Անկարայի և Թեհրանի միջև լարվածությունը շարունակվում է. Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սիրիան և Իրաքը մասնատելու մտադրության համար Իրանին մեղադրելուց հետո 2 երկրների միջև սկսված լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում:

Hurriyet-ի հաղորդմամբ՝ նախօրեին Թեհրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի արտգործնախարարություն և խիստ զգուշացում ստացել այս անգամ արդեն արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարության կապակցությամբ:

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բեհրամ Քասըմին էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Թուրքիայի հարցում համբերատարություն ենք դրսևորում, սակայն մեր համբերությունը սահման ունի: Մենք Թուրքիայի ղեկավարությունից ակնկալում ենք, որ ուշադրություն դարձնեն Իրանի վերաբերյալ իրենց հայտարարություններին, որպեսզի այլևս նման բաներ չկրկնվեն: Եթե մեր թուրք բարեկամների կողմից կրկնվեն նմանատիպ հայտարարությունները, ապա մենք չենք լռի և պատասխանը կտանք»:

Հիշեցնենք, որ Անկարայի և Թեհրանի միջև կոշտ հռետորաբանությամբ ուղեկցվող լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Էրդողանը Բահրեյնում ելույթի ժամանակ Իրանին մեղադրեց Իրաքում և Սիրիայում կրոնական անհանդուրժողականություն հրահրելու և Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատանք տանելու մեջ:




Լրահոս