ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը զբաղված է ներկուսակցական ճղճիմ գզվռտոցներով ու ցուցակակռվով` ԱԺ ընտրություններին ընդառաջ փորձելով անցողիկ տեղ գրավել համամասնական ընտրացուցակներում, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում բոլոր ճակատներով անցել է գրոհի:
Արդեն մի քանի օր է` ադրբեջանական զինուժը ԼՂՀ սահմանին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` դարձյալ կիրառելով ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Արդյունքում` գրեթե ամեն օր ունենք զոհեր: Մյուս կողմից Ադրբեջանը հարձակման է անցել նաեւ դիվանագիտական ճամբարում. հարեւան երկիրն ավելի քան 700 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմից ադրբեջանական բնակավայրերին հասցված վնասների առնչությամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչության պետ Չինգիզ Ասքերովն ասել է, թե դատարանն ընդունել է բոլոր դիմումները: Նախկինում էլ ՄԻԵԴ-ը բավարարել էր Ադրբեջանի քրդերի` Չիգարովի եւ մյուսների հայցն ընդդեմ ՀՀ-ի՝ այդպես պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին հնարավորություն ընձեռել փախստականներին վերադառնալ Լաչինում գտնվող իրենց տները, որ փախստականները լքել էին պատերազմի պատճառով: ՄԻԵԴ-ում Ադրբեջանի նման ակտիվության պատճառը պատահական չէ. այսպես հիմքեր են նախապատրաստվում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար` իբրեւ թե փախստականների իրավունքների պաշտպանության քողի տակ:
Այս իրավիճակում առաջին հերթին անելիք ունեն Հայաստանի իշխանությունները, որոնք, սակայն, զբաղված են ոչ թե ԼՂ խնդրի արժանապատիվ լուծման հարցով, այլ նախապատրաստվում են ընտրությունների կեղծմանը՝ այդպես միջազգային ասպարեզում էլի թուլացնելով Հայաստանի դիրքերը: Ավելին` ապրիլյան պատերազմի օրերին եղած անթույլատրելի դիակապտության դեպքերից եւ որեւէ մեկը չդարձավ միջազգային հանրության կողմից քննարկման առարկա իրավական հարթությունում: Դրա համար էլ դիակի ականջ ու գլուխ կտրած Ադրբեջանը իրավունքների հարթություն է մտել:

 

 
ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցականի տակ է դրել իր երկրի ներկայությունը ԵՏՄ-ում: «Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայումս այրում է կամուրջները, որը փաստացի խաչ է քաշում նրա քաղաքական ապագայի վրա: Մոսկվան կամ Իսրայելը որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող: Սակայն պետք է հասկանալ, որ այսպիսի գործողությունները դառնում են անհամատեղելի հենց Բելառուսի ներսում Լուկաշենկոյին սատարման հետ: Այն քայլերը, որոնք Լուկաշենկոն արել է, եւ որոնք չեն համընկնում ռուս-բելառուսական հարաբերությունների հետ, դարձնում են անհնար միացյալ պետության գոյությունը,- ասել է նա` հավելելով,- Ռուսաստանն ուղղակի չի կարող թույլ տալ, որ Լուկաշենկոյի պես գործիչը ստեղծի լուրջ խնդիրներ ռուսական տնտեսության զարգացման համար: Այսպիսի պայմաններում կարող է դրվել նրա փոխարինման հարցը»:

 

 

 
Հայաստանից կապիտալի արտահոսքը գնալով ավելանում է: Եթե 2015-ին ՀՀ-ից դուրս է բերվել 760 մլն 992 հազար դոլար, ապա 2016թ. այդ թիվը հասել է 816 մլն 982 հազար դոլարի: Սրանք, ի դեպ, օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն են, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալները տեղադրված են ՀՀ կենտրոնական բանկի կայքում: Մինչդեռ ամեն տարի Հայաստանից հսկայական գումարներ դուրս են բերվում նաեւ ապօրինի ճանապարհով, եւ ժամանակին այդ մասին զեկույց էր հրապարակել «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպությունը` տեղեկացնելով, որ 2003-2013թթ. ընթացքում ապօրինի դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար: Իսկ օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն այն միջոցներն են, որոնք կարող էին ներդրվել Հայաստանի տնտեսության մեջ եւ նպաստել երկրի տնտեսական զարգացմանը: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2016թ. ընթացքում նվազել են արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները: Ըստ ԿԲ-ի` 2016թ. ֆիզիկական անձանց անունով մուտք է եղել 715 մլն 901 հազար դոլար` 2015թ. 870 մլն 667 հազար դոլարի փոխարեն:

 

 
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող դաշինքում կռիվ է ընկել, պատճառն էլի ընտրացուցակներն են: Բանն այն է, որ նախընտրական ցուցակի կազմման արարողությանը մասնակցում են բացառապես Օսկանյանր՝ իր թիմակիցներով, եւ Սեյրան Օհանյանը՝ ներառելով նեղ թիմակիցներին, չնայած այդ դաշինքի մաս են նաեւ այլ կուսակցություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հստակ է, որ ցուցակի առաջին եւ երկրորդ համարները զբաղեցնելու են Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը, իսկ թե նրանից հետո ում անունն է հաջորդելու, հայտնի չէ: Նկատենք, որ երեկ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց դաշինքը լքելու մասին, ավելի վաղ դժգոհություն էր հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ մեր աղբյուրների՝ Ա. Սարգսյանի համար ընտրացուցակում առաջարկել են 6-րդին հաջորդող համարները՝ պատճառաբանելով, որ ՀԴԿ-ն ռեսուրս չունի: «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանի համար էլ նախատեսել են 5-րդից բարձր տեղերից մեկը, ինչն անարդար է, եւ չի բացառվում, որ Դալլաքյանն էլ կհեռանա:

 

 

 
ՎԵՐՋԻՆ ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց հրամանագիրը՝ մահմեդական բնակչությամբ 7 երկրներից փախստականների մուտքը կասեցնելու վերաբերյալ, փաստորեն դառնում է լուրջ փորձաքար նրա վարչակազմի համար: Նախօրեին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը միաձայն որոշեց մերժել այն վերականգնելու՝ Սպիտակ տան պահանջը եւ անփոփոխ թողեց Սիեթլի դաշնային դատարանի՝ անցած շաբաթ կայացրած որոշումը: Դատարանի 29 էջանոց որոշման մեջ նշվում է՝ Թրամփի վարչակազմը չի ներկայացրել որեւէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հրամանագրում ներառված 7 երկրների քաղաքացիները սպառնում են հանրային անվտանգությանը: Այս որոշմանը Թրամփն արձագանքել է թվիթերյան գրառմամբ՝ «կհանդիպենք դատարանում»՝ հավանաբար նկատի ունենալով գերագույն դատարանը, որտեղ նրա հաղթանակի հավանականությունը 50/50 է գնահատվում: Այս սկանդալային հրամանագրի կասեցման հարցում նշանակալի դերակատարում ունեցած Վաշինգտոնի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնն ասել է. «Ամերիկան օրենքի երկիր է, եւ այդ օրենքները վերաբերում են յուրաքանչյուրին, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահին: Մենք ընդունում ենք, որ նախագահն ունի հրամանագրեր արձակելու լայն լիազորություններ, սակայն դրանք պետք է համապատասխանեն Սահմանադրությանը»:
Երկրում գործադիր եւ դատական իշխանությունների նման անկախությունն ու հակակշռումը հենց ԱՄՆ հզորության հիմքն է. մի բան, որը մեզանում իսպառ բացակայում է: Նախագահի հրամանագրերի սահմանադրականության շուրջ այս օրերին Հայաստանում էլ կար վիճահարույց հարց: Խոսքը առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին անցկացնելու մասին է: Ինչպես հայտնի է՝ Ս. Սարգսյանի այս հրամանագիրը մի շարք քաղաքական ուժեր եւ փորձագետներ համարում են հակասահմանադրական եւ ներկայացնում դա փաստող հստակ հիմնավորումներ: Ինքը՝ Սերժ Սարգսյանն անգամ այս հարցի հետ կապված նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ իր հրամանագրի վերանայմանը, եթե քաղաքական բոլոր ուժերը նման ցանկություն հայտնեն /նա, իհարկե, շեշտը դրեց առավելապես խնդրի բարոյական կողմի վրա/:
Եվ, ահա, այս, թվում է, ոչ այնքան բարդ եւ քաղաքական ցնցումների չհանգեցնող որոշման վերանայման նպատակով ՀԱԿ-ի կողմից նախաձեռնված ստորագրահավաքը՝ ՍԴ դիմելու եւ հրամանագիրը վիճարկելու շուրջ, չհավաքեց անհրաժեշտ թվով ստորագրություններ: Իսկ պատճառը շատ պրիմիտիվ է. հայրենի պատգամավորների գերակշիռ մասը, «շառից-փորձանքից հեռու», չի ցանկանում իր ստորագրությունը դնել մի փաստաթղթի տակ, որով վիճարկվում է Սերժ Սարգսյանի հրամանագիրը: Էլ ուր մնաց, թե հարցը հասնի դատարան եւ այնտեղ ստանա անաչառ լուծում: Ինչպես շատ դիպուկ ձեւակերպել էր գեներալ Մանվելը՝ Հայաստանում մուրճն էլ է Սերժ Սարգսյանի ձեռքին, նալն էլ, մեխն էլ: Եվ այս իրողությունը վիճարկելու փորձ անողներ առայժմ չկան՝ անկախ իրենց ընդդիմադիր հռետորաբանության սրությունից:




Լրահոս