ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացրած 34 ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը կառավարության կողմից դրական եզրակացություն է ստացել: Ընդհանուր գերատեսչությունը կառավարությանն էր ներկայացրել 5 մարզերի համար 44 ծրագիր: Մարզային այդ ծրագրերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ:

-Պարո՛ն Լոքյան, մինչ օրս մարզերից քանի՞ ծրագիր եք ստացել:
-Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել, առաջարկել եւ պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները կառավարությանը ներկայացնեն ծրագրեր: Նշեմ, որ կառավարությունում մեր նախարարությունն է մարզերից ստացվող հիմնական ծրագրեր ընդունող բլոկը: Ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝ գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն եւ այլն: Այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն եւ առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, չեն ստանում դրական եզրակացություն:
-Կնշե՞ք, թե ծրագիրը նախարարություն ներկայացնելուց հետո հաջորդ քայլը ո՞րն է:
-Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձեւ ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն եւ փոխանցվել է բոլոր մարզեր եւ համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձեւով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար, որից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ: Ապա ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն եւ ներկայացվում կառավարություն: Օրինակ՝ մենք առաջին 5 մարզերի համար կառավարությանն ենք ներկայացրել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Իսկ դրական եզրակացություն ստացած յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ: Օրինակ՝ շինշիլագործության ծրագրի համար 20-օրյա ժամկետ է տրված, եւ գյուղատնտեսության նախարարությունը պետք է ապահովի տվյալ ծրագիրն ընթացքի մեջ մտնելու հարցը:
-Իսկ այն ծրագրե՞րը, որոնք բիզնեսի տեսանկյունից թույլ են ու անհեռանկարային…
-Գործադիրում քննարկվում են նաեւ այն առաջարկները, որոնք բիզնես տեսանկյունից թույլ են. այս դեպքում խորհրդատվություն է տրամադրվում: Իհակե, դեռեւս շատ գործարարներ, ովքեր հեռավոր բնակավայրերում ուզում են սկսել իրենց բիզնեսը, փոքր-ինչ թերահավատ են պետություն-համայնք-մասնավոր համագործակցության հարցում: Այսօր էլ մարզերից գործարարները կարող են դիմել նախարարություն, մարզպետարաններ, եթե ունեն գործարար ծրագրեր, եւ դրանք անպայման կուսումնասիրվեն եւ կքննարկվեն:
-Բացի բիզնես-ծրագրերը քննարկելուց եւ ուսումնասիրելուց՝ պետությունը բիզնեսմենին ի՞նչ հարցերում է օգնում:
-Եթե որեւէ գյուղում բիզնեսմենը փորձում է ստեղծել, ենթադրենք, պանրի արտադրամաս, պետությունը պարտավորվում է էլեկտրականության, գազի, ջրի եւ ճանապարհի որոշակի խնդիր լուծել ընդհանրապես բիզնես ծրագրի մինչեւ 30 տոկոսի չափով, որպեսզի հեշտացնի գործարարի գործը: Գործարարը պետք է ունենա տրանսֆորմատոր, պետք է ունենա բարձրավոլտից ցածրավոլտ իջեցնող համապատասխան սարքավորումներ, պետք է սյուներով այդ հոսանքը բերի արտադրական կառույց, պետք է գազաֆիկացնի կառույցը, ջուր պետք է ունենա, արտադրական ձեռնարկության պայմաններ եւ այլն: Այս հարցերում է պետությունը օգնում:
-Պարո՛ն Լոքյան, այսօր հայաստանցի գործարարին մտահոգող գլխավոր հարցերից մեկը կապված է վարկային բարձր տոկոսադրույքների հետ: Այս հարցում աջակցություն լինելո՞ւ է, թե՞ ոչ:
-Երբ մենք շփվում ենք բիզնեսի հետ, բիզնեսի հիմնական պահանջը սա է՝ ունենալ ցածր տոկոսադրույքով վարկեր: Մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ եւ մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ: Պետությունը ստեղծում է, փաստորեն, որոշակի ֆոնդ, որի միջոցով ինքը մասնավոր հատվածում գործող բանկերի` բարձր տոկոսադրույքով վարկերը պետք է ֆինանսավորի եւ ցածր տոկոսադրույքով դրական եզրակացություն ստացած ծրագրերի բիզնեսմեններին տրամադրի: Ենթադրենք՝ այսօր վարկային միջոցները տրամադրվում են 13, 14, 15 եւ ավելի բարձր տոկոսադրույքով, պետությունը կորոշի՝ այս ծրագիրը ինչքանով է հեռանկարային, ինչքանով է անհրաժեշտ մեր երկրին, եւ կարող է մինչեւ 6 նիշով ֆինանսավորել տվյալ վարկը եւ իջեցնել բիզնեսմենի ծախսերը: Նաեւ՝ որ վարկերն ունենան «գրեյս պիրիուդ» (արտոնյալ ժամանակահատված), որպեսզի անմիջական մարումը չսկսի, եւ նաեւ վարկերի մարման ժամկետը 5 եւ ավելի տարիների դաշտում տեղավորվի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
ՄԵԿԱՄՍՅԱ ԺԱՄԿԵՏ՝ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ
Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել ՀՀ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարներին: Հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել մշակութային, երիտասարդական եւ մարզական ծրագրեր՝ սփյուռքում հայապահպանությանն օժանդակելու, հայկական մշակույթի տարածման եւ հայկական արժեքների քարոզման միջոցով ՀՀ-ն առավել ճանաչելի դարձնելու համար: Կ. Կարապետյանն ասել է, որ նախարարությունների հաշվետվությունների քննարկման ընթացքում որոշակի խնդիրներ են պարզվել. «Կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության եւ կառավարման իրականացման գործում: Ելնելով նշվածից՝ հանձնարարում եմ ՀՀ կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարներին մեկամսյա ժամկետում վերանայել կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը եւ ներկայացնել առաջարկություն՝ այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ, գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները եւ մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները եւ հնարավոր լուծման տարբերակները ՀՀ կառավարության աշխատակազմ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների եւ համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ՝ այդ հաստատությունների կառավարման եւ գործունեության կազմակերպման համար»:

 

 

20 ՕՐ՝ ՊԵՏԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
Անարդյունավետ կառավարում իրականացնողների «ողնաշարները կոտրելու» աղմկահարույց հանձնարարականից հետո կառավարության երեկվա նիստում վարչապետ Կ. Կարապետյանը նոր հանձնարարական է տվել պետական գույքի կառավարման վարչությանը: «Վերջին հանձնարարականի հիման վրա ներկայացվել են պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների 2013թ., 2014թ., 2015թ. տարեկան եւ 2016թ. առաջին կիսամյակի տվյալների հիման վրա իրականացված համատարած ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումները եւ վերլուծության արդյունքները: Առանձնացվել է նշված ժամանակահատվածում 4, 3, 2 եւ 1 տարի վնաս ձեւավորած, ինչպես նաեւ գործունեություն չծավալած եւ շահույթ չձեւավորած ընկերությունների ցանկերը: Կատարվել է վերլուծություն բոլոր այն պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների համար, որոնք նշված ժամանակահատվածում ձեւավորել են համեմատաբար փոքր շահույթ՝ հիմքում ընդունելով ակտիվների շահութաբերության գործակցի մեծությունը: Հանձնարարում եմ համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության եւ կառավարիչների գործունեության եւ այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»,-ասել է վարչապետը:

 

 
ՄԱՌԱԽՈՒՂ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ
Փետրվարի 9-ին Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի եւ Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է եղել, տեսանելիությունը՝ 50-80 մ: Բքի պատճառով փակ է եղել Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվել են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷԻՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց լարված իրավիճակ էր: Հավաքված մի շարք քաղաքացիներ բարձրաձայնում էին իրենց խնդիրները՝ ակնկալելով, որ դրանք լուծում կստանան: Բանակում զոհված զինծառայողների ծնողները նույնպես կառավարության դիմաց էին: Նրանց փոխանցմամբ՝ կառավարության հետնամասում իրենց քաշքշել են եւ փորձել բերման ենթարկել: Սակայն զինծառայողների մայրերն այդ միջադեպից հետո եկել էին կառավարության դիմաց՝ շարունակելով պահանջել հանդիպում պաշտպանության նախարարի հետ: Ընթացքում հավաքված սեւազգեստ մայրերից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար «Շտապօգնություն» են կանչել: Իրեն վատ զգացողը զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն էր: «Շտապօգնության» բժիշկները ցանկացել են կնոջը հիվանդանոց տեղափոխել, սակայն նա չի համաձայնել: Բժիշկները կառավարության դիմաց կնոջն առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու հեռացել: Սեւազգեստ մայրերը պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ բանակում զոհված զինծառայողների ծնողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն:
Ավելացնենք, որ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին նաեւ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք պարբերաբար վանկարկում էին «աշ-խա-տանք»՝ պահանջելով վերագործարկել «Նաիրիտ»-ը:




Լրահոս