Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 87,6 տոկոսը, իսկ դեմ՝ 7 հազար 686 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս: Ըստ այդմ, ԼՂՀ հանրաքվեի ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողներին հայտնեց, որ Սահմանադրության նախագիծը համարվում է ընդունված:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման նախագահական համակարգի, իսկ դեռևս գործող Սահմանադրությամբ ԼՂՀ-ում կիսանախագահական համակարգ է գործում: Նշվում է, թե սահմանադրական փոփոխությունների նպատակը պետական կառավարման արդյունավետության բարձրացումն է:
Ըստ նախագծի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները և օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին:
Նման պարագայում Արցախում հատկապես մեծանում է գործադիր իշխանության կայունության հարցի ամրապնդումը, իսկ դա Արցախի պարագայում, հաշվի առնելով ԱԺ փոքրաքանակությունը, կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն:
Նշվում է, որ Արցախի համար նախընտրելի է կառավարման այնպիսի համակարգ, որը, հիմնված լինելով կառավարման նախագահական համակարգի հիմնական սկզբունքների վրա, այդուհանդերձ կկարևորի նաև խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը:
Հավելենք, որ ԼՂՀ ԱԺ-ում ընդգրկված հինգ խմբակցություններից երեքը կողմ են սահմանադրական փոփխություններին: