ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ՀԵՌԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բելառուսի հետագա ներկայությունն ԵՏՄ-ի կազմում հարցականի տակ է, իսկ մասնակցությունը ՀԱՊԿ-ում դեռեւս այս պահի դրությամբ պահպանվում է: Եթե այս ամենից հետո Իլհամ Ալիեւը գուցե կարողանա որեւէ փոխզիջում գտնել, ապա Լուկաշենկոյի համար դեռեւս դժվար է ասել, թե ինչպիսի հետեւանքներ կլինեն: Այսպիսի պայմաններում կարող է դրվել նրա փոխարինման հարցը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանին արտահանձնման հետեւանքների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների Կովկասի բաժնի վարիչ, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

-Պարո՛ն Եվսեեւ, Ադրբեջանի նախագահի կողմից այդ երկրի բարձրագույն պարգեւին արժանանալուց եւ դրա համար վարձահատույց լինելու խոստում տալուց հետո Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, փաստորեն, արեց ամեն ինչ, որ բլոգեր Ա. Լապշինին արտահանձնեն Բաքվին: Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը, եւ ինչո՞ւ Ռուսաստանը կամ Իսրայելը չկարողացան կանխել դա:
-Ալեքսանդր Լուկաշենկոն ներկայումս այրում է կամուրջները, որը փաստացի խաչ է քաշում նրա քաղաքական ապագայի վրա: Մոսկվան կամ Իսրայելը որեւէ ազդեցություն ունենալ չեն կարող: Սակայն պետք է հասկանալ, որ այսպիսի գործողությունները դառնում են անհամատեղելի հենց Բելառուսի ներսում Լուկաշենկոյին սատարման հետ: Այն քայլերը, որոնք Լուկաշենկոն արել է, եւ որոնք չեն համընկնում ռուս-բելառուսական հարաբերությունների հետ, դարձնում են անհնար միացյալ պետության գոյությունը: Նա հարցականի տակ է դրել Բելառուսի ներկայությունը ԵՏՄ-ի կազմում:
-Այսինքն՝ Բելառուսը պետք է դո՞ւրս գա ԵՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի կազմից, որի անդամ է հանդիսանում:
-Բելառուսի հետագա ներկայությունը ԵՏՄ-ի կազմում հարցականի տակ է, իսկ մասնակցությունը ՀԱՊԿ-ում դեռեւս այս պահի դրությամբ պահպանվում է: Բայց հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացները՝ Ռուսաստանն ուղղակի չի կարող թույլ տալ, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի պես գործիչը ստեղծի լուրջ խնդիրներ ռուսական տնտեսության զարգացման համար: Այսպիսի պայմաններում կարող է դրվել նրա փոխարինման հարցը:
-Ստացվում է, որ Ռուսաստանի պես պետությունը Բելառուսի վրա ազդեցություն չունի՞:
-Նախ տեսնենք, թե ինչպես է Ռուսաստանն ազդում Բելառուսի վրա: Ռուսաստանը Բելառուսին ավելի էժան է վաճառում գազը, քան Հայաստանին, սակայն ամեն դեպքում Ալեքսանդր Լուկաշենկոն արժեքն անարդար է համարում, բայց ոչ ոք գինը չի իջեցնի, վարկեր նրան այլեւս չեն տրվում, բացի այս՝ նվազեցվում են Բելառուսին տրվող նավթի ծավալները: Ռուսաստանը կշարունակի տնտեսական ճնշումը Բելառուսի վրա՝ հաշվի առնելով, որ լուրջ խնդիրներ կան հենց այդ երկրի ներսում: Սակայն հույս ունենալ, որ Մայդան կարող է լինել, ճիշտ չէ: Այդպիսի դեպքերում հնարավոր է դառնում Լուկաշենկոյի փոփոխությունը ժողովրդավարական ձեւով, սակայն դա կախված է այն հանգամանքից, թե նա իրեն ինչպես կդրսեւորի:
-Արդյո՞ք միանշանակ կարող ենք ասել, որ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը ռուս-բելառուսական հարաբերություններում առկա խնդիրների հետեւանք է, թե, այնուամենայնիվ, այստեղ կարեւոր դեր ունի նաեւ Ադրբեջանին հաճոյանալու՝ Լուկաշենկոյի քաղաքականությունը:
-Լապշինին արտահանձնեցին, որովհետեւ Լուկաշենկոյին այդ մասին խնդրել էր Իլհամ Ալիեւը: Անձամբ Ալիեւը, որոշ տվյալների համաձայն, ֆինանսական օգնություն է ցույց տալիս Բելառուսին: Արտահանձնումը հնարավոր եղավ, քանի որ Լուկաշենկոն ոչ ճիշտ է հասկանում իրավիճակը: Նա կարծում է, որ Ռուսաստանը թույլ է, եւ չարաչար սխալվում է: Անվճար նախաճաշերի ժամանակն անցել է, ոչ ոք Բելառուսին այլեւս որեւէ բան զիջել չի պատրաստվում: Եթե պետք լինի, Ռուսաստանը կփակի իր աչքերն այն հանգամանքի վրա, որ Լուկաշենկոյի փոխարեն լինի այլ մարդ: Իրավիճակն այսպիսին է, իսկ Լապշինն այստեղ լակմուսի թուղթ է:
-Իսկ ինչպիսի՞ հետեւանքներ կլինեն Արցախի համար:
-Պետք է ուշադիր լինել Բելառուսի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեկնում են Արցախ: Ես, օրինակ, մոտ ժամանակներս Արցախում եմ լինելու՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ, որպես միջազգային դիտորդ: Եվ ինձ այս ամենը չի վախեցնում: Խնդիրն այն է, որ ես այլեւս չեմ կարողանա մեկնել Բելառուսի Հանրապետություն: Սա առաջին հանրապետությունը չէ, որն ինձ համար փակվում է: Պետք է առաջին հերթին ուշադիր լինել հենց Բելառուս այցելությունների վրա, սակայն լուրջ հետեւանքներ Արցախի համար չեն լինի, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այդպիսի շատ հետեւանքների դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել: Արցախն ուղղակի կերպով կապված չէ Բելառուսի հետ, ինչ-որ հետեւանքներ ես չեմ տեսնում: Այն, ինչ անում է հայ հասարակությունը Երեւանում՝ հավաքների տեսքով, կարծում եմ՝ ճիշտ է: Ես կարծում եմ, որ դեռ իր խոսքը պետք է ասի Իսրայելը, որը լրջորեն այս գործընթացի մեջ չի մտել, որը, սակայն, լուրջ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա:
Ես կարծում եմ, որ հետեւանքներ առաջին հերթին կլինեն այն երկրների համար, որոնք այս ամենի հետ որեւէ կապ են ունեցել: Կոնկրետ հետեւանքներ կլինեն Բելառուսի եւ Ադրբեջանի համար, որովհետեւ իմ համոզմամբ՝ այսպիսի քայլերը նրանց ոչ ոք չի ների: Բայց եթե Իլհամ Ալիեւը կարողանա որեւէ փոխզիջում գտնել, ապա ինչպիսին կլինեն հետեւանքները Լուկաշենկոյի համար, դեռ դժվար է ասել: Չի բացառվում նաեւ այն հանգամանքը, որ իրադարձությունների զարգացման դեպքում նա ստիպված լինի հեռանալ: Իսկ նման զարգացումները չեն բացառվում: Սրացումները Ռուսաստանին կստիպեն մեծացնել ճնշումը: Այստեղ պետք չէ միամիտ լինել, քանի որ ամեն ինչ կարող է որոշել միայն Լուկաշենկո-Պուտին հանդիպումը, սակայն այդ հանդիպման համար չկան նախադրյալներ, եւ խոսելու որեւէ պատճառ չկա: Իսկ եթե պատճառ չկա, ապա Մոսկվան որեւէ զիջումների չի գնա:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՆՎԱԶԵԼ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված է 6594 աշխատանք փնտրող անձ: Մասնավորապես Իջեւանում հաշվառված է աշխատանք փնտրող 2244, Դիլիջանում՝ 2316, Բերդում՝ 883, Նոյեմբերյանում՝ 1151 անձ: Տավուշի մարզում հաշվառված է 5112 գործազուրկ, որից 3145-ը կանայք են: Վերջին 10 տարում Դիլիջան քաղաքում պետական բյուջեի միջոցներով եւ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ ներդրումներ են կատարվել: Դիլիջանում կառուցվել է ՀՀ կենտրոնական բանկի տեղի մասնաճյուղը, պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոնը, գործարկվել են հյուրանոցներ, առողջարաններ, հանգստյան տներ: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանը հռչակել էր տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, սակայն դա իրականություն չդարձավ: Դիլիջանում կատարված ֆինանսական ներդրումները, փաստորեն, առանձնապես մեծ թվով աշխատատեղեր չեն ապահովել:

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ԳՅՈՒՂԸ ԿԽՈՇՈՐԱՑՎԻ
2016թ. դեկտեմբերի 27-ին Իջեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասաց, որ 2017 թվականին Տավուշի մարզում կշարունակվի համայնքների խոշորացման գործընթացը, կձեւավորվեն խոշորացած Իջեւան եւ Բերդ համայնքներ, սակայն դեռ որոշված չէ, թե ինչ չափեր կունենան այդ համայնքները: Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի կունենա համայնքների խոշորացման 2-րդ փուլը, ներկայումս առկա 3 խոշոր համայնքների փոխարեն կլինի 2-ը: Մարզպետն ասաց, որ համայնքների խոշորացումը կատարվում է կառավարության մշակած ռազմավարության շրջանակներում համապատասխան փուլերով: Խոշորացված Դիլիջան համայնքում կատարված ծրագրերը ներկայացնելով՝ նա համայնքների խոշորացումը առաջընթաց համարեց՝ նշելով հանդերձ, որ եղել են նաեւ որոշ թերություններ, խոշորացման գործընթացի վերաբերյալ բնակչության իրազեկության պակաս: Մարզպետը չհայտնեց, թե հաջորդիվ որ համայնքներն են միավորվելու: Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Կողբ համայնքն է միավորվելու Նոյեմբերյանին: Կողբ համայնքը ներառում է Կողբ եւ Զորական գյուղերը: Այն Նոյեմբերյան քաղաքին տարածքով միացած է եւ այս առումով խնդրահարույց չէ: Ի դեպ, Կողբը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հայրենի գյուղն է, մարզպետն այնտեղ է բնակվում: Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ մարզպետը չի ցանկացել Կողբի միավորման մասին խոսել, քանի որ համագյուղացիները կարող էին դժգոհել եւ ՀՀԿ-ին ձայներ չտալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ Է
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն իր կարիքների համար «Առողջապահական փաթեթի» ձեռքբերման նպատակով մրցույթ անցկացնելու հայտարարություն է հրապարակել: Տեղեկացանք, որ քաղաքապետարանը մտադիր է ձեռք բերել 4 մլն դրամի չափով ապահովագրական փաթեթ: Իսկ առողջության ապահովագրության շահառուներ են համարվում ոչ միայն քաղաքապետարանի (ներառյալ վարչական շրջանները, սոցիալական ծառայությունների եւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները), այլեւ իր ենթակայության գրադարանների, թատրոնների եւ թանգարանների հաստիքացուցակներով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողները, նաեւ «Գերատեսչական շենքերի պահպանման եւ շահագործման», «Երեւանտրանս» ՓԲԸ-ների աշխատողները: Մինչեւ 3030 մարդ: Իսկ քաղաքապետարանի կողմից ձեռքբերվող փաթեթը ներառում է հիվանդանոցային պայմաններում սուր, անհետաձգելի եւ պլանային բուժօգնությունը, հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ձեւով իրականացվող այն ախտորոշիչ լաբորատոր եւ գործիքային հետազոտությունները, որոնց հաջորդում է տվյալ հիվանդության հիվանդանոցային բուժումը, նաեւ տարեկան մեկանգամյա կանխարգելիչ բուժզննումը եւ այլն:

 

 

ԱԼՅՈՒՐ ՉԵՆ ԱՐՏԱԴՐՈՒՄ
Հայաստանում ալյուրի արտադրության ծավալները շարունակում են անկում ապրել: Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում անցած տարվա դեկտեմբերին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի արտադրության ծավալները 1.2 տոկոսով նվազել են: Սա կարող է վկայել բնակչության գնողունակության նվազման մասին, քանի որ ալյուրը առաջնահերթ սպառման ապրանք է: Բայց ըստ մասնագետների՝ ստեղծված իրավիճակի պատճառը պատրաստի ալյուրի ներկրումն է:




Լրահոս