ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողից

«Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողը մեր միջոցով իր շնորհակալությունն է հայտնում «Աստղիկ» բժշկական կենտրոնի օտորինոլարինգոլոգ, «Քիթ-կոկորդ-ականջաբանություն» բաժանմունքի ղեկավար, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս Ավետիք Միշայի Մինասյանին՝ մասնագիտական բարեխղճության եւ հոգատար վերաբերմունքի համար: Քաղաքացին իր գոհունակությունը հայտնեց նաեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Մարատի Ասատրյանից, որի աշխատանքի շնորհիվ «Աստղիկ» բ/կ-ում աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ եւ բարեհամբույր աշխատակիցներ, որոնց վերաբերմունքը ցանկացած հիվանդի համար շատ կարեւոր է:

 

 

 
ՀԱՐՑ. Հայտնի է, որ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես սիրո տոն: Երիտասարդները աղի բլիթ են ուտում՝ հույս ունենալով այդ տարի ամուսնանալ: Հետաքրքիր է իմանալ, թե ո՞րն է Սուրբ Սարգսի տոնի նախապատմությունը:

Անուշիկ Խաչատրյան (28 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սբ. Սարգիս զորավարն իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա քանդել է մեհյաններ եւ փոխարենը կառուցել եկեղեցիներ: Բազմաթիվ զորականներից շատերը, տեսնելով զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, հրաժարվել են հեթանոսությունից եւ դարձել քրիստոնյա: Սուրբ Սարգիսը նահատակվում է քրիստոնեական հավատքի համար:
Սբ. Սարգիսը հայերի մեջ ամենասիրված սրբերից է: Այս տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

Հայ առաքելական եկեղեցի, Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Մտադիր եմ ուսումս շարունակել հայաստանյան այլ բուհում: Խնդրում եմ ասեք՝ այդ դեպքում ես ո՞ր կուրսից պետք է շարունակեմ ուսումս՝ 1-ի՞ն, թե՞ 2-րդ:

Մանուկ Հովսեփյան (27 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2006թ. օգոստոսի 15-ի N 671-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու» կարգի՝ երկրորդ մասնագիտական կրթություն ստանալը կազմակերպվում է կիսամյակային (կրեդիտային) սկզբունքով: Առաջին եւ ավարտական կուրսերում երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն չի կազմակերպվում: Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը թույլատրվում է, եթե առարկաների ժամաքանակների 25%-ից ավելի տարբերութամբ պայմանավորված ստուգարքների եւ քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի եւ մասնագիտությունների առանձնահատկությունները, ըստ տվյալ կիսամյակի՝ չի գերազանցում 8-ը:
Դիմումները քննարկելու նպատակով բուհի կողմից ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով: Բուհի ռեկտորը ատեստավորման հանձնաժողովում հարցը քննարկելուց հետո որոշում է ուսանողի ընդունման ժամկետը, կուրսը եւ մյուս պայմանները կամ էլ պատճառաբանված հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը: Դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ատեստավորման հանձնաժողովի կողմից մրցութային հավասար պայմանների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝
ա) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին, բ) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդներին, գ) դիպլոմի ներդիրում նշված առարկաների քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին:




Լրահոս