ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԿԱՐԳԻՑ ՕՐՎԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2003 թվականի կառավարության որոշման համաձայն՝ հաշմանդամության կարգ ստանալու համար շատ հիվանդներ ստիպված են լինում 7 տարի շարունակ դիմել բժշկասոցիալական փորձաքննության՝ եղած կարգը կա՛մ պահպանելու, կա՛մ փոփոխելու համար: Սակայն որոշ հիվանդությունների դեպքում, թեեւ առողջության բարելավում չի լինում, այնուամենայնիվ, հաշմանդամության կարգը հանվում է ընդհանրապես:

Նախօրեին «Երեւանի թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի շենքում տեղի ունեցավ բժշկասոցիալական փորձաքննություն՝ ԲՍՓ, որին մասնակցած մի քանի քաղաքացի հաշմանդամ չճանաչվեց, ասել է թե՝ հաշմանդամության նրանց կարգն ընդհանրապես հանվեց: «Ժողովուրդ» օրաթերթը նույնպես ներկա գտնվեց փորձաքննությանը եւ զրուցեց հաշմանդամության կարգի համար փորձաքննության եկած քաղաքացիների հետ:
Նրանցից Գայանե Խուդոյանն ունի հաշմանդամության 3-րդ կարգ: Նա դեռեւս 2009 թվականին ունեցել է երկու կրծքագեղձերի վիրահատություն, ապա՝ ճառագայթում եւ մի քանի քիմիաներ է ստացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Գայանեն նկատեց, որ իրեն հետազոտող մասնագետները պնդում են, որ ինքը իրավունք ունի պահանջելու հաշմանդամության 2-րդ կարգ: «Բայց չեմ դիմել կարգի վերանայման պահանջով, որովհետեւ մեր երկրում հաշմանդամության 2-րդ կամ 3-րդ կարգ ունենալը ոչ մի նշանակություն չունի: Ես ինքս օգտվում եմ Քանաքեռում գտնվող ուռուցքաբանության ազգային կենտրոնից, որտեղ կարգ ունենալը ոչ մի առավելություն չունի: Այնտեղ ամեն ինչի համար պետք է վճարես, բոլոր տեսակի հետազոտությունները վճարովի են, նույնիսկ անկետա վերցնելն է վճարովի»,- հուսահատված նշեց տիկին Գայանեն:
Նշենք, որ հաշմանդամության կարգ ստանալու համար փորձաքննության ներկա քաղաքացիների հիմնական մասը ուներ սրտի հետ կապված հիվանդություններ: Եթե, օրինակ, քաղաքացու սիրտը վիրահատվել է մի քանի անգամ, բայց անձի կենսագործունեությունը չի խափանվել, հետեւաբար նրան հաշմանդամության կարգ չեն տրամադրում:
Այդ փորձաքննությանը ներկա էր նաեւ 56-ամյա նորագավիթցի Սերյոժա Մուրադյանը, ում հաշմանդամության կարգը հանվեց: Սերյոժայի հետ եկած հարազատին՝ Անահիտ Մելքոնյանին, խիստ զայրացրել էր բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի անդամների կայացրած որոշումը: «Ինքը վեց տարի ունեցել է հաշմանդամության 3-րդ կարգ, սրտի 4 կլապան է փոխված, ոտքերից են անոթները հանել ու փոխարինել, բացի այս՝ նա սրտի բաց վիրահատություն էլ է տարել: Իրենք պատճառաբանեցին, որ դեղորայքը ստանում ենք, խմում ու լավ զգում, բայց իր շնչառությունը տեղը չէ, չի աշխատում, երկու մետր որ քայլում է, շնչակտուր է լինում: Լսեցին գանգատները, ստուգեցին ու հայտարարեցին, որ ճնշման բարձրացումը կանխելու համար ինքը դեղեր է խմում: Վերջ: Բայց օրական յոթ հատիկ դեղ է խմում: Ո՞ւմ բողոքեմ, ո՞վ է լսելու»,- «Ժողովուրդ»-ին իր բողոքը ներկայացրեց տիկին Անահիտը:
Մեր զրուցակցի բողոքի հետ կապված զրուցեցինք թիվ 4 ԲՍՓ-ի նախագահ Աստղիկ Դալլաքյանի հետ: Նա արդարացավ՝ նշելով. «Քաղաքացուն մենք զննել ենք, մանրակրկիտ ուսումնասիրել իր կողմից ներկայացված բոլոր տեսակի փաստաթղթերը: Տվյալ հիվանդը իշեմիկ հիվանդություն ունի, իր մոտ եղել է սրտամկանի շունտավորում, եւ 4 տարի հսկվել է, իսկ մենք գնահատումներ ենք անցկացրել: Բայց այսօրվա դրությամբ իր մոտ ԿՈՄՊԵՍԱՑՎԱԾ վիճակ է. այսինքն՝ դեղորայքը ստանում է, եւ այնպիսի ֆունկցիա կամ խանգարում չկա, որ դա բերի կենսագործունեության սահմանափակմանը, որի հիման վրա մենք կարողանանք հաշմանդամություն սահմանել»:
Մասնագետի խոսքերով՝ կարգ տրվում է այն ժամանակ, երբ առողջական խնդիրը հանգեցրել է ֆունկցիոնալ կայուն խանգարման: «Ցավոք, աշխատանք չունենալը մենք հաշվի չենք առնում: Այլ հաշվի են առնվում հիվանդության առկայությունը, դրա հետեւանքով ֆունկցիայի կայուն խանգարումը եւ ինչ-որ մի կենսագործունեության սահմանափակումը»,- տեղեկացրեց Ա. Դալլաքյանը:
Թիվ 4 ԲՍՓ-ի նախագահ Աստղիկ Դալլաքյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք փետրվարի 9-ին ընդունել են 19 քաղաքացու, որից 4-ին հաշմանդամ չեն ճանաչել, մյուսների խմբերը պահպանվել են: Իսկ մի քաղաքացու մոտ հանձնաժողովը խմբի բարդացում է արձանագրել. ունեցել է 2-րդ, բայց տրվել է 1-ին խումբ: Կարգերի վերանայում նույնպես չի եղել: Սակայն նշենք, որ իրականում ոչ բոլոր հաշմանդամներն են դիմում կարգը վերանայելու պահանջով՝ խուսափելով ավելորդ քաշքշուկներից: Թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննությանը ներկա քաղաքացիների մեծ մասը մեծ ցանկություն ունեին իրենց հաշմանդամության կարգը վերանայելու, բայց խուսափում էին դիմել, քանի որ հույս չունեին, որ դա իրենց կտրվի:
«Ես հասկանում եմ, դրանք մարդկանց սուբյեկտիվ զգացողություններն են, բայց մենք վերցնում ենք օբյեկտիվ տվյալներ, այսինքն՝ եթե նա այդ խնդիրներն ունենա, ապա դրանք պետք է արտացոլվեն իր ներկայացրած փաստաթղթերում: Մենք հիվանդի վերաբերյալ հիմնական ինֆորմացիան վերցնում ենք իր ներկայացրած փաստաթղթերից. տարվա ընթացքում նրա հետազոտումներից, մասնագետների եզրակացություններից: Բացատրում ենք, որ ժողովուրդ ջան, կան չափորոշիչներ, որոնցով մենք շարժվում ենք»,- հայտարարեց Աստղիկ Դալլաքյանը:
Եւ չնայած սրան՝ ԲՍՓ-ից դժգոհությունները շատ են: Մարդիկ բողոքում են, որ ԲՍՓ աշխատակիցները խտրական են եւ անքաղաքավարի: Կասկածներ կան, որ պատշաճ հետազոտություն չի արվում ո՛չ փաստաթղթերի, ո՛չ էլ քաղաքացիների գանգատների մասով: Իսկ հաշմանդամության կարգը հաստատվում կամ հանվում է՝ «մատից հոտ քաշելով», օրվա տրամադրությամբ կամ «սիմպատիայով»: Մինչդեռ հաշմանդամության կարգին մարդիկ ձգտում են՝ թոշակ ստանալու, տարբեր արտոնություններից օգտվելու համար:
Հ.Գ. Նկատենք, որ թիվ 17 պոլիկլինիկայի զրո հարկում, որտեղ եւ տեղի ունեցավ բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամության կարգի փորձաքննության համար ներկա քաղաքացիները սպասում էին ցուրտ միջանցքում: Իսկ բժշկասոցիալական փորձաքննություն անցկացնող հանձնաժողովի նախագահն ու իր գործընկերները տաք սենյակում նստած էին՝ առանց մտածելու քաղաքացիների հարմարավետության մասին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵԼ Է
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով Լեհաստանի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով 2017 թվականի փետրվարի 9-ից ժամանակավորապես արգելվել է Լեհաստանից Հայաստանի տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը մինչեւ այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը: Արգելանքը չի տարածվում այդ երկրից մինչեւ 2017 թվականի փետրվարի 9-ը արտահանված (դուրս բերված) նշված ապրանքների վրա:

 

 

ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ ԵՎ ԲՈՒՔ
Փետրվարի 10-ից Աշտարակի, Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի եւ Տավուշի ավտոճանապարհներին կլինեն ձյան տեղումներ: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհը մշակվում է աղի եւ ավազի խառնուրդով: Մասիսի, Արտաշատի, Եղվարդի եւ Աբովյանի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-80մ:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է եղել տրանսպորտային բոլոր միջոցների համար: Հայաստանի Հանրապետության միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:

 

 
420 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը երեկ ներկայացրել է բնապահպանության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը: «Բնապահպանության նախարարությունը որդեգրել է քաղաքականություն՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման եւ նպատակային ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ինչպես գիտեք՝ յուրաքանչյուր տարի պետական բյուջեում ձեւավորվում է շուրջ 70 մլն դոլարին համարժեք բնապահպանական եւ բնօգտագործման վճար, որից, ցավոք, շատ քիչ մասն է ուղղվում շրջակա միջավայրի բարելավման կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Մեր առաջին խնդիրն այս ամբողջ բյուջետային միջոցները շրջակա միջավայրի պահպանության ծրագրեր տեղափոխելն է, այդ թվում նաեւ համայնքներում եւ կոնկրետ տարածքներում ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ խնդիր ունենալով ապահովելու շրջակա միջավայրի բարելավումը եւ զարգացման տեսակետից բավարար հիմքեր ստեղծել թե՛ ներկա, թե՛ ապագա սերունդների համար»,-ասել է նա: Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ իրենք հավաքագրել են գաղափարներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 420 մլն դոլար: Իսկ կոնկրետ նախագծերի տեսքով ունեն շուրջ 185 մլն-ի ներդրումային ծրագրեր: Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաեւ Գառնու ձորի հետ կապված գաղափարին: «Բնության հուշարձան համարվող Քարերի սիմֆոնիայում նախատեսվում է ծրագիր իրականացնել: Այն ուղիղ կապի մեջ կլինի Խոսրովի անտառ պետական արգելոցի հետ, կձեւավորվի մի հետաքրքիր շղթա: Նպատակն է ճոպանուղի ունենալ, որը կապահովի տեղափոխումը ձորի վրայից: Նախատեսում ենք կամուրջ ունենալ, որը զբոսաշրջիկներին թույլ կտա տեղափոխվել, օգտվել այս գեղեցիկ վայրը տեսնելու բոլոր հնարավորություններից»,-ներկայացրել է նախարարը:

 

 

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հորդորել իրենց կոնգրեսմեններին դատապարտել Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում իրականացված հայերի կոտորածները: Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը: Հանձնախումբը հորդորում է միանալ արշավին եւ կոչ անել սենատորներին ու Ներկայացուցիչների պալատի անդամներին հանդես գալ Ադրբեջանի կողմից իրականացված կոտորածները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու լարվածության աճը դատապարտող հայտարարությամբ:




Լրահոս