ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Արդեն տեւական ժամանակ է՝ այս բնակելի շենքերի տանիքները պատված են վտանգավոր սառույցներով: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ դրանց վայր ընկնելը, թերեւ բոլորն են տրամաբանում: Սակայն կարծես այս փաստն այնքան էլ չի հետաքրքում պատկան մարմիններին, այլապես դրանք վաղուց մաքրված կլինեին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պարբերականությամբ է կատարվում նոտարական թարգմանիչների որակավորման ստուգում: Եվ ուզում եմ իմանալ՝ որքա՞ն պետական տուրք պետք է վճարել:

Անահիտ Գեւորգյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ստուգումները կազմակերպվում են առնվազն տարեկան մեկ անգամ: Ստուգման անցկացման օրվա, ժամի եւ տեղի մասին դիմողին պատշաճ ձեւով տեղեկացվում է ստուգումից առնվազն 7 օր առաջ: ՀՀ արդարադատության նախարարի հրամանով կարող են կազմակերպվել արտահերթ ստուգումներ: Ստուգման անցկացման մասին տեղեկությունները հրապարակվում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնում:
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգման անցկացման համար պետական տուրքը կազմում է՝
-20000 ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005163630,
– փորձագետի եզրակացության համար վճար, որը փոխանցվում է ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջետային հետեւյալ հաշվեհամարին՝ 900013194056, իսկ վճարի չափը նշվում է որակավորման մասին հայտարարության մեջ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով եւ դռնբաց: Դիմողի գիտելիքների ստուգման նպատակով նրան թարգմանության համար տրվում են հայերեն եւ համապատասխան օտար լեզուներով տեքստեր: Ստուգումն անց է կացվում գրավոր թղթային կրիչի վրա:

 

 

 
ՀԱՐՑ. Վերջին շրջանում շատ եմ նկատում ավտոբուսների վրա փակցված գովազդներ: Հետաքրքիր է իմանալ՝ ո՞ւր են գնում այդ գովազդներից գոյացած գումարները, եւ ինչի՞ վրա են ծախսվում դրանք:

Մանուկ Հովսեփյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից տեղեկացնում են, որ Երեւան քաղաքում ցանկացած գովազդային կրիչների, այդ թվում տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող գովազդներից գանձվում է տեղական տուրքի վճար (հաշվարկով զբաղեցրած մակերեսից մեկ քառակուսի մետրի համար սահմանված դրույքաչափի) եւ համալրում համայնքային բյուջե:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվում են այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով եւ տեղադրման տեղով չպետք է նման լինեն հատուկ եւ օպերատիվ տրանսպորտային միջոցների գունագրաֆիկ սխեմաներին, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կանոններով տրանսպորտային միջոցների վրա տեղադրվելու համար նախատեսված ճանապարհային նշաններին: Գովազդի համար կարող են օգտագործվել այնպիսի նյութեր, որոնք ունեն լուսանդրադարձնող էֆեկտներ, բացառությամբ ճանապարհային երթեւեկության կանոններով արգելված գույների եւ լուսանդրադարձնող նյութերի, եւ տեղադրվում են տրանսպորտային միջոցի առջեւի մասում՝ կարմիր, իսկ հետեւի մասում՝ սպիտակ գույնի: Նշենք, որ այս պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:




Լրահոս