ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծախսերը պետք է լինեն հիմնավորված. վարչապետի հանձնարարականը` Հայաստանի զարգացման հիմնադրամին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը:

ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին:

Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի արդյունավետության, ծախսեր-արդյունքներ հարաբերակցության, հիմնավորվածության և արձանագրված ցուցանիշերի մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեից հիմնադրամին հատկացվող միջոցները պետք է ծախսվեն տրամաբանական և նպատակային՝ ծախսերի արդյունավետության մոնիթորինգի իրականացմամբ, իսկ միջոցներն ուղղվեն այն բիզնեսին, որն ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ:

«Ծախսերը պետք է լինեն հիմնավորված, պետք է լինի հստակ ձևակերպված փիլիսոփայություն ու նպատակ, թե ինչ արդյունք եք ուզում ստանալ», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի ղեկավարությանը, հաշվի առնելով խորհրդի անդամների դիտողությունները, հստակ ձևակերպել և խորհրդին ներկայացնել հայտանիշեր բոլոր ֆինանսական միջոցների օգտագործման ու ծախսման առումով: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրում պետք է ամրագրվեն կառավարության գերակա ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել:




Լրահոս