ դադարեցրել իմ անդամակցությունը ՀՀԿ-ին:
Հ.Գ. Նշենք, որ Սերինե Հայրապետյանը Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանի կինն է, իսկ նրանց որդին՝ Սերգեյ Մուրադյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի օգնականն էր: Ս. Մուրադյանը աշխատանքից ազատվեց Ռուբիկ Աբրահամյանի հետ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ «ԾԱՆՐԱՔԱՐՇՆԵՐԸ»
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Հայ հեղափոխական դաշնակցության» համամասնական ցուցակում ընդգրկված է լինելու նաեւ հայտնի միկրովիրաբույժ, Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայի տնօրեն Արտավազդ Սահակյանը: Նա ծնունդով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղից է: Ի դեպ, Կողբի բնակիչ է նաեւ Տավուշի մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար Հովիկ Աբովյանը:
Անկուսակցական Ա. Սահակյանը Տավուշի մարզում, հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանում, մեծ հեղինակություն է վայելում: Նա «Ժողովրդի» հետ զրույցում չժխտեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր անունը լինելու է ՀՅԴ վարկանիշային ցուցակում: Ավելին՝ հենց Սահակյանն է ղեկավարելու Դաշնակցության՝ Տավուշի մարզի վարկանիշային ցուցակը: Հիշեցնենք, որ 1995-1999թթ. Ա. Սահակյանը մեծամասնական ընտրակարգով Նոյեմբերյանի տարածաշրջանից ԱԺ պատգամավոր էր: Նա իր բժշկական ծառայությունների համար միշտ էլ ժողովրդի եւ իշխանությունների հարգանքին է արժանացել: 2013թ. նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն այցելել էր Տավուշի մարզ: Ա. Սահակյանը մասնակցում էր Ս. Սարգսյանի նախընտրական հանդիպմանը, որը կայացավ Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում: Խոսակցություններ կան, որ Ս. Սարգսյանն է հայտնի միկրովիրաբույժին դիմել, որպեսզի առաջիկա ընտրություններում իր մասնակցությամբ սատարի ՀՅԴ-ին: Ա. Սահակյանը խուսափում է այդ թեմայով խոսել: Նախկինում նա ասել է, որ քաղաքական 3 կուսակցություն իրեն դիմել է, որպեսզի ինքն ընդգրկվի այդ կուսակցությունների՝ Տավուշի մարզի վարկանիշային ցուցակում, սակայն ինքը դեռ չի որոշել: Մի հարցազրույցում էլ նշել էր, որ ինքը փող է վաստակում վիրաբուժության միջոցով, պատգամավոր ընտրվելու դեպքում ինչպե՞ս է պահելու իր ընտանիքը:
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ վարկանիշային ցուցակում ընդգրկվելու է նաեւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Նա 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած ՏԻՄ ընտրություններում լինելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ՝ ընտրվել էր Իջեւան համայնքի ղեկավար: Հետագայում նա դուրս եկավ ԲՀԿ-ից եւ անդամագրվեց ՀՀԿ-ին: Վ. Ղալումյանին ընդգրկելով Տավուշի մարզի իր վարկանիշային ցուցակում՝ ՀՀԿ-ն նպատակ ունի վերջինիս քաղաքապետ ընտրածների գոնե մի մասին «քաշել» առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին ձայն տվողների մեջ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ