ՀՀ-ն ՀԱՊԿ կազմում շարունակում է մնալ բացառապես ՌԴ-ի «խաթեր». Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը՝ ԵԿՄ համագումարում, իսկ երեկ՝ ՀՀ ՊՆ-ում ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման թեմային:

Ընդ որում, ակնհայտորեն Ս. Սարգսյանի ելույթը հիմնականում ուղղված էր միջազգային հանրությանը, մասնավորապես ՌԴ-ին: Ասելիքն, ըստ էության, նույնն էր. Հայաստանը պատրաստ է ԼՂ խնդրի լուծմանը, պատրաստ է փոխզիջումների, բայց սայլը տեղից չի շարժվում Ադրբեջանի պատճառով, քանի որ նրանք ցանկանում են միակողմանի զիջումներ կորզել: Ու քանի դեռ Ադրբեջանը չի վերանայել իր այդ դիրքորոշումը, բանակցային գործընթացում առաջընթաց պետք չէ սպասել: «ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որեւէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում: Այդ պարագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության եւ փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է:

…Պաշտոնական Բաքուն մշտապես փորձում է մեզ մեղադրել ձեւավորված ստատուս-քվոն երկարաձգելու փորձերի մեջ: Սա իրականությանը չի համապատասխանում: Ուզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք, իրոք, ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի, բայց իրականությունը այս է՝ ադրբեջանցիներն առաջարկում են այնպիսի լուծումներ, որոնք մեզ համար անընդունելի են, ուստի այս պատճառով խնդիրը չի լուծվում: Երբ նրանք կհասկանան, թե ինչպիսի լուծումը կարող է իրականություն դառնալ, այն ժամանակ էլ խնդիրը կկարգավորվի: …Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը եւ Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Շատ ավելի ուշագրավ էին Սերժ Սարգսյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ում Հայաստանի ներգրավվածության մասին: Ըստ էության, նա փորձել է հասկացնել, որ ՀՀ-ն ՀԱՊԿ կազմում շարունակում է մնալ բացառապես ՌԴ-ի «խաթեր», քանի որ այդ միավորման անդամ մյուս երկրներն այնքան էլ բարեհաճ չեն մեր նկատմամբ: «Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաեւ ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա ուղղակի անթույլատրելի է»,- ասել է նա: Ս. Սարգսյանի այս հայտարարությունները, իհարկե, պատահական չեն. բանն այն է, որ ՀՀ-ն բանակցում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ, եւ սպասվում է, որ շատ մոտ ապագայում այդ փաստաթուղթը կներկայացվի նախաստորագրման: Ու որպեսզի այս ամենը պաշտոնական Մոսկվայի մոտ խանդի տեղիք չտա, Ս. Սարգսյանը փորձում է նման ռեւերանսներ անել՝ հասկացնելով, որ Հայաստանը ՌԴ-ի կողքից չի հեռանա, ինչ էլ որ լինի:

Ի դեպ, Ս. Սարգսյանը եւ ԵԿՄ համագումարում, եւ ՊՆ-ում ունեցած ելույթներում հայտարարել է, որ եթե Ադրբեջանն օգտվի Հայաստանի նախընտրական վիճակից ու փորձի խախտել հրադադարի ռեժիմը կամ զինված ներթափանցման փորձեր անել, ապա Հայաստանը հակահարված կտա: Միայն թե մյուս կողմից Ս. Սարգսյանը ՊՆ-ում հիշել է սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում 2018թ. հետո Հայաստանն այլեւս գլխավոր-գերագույն հրամանատար չի ունենա: «Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում գլխավոր-գերագույն հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո՛, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլեւս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ»,- ասել է նա՝ այդպես էլ չփարատելով այդ մտահոգությունները:

ԼՂ խնդրի համատեքստում եւս մեկ ուշագրավ փաստ. Ս. Սարգսյանը ՊՆ-ում ունեցած ելույթում ասել է. «Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում, մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որեւէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չեն»: Ինչպես ասում էր մեր ժամանակների դասականը՝ «իյա, իրո՞ք»: Բա տեւական ժամանակ է՝ ժողովուրդը հենց դա է պնդում, որ այսօր Հայաստանում օրեցօր ավելացող գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, արդարադատության բացակայությունը, տնտեսության մեջ մենաշնորհները հետեւանք են իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության, հետեւանք են արատավոր համակարգի: Մինչդեռ իշխանությունները միաբերան հակառակն էին պնդում, թե այդ ամենի պատճառը շրջափակումն է, պատերազմական վիճակը եւ այսպես շարունակ: Այնինչ՝ հիմա իրենք էլ են ստիպված խոստովանելու՝ «ներքին թերությունները» կապ չունեն հարեւանների հետ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս