«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, անդրադառնալով Արմավիրի ԲԿ-ից «Մուրացան» հիվանդանոցային համալիր տեղափոխված 2 օրական նորածնի մահվան դեպքին, ասաց, որ մանրազնին հետազոտությունը միայն թույլ կտա ճիշտ ու սխալի մասին խոսել:
-Պարո՛ն Բաբլոյան, հունվարի 28-ին Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում Արմավիրի ԲԿ-ից տեղափոխված 2 օրական նորածին էր մահացել: Մահացած երեխայի հարազատները կատարվածում մեղադրում են ԲԿ-ի բժիշկ Նշան Գեւորգյանին: Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ նույն բժիշկը նմանօրինակ դեպքերի համար նախկինում դատապարտված է եղել ազատազրկման: Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում մահացածի հարազատները չեն կարողանում հասնել արդարության: Իսկ եթե հասնում են արդարության, նույնիսկ շատ դեպքերում օրինական ուժի մեջ մտած դատավճիռը չի խանգարում, որ նույն բժիշկները շարունակեն աշխատել, խաղալ մարդկային կյանքերի հետ:
-Նախ նշեմ, որ մանկական, մայրական մահացությունը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում եւ կա: Պետք է նշեմ, որ տարիների ընթացքում ունենք բարելավում, բայց դա մեզ չպետք է հանգստացնի, քանի որ միեւնույն է՝ շատ անելիքներ ունենք բարելավելու մեր ցուցանիշները, եւ մյուս կողմից՝ ամեն մի երեխայի կորուստը մեզ համար պետք է լինի քննարկման առարկա: Այստեղ մեր մոտեցումը պետք է լինի հետեւյալը. ոչ թե ամեն մի դեպքի մասով քննարկումը ուղղված լինի, արդյո՞ք պետք է պատժենք համապատասխան բժշկին, եթե այդպես գնանք, մենք չենք ունենա բուժաշխատողներ, կթողնեն, կգան այս երկրից, ու մենք կմնանք էլ ավելի վատ բժիշկների հույսին: Դրա համար քննարկումները ամեն դեպքի համար պետք են, որպեսզի մենք հասկանանք՝ արդյոք կար մի բան, որ մենք կարող էինք անել ավելին, որպեսզի կյանքը փրկեինք կամ մենք հանդիպել ենք այնպիսի մի դեպքի, որը անբուժելի էր, բայց մենք կարող էինք կանխարգելել: Շատ բարդ բաներ եմ ասում, բայց դա առողջապահություն է, քանի որ առողջապահությունը միայն բժշկական օգնության մեջ չէ, որ մարդը եկավ հիվանդանոց, եւ նրան բուժում են տալիս, մենք պետք է կարողանանք կանխարգելել նաեւ այդ հիվանդությունները: Բժշկական օգնության եւ սպասարկման մասին օրենքը հստակ ասում է, որ պերինատալ մահացությունը անպայման պետք է հետազոտվի, եւ մահացած երեխան պետք է հերձվի, որ մինչեւ վերջ հասկանանք՝ որտեղ է պրոբլեմը: Ցավոք, այդ դեպքում դա տեղի չի ունեցել:
-Ինչո՞ւ չեն արել, սա արդեն բացթողո՞ւմ է:
-Ինձ բացատրեցին, որ սովորույթների հետ է կապված. երեխայի ընտանիքը ազգային փոքրամասնություն է, բայց մենք պետք է մաքսիմալը ձգտենք, որպեսզի հետազոտենք եւ կարողանանք ճիշտը պատասխանել: Դուք այս պահին լավ հասկանում եք, որ ես չեմ կարող գնահատել՝ բժիշկը ճի՞շտ է եղել, թե՞ ոչ, քանի որ բոլոր ուսումնասիրությունները պետք է արվեն:
-Հասկանալի է, որ պետք է ուսումնասիրվի, Դուք գնահատական չեք կարող տալ: Բայց փաստ է, որ նման դեպքերի մասով երեք անգամ ազատազրկման դատապարտված բժիշկը շարունակում է աշխատել եւ մարդկային կյանք է խլում: Սա է անվստահության մթնոլորտ ստեղծում բուժաշխատողների նկատմամբ:
-Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ կապ եմ հաստատել հիվանդանոցի տնօրենի, առողջապահության նախարարության համապատասխան մարմինների հետ եւ ստացել որոշակի տեղեկատվություն տնօրենից, որ այդ բժիշկը ժամանակին ունեցել է խնդիրներ, բայց չեմ ուզում ինքս հիմա եզրակացություն անել, բոլոր տեսակի ուսումնասիրությունները ավարտելուց հետո մենք կարող ենք եզրակացնել: Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ բոլորը հիմա այդ դեպքը պահում են ուշադրության կենտրոնում, սկսած նախարարից, նախարարության համապատասխան բաժիններ եւս, ես ինքս անձամբ տեղեկատվություն եմ վերցնում, թե ինչ հետազոտություն է արվել, ինչ արդյունք կա, եւ ինչ-որ ժամանակ հետո մենք կկարողանանք հասարակությանը տալ տեղեկատվություն այս դեպքի վերաբերյալ:
-Փաստ է, որ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները իրենց հարազատներին բուժելու նպատակով ուղարկոմ են արտասահման: Եթե Ձեր հարազատին է բան պատահում, Դուք ո՞ր բժշկական կենտրոնն եք խորհուրդ տալիս, որ նա գնա:
-Նախեւառաջ, ես իմ հարազատներին երբեք խորհուրդ չեմ տալիս անմիջապես գնալ արտասահման, որովհետեւ գտնում եմ, որ մենք ունենք բավականին լավ զարգացած բժշկական հաստատություններ, լավ մասնագետներ, եւ եզակի են այն ուղղությունները, որտեղ մենք թերի ենք:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՀԱՑԱԴՈՒԼ Է ԱՆՈՒՄ
Արդեն երեք տարի է, ինչ քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատական նիստերը շարունակվում են: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհիմն չհետաձգել դատական նիստերը եւ դատարան հրավիրել բոլոր այն վկաներին, որոնք կարող ենք գործի քննության էական նշանակություն ունեցող ցուցմունքներ տալ:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին` գիշերը ժամը 00:15-ին, իր տան բակում՝ Երեւանի Արամի նրբանցքի 5 Ա շենքի մոտ արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Համաձայն մեղադրանքի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործությունը թաքցնելու նպատակով սպանել է Մովսես Ներսիսյանին եւ դիակը նետել Քանաքեռավանի կոյուղու դիտահորը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Իսրայել Սարգսյանի մայրը` Անժելա Բեգինյանը, հայտնեց, որ այս գործով կան մի շարք բացթողումներ, որոնք դատարանը չի իրականացնում. «Նախ կարեւոր վկաներին չեն բերում դատարան, ոստիկանության 7-րդ վարչության աշխատակիցներն այս գործով կարեւոր վկաներ են, բայց նրանց չեն բերում դատարան, տաքսու վարորդը, որը գործով կարեւոր վկա է, նա եւս չկա, ու պարզվել է, որ նա երկրում չէ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, Արթուր Սաֆարյանին սպանողը դեպքի վայրում էր թողել ե՛ւ ատրճանակը, ե՛ւ ձեռնոցը, ձեռնոցի մատնահետքերը ենթարկել են փորձաքննության, եւ ապացուցվել է, որ այդ մատնահետքերը կապ չունեն ո՛չ որդուս, ո՛չ էլ Մովսես Ներսիսյանի մատնահետքերի հետ: Բայց ձեռնոցը, որը կարեւոր ապացույց է, քրեական գործից առանձնացրել են: Ինչքան կարող է տեւել այս անարդարությունը: 2016 թվականի սեպտեմբերից դատական նիստ չէր կայացել, իսկ, ահա, 2017 թվականի փետրվարի 9-ին կայացավ նիստ եւ այն էլ 20 րոպե տեւեց, ու ավարտեցին: Այս անարդարությունից դրդված որդիս անժամկետ հացադուլի է դիմել»:
Տիկին Անժելայի խոսքով՝ որդուն փորձել է համոզել չգնալ հացադուլի, սակայն ապարդյուն: Նա ընտրել է բողոքի ծայրահեղ ձեւը:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՁԵՎԸ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ մի շարք քաղաքացիներ, որոնք տարբեր գործունեության շրջանակներում այս կամ այն կերպ առնչվել են ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ, հայտնվում են ճաղերի հետեւում: Մասնավորապես մայիսի 3-ին շորթման մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնվեց analitik.am լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: Նրա «վրա» իրավապահներին հաղորդում էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Օրերս էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Ալյանս» կուսակցության անդամ Սարգիս Հարությունյանը խարդախության համար:
Ուշագրավ զուգադիպությամբ այս տենդենցը սկսվեց այն պահից, երբ ԱԱԾ պետ նշանակվեց Տիգրան Ուրիխանյանի մորաքրոջ տղան` Գեւորգի Կուտոյանը: Իսկ թե իրականում դա որքանով կապ ունի Տիգրան Ուրիխանյանին առնչվող մարդկանց կալանավորումների հետ, թերեւս ցույց կտա ժամանակը:
ՆՈՒՅՆ ԳԵՏԸ՝ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարում երեկ Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է ԲՀԿ նախագահ: Կրկին կուսակցության նախագահությունը ստանձնած Ծառուկյանն իր ելույթում անդրադարձել է երկրում խորացող սոցիալ-տնտեսական խնդիրներին. «Այսօր պետության առաջ ծառացած են մի շարք խնդիրներ, որոնք առաջնային լուծում են պահանջում: Եկեք ուսումնասիրենք ոլորտները: Առողջապահություն. պետության կողմից ամեն տարի առողջապահության նախարարությանը հատկացվում է 80 միլիոն դրամ, որից, սակայն, շարքային քաղաքացին չի կարողանում օգտվել: Հաջորդ առաջնահերթություն պահանջող ոլորտը բանկային համակարգն է: ՀՀ յուրաքանչյուր ընտանիքում առնվազն երկուսը բանկում վարկեր ունի, այդ դեպքում հարց է առաջանում՝ որտե՞ղ են պետությանը հատկացված այն գումարները, որոնք պետք է տրվեին գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիներին՝ էժան վարկերի տեսքով: Երկու տարի հետո ժողովրդի ձեռքը տուն չի մնալու, փող չի մնալու, այդ բոլորը բանկերին է մնալու, ժողովուրդը սնանկ է դառնալու: Այս հարցերին պետք է լուծում տալ: Ես պաշտոնի համար չեմ գալիս, գումարի համար չեմ գալիս, բոլորդ էլ գիտեք՝ ես ամեն ինչ ունեմ: Պետք է մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու»: Համագումարը վարել է Իշխան Զաքարյանը, ով երեկ հրաժարական է տվել վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից։ Զաքարյանն ասել է, որ հեշտությամբ է այդ որոշումն ընդունել. «Հեշտությամբ եմ տվել հրաժարական։ Ես պետք է լինեի իմ 20 տարվա ընկերոջ կողքին»,-ընդգծել է նա: Ի դեպ, համագումարին մասնակցել է նաեւ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով Ծառուկյանի փեսան է:
ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման կապակցությամբ երեկ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասված է. «Լրագրող եւ բլոգեր Ալեքսանդրի Լապշինի ձերբակալությունն ու հետագայում նրա արտահանձնումը խորը մտահոգության առարկա է: Տվյալ դեպքը կարող է հանգեցնել խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի: Հաշվի է առնվում այն փաստը, որ քաղաքացիական հասարակության անդամների եւ լրագրողների այցերը Լեռնային Ղարաբաղ ունեն անգնահատելի նշանակություն մարդասիրական տեսանկյունից եւ այդտեղ տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություններ տրամադրելու առումով: Ցանկացած գործողություն, որն ուղղված է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ժողովրդավարական առաքելությունը տարածքային առումով սահմանափակելուն, ենթակա է խիստ դատապարտման: Ա. Լապշինի արտահանձնման որոշումն իրական սպառնալիք է եվրոպական արժեքների հիմքում ընկած խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատության համար, այդկերպ լրջորեն վտանգվում են մարդու իրավունքների արժեքները»:
ՀԱՑ ԲԵՐՈՂԸ՝ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ
Հաց բերող Արթուր Սարգսյանը, որը նախօրեին դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր, երեկ առավոտյան հացադուլ է սկսել: Նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, «Ազատությանն» ասել է, որ իրեն նման տեղեկություն հայտնել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից: «Հաց էինք տարել, բայց չվերցրին, ասացին՝ հացադուլ է անում: Մարդուն քիչ-քիչ սպանում են, կմահանա տենց»,- մտահոգվել է Սարգսյանը՝ նշելով, որ իրեն չեն թույլատրում տեսակցել եղբորը: